Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի մասին գրեթե բոլոր հիշատակումները հիմնականում վերաբերում են սահմանին, առաջնագծում կանգնած զինվորներին: «Ժողովուրդ»-ը Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ զրուցեց նաեւ այդ հանրապետության տնտեսական խնդիրների շուրջ:
-Պարո՛ն Հարությունյան, Արցախում գործունեություն ծավալող գործարարները կամ սկսնակներն ի՞նչ արտոնություններ ունեն:
-Տնտեսության զարգացումը եղել է վերջին տարիների մեր հիմնական նպատակը, տնտեսական աճը՝ մեր հիմնական թիրախը, դե, իսկ մեր զարգացումը բնութագրող ցուցանիշներին նայելով՝ կարելի է ասել՝ հաջողել ենք: Տնտեսական զարգացման այդ ընթացքը կարող ենք դիտարկել երկու մակարդակներում՝ խոշոր մակարդակ եւ փոքր ու միջին մակարդակ: Կան խոշոր նախագծեր հանքարդյունաբերությունում, արտադրությունում եւ մի շարք այլ ոլորտներում, որոնք, այսպես թե այնպես, ապահովելու են տնտեսական կայուն աճ: Իսկ, ահա, 2-րդ մակարդակում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունում եւս զգալի հաջողություններ ենք գրանցել, որոնք եւս կարեւոր են հատկապես աշխատատեղերի ստեղծման, սոցիալական լարվածության թուլացման տեսանկյունից:
-Հայաստանի Հանրապետությունում գրեթե ցանկացած արտադրություն իրացման հետ կապված խնդիր ունի: Արցախում ինչպե՞ս եք կարգավորում հարցը:
-Այդ խնդիրը մենք էլ ունենք հատկապես գյուղմթերքների արտադրության եւ վերամշակման ուղղություններում: Իհարկե, մեր պետական հիմնադրամներով բավականաչափ ծրագրեր ենք իրականացնում՝ տարբեր միջոցառումների, աջակցության ծրագրերի եւ պետական մասնակցությամբ տեղական արտադրանքի արտահանումը խթանելու տեսքով: Ամեն հնարավոր մեխանիզմ կիրառում ենք: Մեկ ստանդարտ գործիքակազմ չունենք, հեշտությամբ փոխում ենք այն՝ իրավիճակից ելնելով: Իրականացնում ենք բավականին ճկուն քաղաքականություն՝ ընդհուպ մինչեւ արտադրողների օպերատիվ լուծումներին մասնակցելով: Անթույլատրելի ենք համարում ցանկացած ձեւավորված արտադրության ձախողումը, դադարեցումը:
-Ունե՞ք պատկեր, թե ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ինչքան վնաս կրեցինք:
-Դժվար է լինելու հաշվել: Կկարողանանք մոտավոր գնահատական տալ, երբ տնտեսական տարին ամփոփենք, քանի որ կրած կորուստները չեն սահմանափակվում միայն ուղիղ վնասներով, այլ պետք է աչքի տակ ունենալ նաեւ անուղղակի կորուստները, որոնք ժամանակի ընթացքում են դրսեւորվելու: Համոզված եմ, որ վերջին ռազմական գործողությունները տարիների ընթացքում ազդեցություն են թողնելու ներդրողների վարքագծի վրա թե՛ բացասական, թե՛ դրական առումով: Ժամանակի ընթացքում կհասկանանք, թե ինչով է այս պատերազմը խանգարելու տնտեսությանը, կամ ինչքանով է մեր հայրենակիցներին զգաստացնելու Արցախում ներդրումներ անելու հարցում:
Լինելու են մարդիկ, ովքեր հայրենասիրական մղումներից ելնելով՝ փորձելու են ներդրումներ անել Արցախում, լինելու են մարդիկ, ովքեր խուսափելու են ներդրումներից: Այստեղ շատ կարեւոր է լինելու բանկային համակարգի գնահատականը եւ հետագա քայլերը: Արդյո՞ք նրանք դիտելու են Արցախն ավելի ռիսկային, թե հակառակը: Դա երկար կտեւի: Այս պահին կարող եմ ասել, որ այսօր արդեն բացասական երեւույթ ունենք: Գարնանացանի ռեժիմն այս տարի խախտվել է, որի խթանման առումով ծրագրեր էինք մշակել, բայց չստացվեց կամ մասնակի ստացվեց:
-Քաղաքական շրջանակներում մշտապես խոսվում է այն մասին, որ քառօրյա պատերազմը մեզ սթափվելու առիթ եւ անհրաժեշտություն տվեց: Ինչքանո՞վ է սթափվել Արցախի իշխանությունը, ի՞նչ բացթողումներ նկատեց իր գործունեության մեջ եւ ի՞նչ հետեւություններ եք արել:
-Սթափվել պետք է ոչ միայն իշխանություններին, այլ նաեւ մեր հայրենակիցներին, այդ թվում եւ սփյուռքում: Մենք միանշանակ դասեր ենք քաղել, չնայած միշտ զգում էինք, որ վտանգը կա: Իսկ վեջին 2-3 տարվա լարվածությունը հուշում էր, որ անկախ իրավիճակից՝ լինելու են կարճաժամկետ եւ միգուցե նաեւ երկարաժամկետ մարտական գործողություններ: Մեզ համար դա այդքան էլ անակնկալ չէր, բայց, բնականաբար, այժմ հետեւություններ անելու կարիք կա:
Իհարկե, ունենք բավականին մեծ բացթողումներ, կան նաեւ սխալներ, բայց բացթողումներն ավելի շատ են, քան սխալները: Եվ համոզված եմ, որ սա սառը ցնցուղ է լինելու մեզ՝ ոչ միայն իշխանությունների, այլեւ բոլորիս համար: Մենք, որպես քաղաքացիներ ու հայեր, գիտակցելու ենք մեր առաքելության իմաստը, որ այս հնարավորությունն ունեինք ոչ միայն հաղթելու 90-ականների մարտական գործողություններում, այլ նաեւ տասնամյակների ընթացքում պահելու եւ զարգացնելու մեր ունեցածը: Այս համատեքստում պետք է նշել, որ պատմության մեջ մեր խնդիրը երբեմն այն է եղել, որ հաղթել ենք, սակայն ինչ-որ ժամանակահատվածում հնարավոր չի եղել դա պահել, պաշտպանել, զարգացնել: Այսինքն՝ հիմա էլ անելիքներ ունենք ինքնակազմակերպման առումով:
-Ունեցանք 100 զոհ, ինչպե՞ս ենք «հատուցելու», որ հնարավոր լինի արդարացման փորձեր անել:
-Չէի ուզի այդպես դիտարկել հարցը, 1 զոհն էլ շատ է, բայց երբ հակառակորդդ ե՛ւ քանակական, ե՛ւ որակական առումով նման ծավալով զինված է, հարձակում է գործում, ենթադրելի է, որ կորուստներ կունենայինք: Իհարկե, բացի դրանից, մենք կարող ենք նաեւ ասել, որ մի քանի դիրք ենք կորցրել եւ այլն, բայց եկեք, նայեք հակառակորդի կորուստները՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական: Պատերազմ է, եւ պետք է կորուստները համեմատության մեջ նայել:
– Զոհվածների ընտանիքների անդամներին հանդիպե՞լ եք, ի՞նչ եք ասել նրանց:
-Մեր զոհերի հարազատներից շատերի հետ հանդիպում եւ շփում եմ ունեցել, զգում եմ, որ իրենք հասկանում են, որ իրականում նրանք պաշտպանել են մեր սահմանները: Մենք հետո ավելի մանրամասն կգնահատենք այս իրավիճակը: Մենք կարող էինք կորցնել շատ ավելին, բայց, փառք աստծո, 4 օրում մեր հերոսների շնորհիվ մենք կարողացանք պաշտպանել հայրենիքը, իսկ հայրենիքի պաշտպանությունը, ցավոք, միշտ զոհաբերություն է պահանջում:
Նշեմ նաեւ, որ 21-րդ դարում, այսպիսի հագեցվածությամբ զինտեխնիկայի առկայության դեպքում ամեն մի օր կարող է զոհեր պահանջել: Մենք պետք է գիտակցենք, որ եթե նորից լինեն մարտական գործողություններ, պատերազմ, նոր զոհերն անխուսափելի են լինելու:
-Ստացվում է, որ ամեն օր տալիս ենք 1 կամ 2 զոհ, բայց խնդիրը չի լուծվում: Դուք ինչպե՞ս եք տեսնում հիմնահարցի կարգավորումն այս փուլում:
-Դեռ չի զգացվում՝ առաջիկայում բանակցությունների արդյունքում հաջողություններ հնարավոր են, թե ոչ: Պետք է հակառակորդը գոնե համարձակություն ունենա հետ քաշելու մարտական տեխնիկան կամ դիպուկահարներին եւ խուսափել հետագա զոհերից: Մենք պետք է երկիրը (նախ՝ առաջնագիծը) այնպես կառուցենք, որ նվազեցնենք հնարավոր կորուստների քանակը:
Այսօր դա հնարավոր է, եւ հիմա ծավալուն աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Եթե Դուք եղել եք առաջնագծում, 3 ամիս հետո նորից եկեք եւ կտեսնեք այդ փոփոխությունը: Երկիրը պետք է պատրաստ լինի, որ կարող է՝ երկար ժամանակ բանակցային գործընթաց լինի, երկար ժամանակ լարված իրավիճակ լինի: Բայց դա չպետք է մեր տրամադրության վրա բացասականորեն անդրադառնա, որովհետեւ դա է պահանջում հայրենիքի պաշտպանությունը:
-Այսօր Արցախի օրակարգում կա՞ այդ դիրքերի վերանվաճման հարցը:
-Հասկանալով իրավիճակը՝ կոնկրետ ես չեմ տեսնում այդ դիրքերի հարցը առաջիկայում անպայման լուծելու անհրաժեշտությունը: Երբ պահը գա, ոչ միայն այդ դիրքերի, այլ նաեւ այլ դիրքերի խնդիր կդրվի, եւ մարտական գործողություններ սկսելու դեպքում պաշտպանության բանակն ունի իր մշակած ծրագիրը:
-Սերժ Սարգսյանի հրամանագրով երեք գեներալներ ազատվեցին աշխատանքից: Որոշակի չարաշահումներ էին հայտնաբերվել, եւ ըստ տեղեկությունների՝ պաշտոնանկություններ էլի են լինելու: Նման խնդիր Արցախի բանակում կա՞:
-Բացթողումներ ամեն տեղ էլ կան, ոչ միայն բանակում, այլեւ կառավարման համակարգում, ցանկացած կառույցում: Չպետք է դա ընդհանուր թիրախ դարձնել եւ անընդհատ դրա մասին խոսել: Իհարկե, ե՛ւ ՀՀ ՊՆ-ում, ե՛ւ Արցախի բանակում, ե՛ւ ամբողջ երկրում կան սխալներ, եւ որ ասում ենք դասեր քաղել, հենց այդ խնդիրների լուծումն է նպատակը: Ես չեմ կարծում, որ մեր պաշտպանության բանակը չի կատարել իր առջեւ դրված խնդիրը:
Հակառակը՝ փայլուն է կատարել, որովհետեւ հանկարծակի հարձակման դեպքում կարողանալ այդքան կարճ ժամանակահատվածում վերահսկել իրավիճակը եւ կորցրած դիրքերի մեծ մասը հետ վերցնել, արդեն իսկ մեծ հաջողություն է: Նույնիսկ 2-րդ համաշխարհային պատերազմի օրոք, երբ Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց եւ կարճ ժամանակահատվածում հասավ Մոսկվա: Եվ սովետական այդ հզոր երկիրը շատ ուշ ուշքի եկավ, ուշ կարողացավ կազմակեպվել: Այսինքն՝ հարձակվողը միշտ ունի առավելություն, սա միշտ պետք է հաշվի առնել:
-Մենք երբեւէ կորդեգրե՞նք հարձակողական տակտիկա՝ այդ առավելությունն ունենալու համար:
-Դա արդեն քաղաքական պրոցեսների արդյունքում:
-Հայաստանյան նախարարները երբ գալիս են Արցախ եւ կամուֆլյաժ հագնելով՝ բարձրանում են դիքեր, ի՞նչ է տալիս դա արցախցուն:
-Եթե Հայաստանում դա ընկալվում է, թե իբր գալիս Արցախ եւ նկարվում են, դա այդպես չէ, հակառակը: Ղարաբաղի սահմանի զինվորը սպասում է դրան, որ պաշտոնյան կամ գործարարը գան արժեւորելու մեր զինվորի եւ կամավորականի առաքելությունը: Դրանում վատ բան պետք չէ տեսնել: Թե ինչքանով է այդ պաշտոնյան կամ գործարարն իր պարտավորոթյունները կատարում իր գործում, դա հարցի մյուս կողմն է: Բայց այն, որ զինվորը սպասում է նրանց, միանշանակ է:
Զրուցեց Թագուհի Թովմասյանը