ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը օգոստոսի 25-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին ներկա է գտնվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինս միջոցառման ողջ ընթացքում եղել է Ս. Սարգսյանի կողքին նստած: Շքախմբի մեջ են եղել նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Նախ նշենք, որ այս միջոցառմանը եւս մասնակցել են միայն «ազատ, բայց պատասխանատու լրատվամիջոցների» յուրային լրագրողները: Ուստի «Ժողովուրդ»-ը կատարվածի մասին տեղեկություններ փորձեց ստանալ իր լավատեղյակ աղբյուրների միջոցով: Ըստ այդմ, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, իրար կողքի նստած, բավական ակտիվ զրուցել են: Բոլորից հեռու է իրեն «պահել» Իշխան Զաքարյանը: Նույն կերպ է իրեն պահել նաեւ Յուրի Վարդանյանը, որը մշտապես լարված փոխհարաբերություններ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ:
Հետաքրքրականն այն է, որ Գ. Ծառուկյանը մարզական միջոցառումների ժամանակ բավական ակտիվ շփվում է Ս. Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ն այս առթիվ զրուցեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ` պարզելու, թե, ի վերջո, ԲՀԿ-ն ինչ փոխհարաբերությունների մեջ է իր նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի հետ: «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, եւ սպորտային որեւէ իրադարձություն նրա ուշադրությունից դուրս չի մնում: Ես առաջարկում եմ, որ սպորտին վերաբերող իրադարձությունները չկապեք, չխառնեք ինչ-որ արարողակարգային գործողությունների հետ կամ ենթադրությունների ոլորտ մտցնեք»,-նշեց մամլո խոսնակը:
ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ՏՎԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ