ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՆԱԿՆԿԱԼ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության ֆոնին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 2-ին մեկնել էր Լեռնային Ղարաբաղ: Առաջին նախագահի այցը շատերի մոտ այն կարծիքը ձեւավորեց, որ Հայաստանը գնալու է զիջումների, քանի որ Տեր-Պետրոսյանը զիջումների կողմակից գործիչ է համարվում: Այս տեսակետին նպաստեց նաեւ վերջին օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի արած հայտարարությունը` կարգավորման «փուլային տարբերակի» շուրջ ՌԴ կողմից իրենց արված առաջարկների մասին, ինչին արձագանքած ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ «Հայաստանը դեմ չէ փուլային տարբերակին»:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, մայիսի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղ կատարած այցը շատերի մոտ այն կարծիքն է ձեւավորել, որ Հայաստանը պատրաստվում է զիջումների գնալ, քանի որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին զիջումների կողմնակից էր: Արդյո՞ք այս տեսակետը համապատասխանում է իրականությանը:
-Դա շատ պրիմիտիվ եւ իրականության հետ որեւէ կապ չունեցող մոտեցում է: Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ես, իմ քաղաքական ուժը բազում տարաձայնություններ ունենք ու ունեցել ենք առաջին նախագահի հետ: Շատ դեպքերում ինքը մեզ է քննադատել, մենք նրա գործողություններն ենք քննադատել, բայց ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի ապրիլյան պահվածքը հարգանքի արժանի էր: Տեր-Պետրոսյանը ե՛ւ իր ելույթով, ե՛ւ իր գրառումով, ե՛ւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումով, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իր այցով, ե՛ւ իր այն մտքով, որ համախմբվենք իշխանության շուրջ, այս պահին քարեր շպրտելու ժամանակը չէ, ապացուցեց մեկ բան, որ ինքը պետական գործիչ է: Պետական գործիչը տարբերվում է քաղաքական գործիչից: Քաղաքական գործիչը ամենուրեք տեսնում է իր քաղաքական, ներկուսակցական շահը, իսկ պետական գործիչը առաջնորդվում է պետական եւ ազգային շահերի գերակայությամբ: Ապրիլյան այս փուլը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետական գործիչ է: Նա հավասարակշռված, զուսպ իրականացնում է իր վրա դրված պարտավորությունները:
-Իսկ ըստ Ձեզ՝ Տեր-Պետրոսյանը ԼՂՀ կատարած իր այցով ո՞ւմ եւ ի՞նչ մեսիջներ էր ցանկանում հաղորդել:
-Նրա այցում երկու մեսիջ կար՝ ներքին եւ արտաքին: Ներքին մեսիջը այն է, որ առաջին նախագահը համախմբում է, գնում է եւ ասում, որ իշխանությունները զուսպ եւ ճիշտ են անում իրենց քայլերը՝ դրանով հանրությանը ցույց տալով, որ այսօր քարեր շպրտելու ժամանակը չէ, մի կողմ թողնենք թերությունները եւ միավորվենք իշխանության շուրջ: Դա շատ կարեւոր է, եւ ցանկացած նախագահի ժամանակ պետք է այդպես լինի: Եւ երկրորդը՝ նա մեսիջ է հղում միջազգային հանրությանը, Ադրբեջանին, Թուրքիային, որ մտքներիցդ հանեք, որ ես՝ որպես ռադիկալ ընդդիմություն, ճիշտ է՝ ունեմ բազում տարաձայնություններ Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների հետ, բայց հիմա այդ պահը չէ, եթե հայրենիքը վտանգի մեջ է, ես նույն խրամատի մեջ եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա իրական պետական մտածողություն ունեցող գործչի պահվածք է: Աստված տա, ամեն ինչ կխաղաղվի, ամեն ինչ նորմալ կլինի, իրենք կունենան իրենց կարծիքը, մենք կունենանք մերը: Բայց այն, որ Տեր-Պետրոսանը այս պատմական, դժվար պահին իրեն դրսեւորեց որպես առաջին նախագահ, փաստ է: Ես միայն կարող եմ դրական խոսքեր ասել:
-Պարո՛ն Շարմազանով, մայիսի 2-ից Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի տարբեր ուղղություններում զորքեր են կուտակում: Այս հանգամանքը ինչո՞վ է պայմանավորված: Արդյո՞ք Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում:
-Չեմ կարող ասել, որովհետեւ հիմա իրավիճակն այնպիսին է, որ որեւէ սցենար չեմ կարող կանխատեսել: Ես հուսով եմ, որ առողջ տրամաբանությունը կհաղթի, համանախագահ երկրները, միջազգային հանրությունը Ադրբեջանին ցույց կտան իր տեղը, եւ Ադրբեջանը չի գնա նոր ավանտյուրայի, նոր ագրեսիոն ահաբեկչական պատերազմի ԼՂՀ ժողովրդի դեմ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ապրիլյան չորսօրյա պատերազմում Ադրբեջանը ձախողվեց թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատում, ամեն դեպքում մեզ համար այլեւս ոչ մի բան չպետք անակնկալ լինի, եւ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Այս իմաստով ես չեմ կարող հաշվարկել Ադրբեջանի իշխանությունների քայլերը, որովհետեւ դրանք տրամաբանությունից դուրս են, եւ երկար ժամանակ է, որ այդպես է:
Այստեղ խնդիր կա, երեք քայլ պետք է արվի, ինչի մասին մեր նախագահը խոսել է: Հետաքննության մեխանիզմների կիրառում, որպեսզի վստահությունն ավելանա: Դրանից հետո հասցեական գնահատականներ, թե ով է խախտում հրադադարը, ով է պատերազմ հրահրում, եւ երրորդ` երաշխիքները: Այս երեք քայերը պետք է կատարվեն, եւ դրանից հետո կարող ենք շարունակել բանակցությունները: Բայց քանի դեռ այս երեք քայլերը չեն կատարվել, մեր երեխեքի վրա կրակում են, ինչի շուրջ բանակցենք:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՏՔԻ «ԳՈՀԱՐՆԵՐԸ»
Մայիսի 4-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզեր: Տավուշի մարզում վարչապետը եղել է Բագրատաշենի նոր կառուցվող սահմանային անցակետում, ծանոթացել կատարվող աշխատանքներին, Զորական գյուղում այցելել է Արցախում զոհված Գարիկ Մովսիսյանի ընտանիքին: Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին սպասում էին քաղաքի Ազատության հրապարակում: Սակայն վարչապետը հայտարարվածից մեկ ժամ ուշ եկավ, նրա ժամանումից անմիջապես հետո տեղատարափ անձրեւ սկսվեց, ուստի հանդիպումը կայացավ քաղաքի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում:
Հանդիպման ընթացքում մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ Նոյեմբերյանի սեփականաշնորհված հողերը գտնվում են Ադրբեջանի սահմանագոտում, ուստի Նոյեմբերյան քաղաքը պետք է ավելացնել Տավուշի մարզի սահմանամերձ, արտոնություններից օգտվող 24 համայնքների ցանկին: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դա բյուջեի համար լրացուցիչ բեռ կլինի, հավաստիացրեց, որ հարցը կառավարությունում կքննարկվի, սակայն չխոստացավ այն լուծել: Վարչապետն անդրադարձավ Արցախին եւ Հայաստանի սահմանագոտուն՝ կարեւորելով ազգի համախմբումը: Նա ասաց. «Ադրբեջանցիների կարծիքով` 2 օրում պիտի Ստեփանակերտը ազատեին: Իրենց ծրագիրը դա է եղել, ժողովո՛ւրդ: Եվ այդ անսպասելի, նենգ հարձակումը ձախողվեց»: Տարակուսելի է, թե ինչու, խոսելով ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտը գրավելու մտադրության մասին, վարչապետն օգտագործեց «ազատել» բառը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի սոցիալական խնդիրները լուծելու համար իրենք ձգտում են եղած սակավ ռեսուրսներն արդյունավետ օգտագործել եւ ներկաներին խորհուրդ տվեց չհավատալ «պատվիրատու լրատվամիջոցներին», որոնք կեղծ տեղեկություններ են հրապարակում: Նա հավաստիացրեց, որ իրենք հետեւում են մամուլի օբյեկտիվ հրապարակումներին, պաշտոնը, լիազորությունները չարաշահող պաշտոնյաները պատժվում են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում եւ այդ պաշտոնյաները դատապարտվում են` այդպես էլ չներկայացնելով վերջին շրջանում դատապարտված գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի անուն: Նոյեմբերյան քաղաքից հետո վարչապետն ու նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի եւ Ոսկեվան գյուղեր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ «ՍԿՈՉՈՎ» ՓԱԹԱԹԱԾ ԵՆ ԹԱՂՈՒՄ

«Մեզ խաբում են, թե երեխայի դիակը լվացվել, պատանվել է, տանենք` թաղենք: Մենք դագաղը մեծ համառությամբ բացեցինք եւ տեսանք, որ երեխան ամբողջությամբ «սքոչով» փաթաթված է: Ստացվում է, որ զինվորներին «սքոչով» փաթաթում, թաղում են: Ընտանիքներին էլ խաբում են, թե լվացվել, պատանվել է…»:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է անցյալ տարվա հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գեդաբեկում տեղակայված զորամասերից մեկում մահացած զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբարհիմովի մայրը: Անցյալ տարվա հունիսի 13-ին Գեդաբեկի զորամասից Սումգայիթի Քիմիագործների ավանում բնակվող Իբրահիմովների ընտանիքը ստանում է իրենց որդու մահվան լուրը: 2 օր հետո ծնողներին են ուղարկում զինվորի «ցելոֆանով» փաթաթված դիակը, 3 օր հետո էլ զորամասի հրամանատարի ստորագրությամբ ծանուցագիր են ստանում, որտեղ գրված էր. «Զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբրահիմովը 2015 թվականի հունիսի 13-ին զորամասի 3-րդ գումարտակին կից տարածքի ոչ բնակելի հատվածում իրեն կախել, մահացել է»:
Զինվորի ընտանիքն առաջին իսկ օրվանից չի համաձայնում այդ վարկածին. զինծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, Ֆաիգը չէր կարող ինքնասպան լինել: Ֆաիգի մայրը պատմում է, որ սպանությունից մի քանի օր առաջ երեխան հեռախոսով հայտնել էր, որ իրեն պարտադրում են 850 մանաթ փող վճարել, իբր կորցրած ավտոմատի ինչ-որ մասի դիմաց, այն դեպքում, երբ հերթապահությունից հետո ինքը ավտոմատը հանձնել է սարքին վիճակում: «Հետաքննության ժամանակ քննիչից պահանջեցինք պարզել հարցը: Նա էլ, թե «մեռելին կենդանացնել, այդ մասին նրանից հարցնելու հնարավորություն չունեմ» ¬ասում է նա: Ֆաիգ Իբրահիմովի մահվան փաստով Ղազախի ռազմական դատախազությունում քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է սկսվել:




Լրահոս