Գերմանիայի խորհրդարանը մտադիր է ընդունել բանաձև Հայոց ցեղասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի խորհրդարանը մտադիր է ընդունել բանաձև, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կորակվեն որպես ցեղասպանություն: Այս մասին տեղեկացնում է Bild am Sontag-ը:

Թերթի տվյալներով՝ խորհրդարանական խմբակցությունները նման եզրակացության են հանգել «ինտենսիվ բանավեճերից հետո»: Ինչպես տեղեկացնում է թերթը՝ «Ի հիշատակ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության» մասին բանաձևը Բունդեսթագը մտադիր է քննարկել հունիսի 2-ին:

«Հավանաբար, դա կբարկացնի Անկարային, սակայն Բունդեսթագը թույլ չի տա, որ այնպիսի բռնակալ, ինչպիսին Էրդողանն է, շանտաժի ենթարկի իրեն»,-թերթին տված հարցազրույցում նշել է բանաձևի նախագծի հեղինակ, «կանաչների» համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Իր հերթին Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության ղեկավար Ֆոլքեր Քաուդերը կարծում է, որ բանաձևը կարող է նպաստել հայերի և թուրքերի հաշտեցմանը: «Մենք ցանկանում ենք օգնել այդ դեպքերի վերաիմաստավորման գործում՝ հաղթահարելու համար այն, ինչը բաժանում է հայերին և Թուրքիային»,- ասել է նա:




Լրահոս