Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում գրանցված արտակարգ դեպքերի թիվը նվազել է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսի նշեց ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել 2 հազար 264 արտակագ դեպք, ինչը 49-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պատահարների հետևանքով գրանցվել է 49 զոհ և 1755 տուժած, այս ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համապատասխանաբար նվազել է 32ով և 65ով:
Արտակարգ դեպքերը հիմնականում բաժին են ընկել թունավորումներին` 707 դեպք , ՃՏՊներին` 596 դեպք և հրդեհներին` 717: Ինչո՞վ է պայմանավորված արտակարգ դեպքերի նվազումը: Հարցին ի պատասխան Հովհաննես Խանգելդյանը ներկայացրեց մի քանի հանգամանք: «Նախ գարնան սկզիբը հանգիստ եղավ: Մարտին տարերային վտանգավոր գործոնների ակտիվացում չնկատվեց: Ապրիլին էլ ընդհանուր առմամբ հանգիստ էր: Ընդհանուր առմամբ, աշխատանքներ են տարվում արտակարգ դեպքերի նվազեցման ուղղությամբ, այդ համատեքստում կարևոր գործոն է մեր քաղաքացիների զգույշ, իրազեկ լինելը»,ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով, այս ուղղությամբ 911 ծառայությունը լուրջ աշխատանք է տանում: 2016 թվականի առաջին եռամսյակում 911 ծառայությունը ստացել է 533 հազար 257 ահազանգ, որը 120 հազարով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ըստ նրա` բարեբախտաբար դրանց գերակշիռ մասը կենցաղային բնույթ կրող արտակարգ գործոն չպարունակող զանգերն են:
«Շատ զանգեր ենք ունենում, որոնք չեն առնչվում ԱԻՆի գործառույթներին: Լինում են նաև զանգեր, որոնք ծիծաղելի և հետաքրքրաշարժ են: Մի տատիկ զանգահարել է և նշել, որ դուռը փակվել է, թող փրկարարները գան և բացեն: Օպերատորը հարցրել է, թե որն է փակվելու պատճառը, բանալին է կորցրել կամ փականն է խափանվել: Տատիկը պատասխանել է, որ ինքը ունի մի չարաճճի փիսիկ, որը հերթական անգամ իր դուրս գալուց հետո հետևից փակել է դուռը»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:
911 sms ծառայությունը գարնանային առաջին օրվա առիթով շնորհավորանք է ստացել հետևյալ գրառմամբ. «Շնորհավոր գարնան առաջին տոնդ քաղցրս, միշտ իմ գլխից անպակաս ու ինձ լսող»: Հետադարձ ահազանգով պարզվել է, որ երիտասարդն այդ շնորհավորնքն ուղղել է իր ընկերուհուն և պատահաբար ուղարկել է 911: Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ լինում են նաև անցանկալի բնույթի զանգեր, դրանք կեղծ, խոչընդոտ առաջացնող զանգերն են: Նրա փոխանցմամբ` քայլեր են ձեռնարկվում նման զանգերի թիվը նվազեցնելու համար: