Armenian text to speach

Մերցի բացակայությունը, Ալիևի ԵՄ-ին քննադատությունը և ԵՄ առաջնորդների լարված քննարկումները․ Euronews-ի վերլուծությունը Երևանում կայացած գագաթնաժողովի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը լայն արձագանք է ստացել միջազգային մամուլում։ Euronews-ը հրապարակել է ծավալուն վերլուծություն՝ առանձնացնելով հանդիպման 6 հիմնական հետևությունները՝ ընդգծելով Եվրոպայի քաղաքական և անվտանգային նոր իրողությունները։

Միջազգային լրատվամիջոցը նշում է, որ EPC ձևաչափը, որը ստեղծվել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ֆոնին, չունի պարտադիր որոշումներ կամ իրավական փաստաթղթեր, սակայն դարձել է կարևոր հարթակ քաղաքական քննարկումների, երկկողմ հանդիպումների և ոչ պաշտոնական բանակցությունների համար։

Եվրոպական առաջնորդների բացակայություններ և լարված քաղաքական ֆոն

Euronews-ը հատուկ ուշադրություն է դարձնում գագաթնաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի բացակայությանը՝ այն գնահատելով որպես հանդիպման կարևոր քաղաքական բաց թողում։

Լրատվամիջոցը գրում է, որ նման բացակայությունները հաճախ նույնքան ազդեցիկ են, որքան ներկա առաջնորդների ելույթները՝ ձևավորելով գագաթնաժողովի քաղաքական ենթատեքստը։

Միաժամանակ նշվում է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ի միջև առկա որոշ լարվածություններ նույնպես իրենց ազդեցությունն են ունեցել քննարկումների վրա, ինչի ֆոնին եվրոպացի պաշտոնյաները խուսափել են կտրուկ հայտարարություններից։

Մարկ Քարնիի մասնակցությունը՝ առաջին ոչ եվրոպացի առաջնորդ EPC-ում

Հրապարակման երկրորդ առանցքային կետը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունն է, որը պատմական է համարվում, քանի որ նա առաջին ոչ եվրոպացի առաջնորդն է, ով մասնակցել է EPC ձևաչափին։

Euronews-ը գրում է, որ Քարնին ակտիվորեն ներգրավվել է քննարկումներին և իրեն ներկայացրել է որպես կանոնների վրա հիմնված միջազգային կարգի կողմնակից՝ շեշտելով ժողովրդավարության, իրավունքի գերակայության և բազմակարծության արժեքները։

Նա նաև ընդգծել է Եվրոպայի և Կանադայի միջև «ընդհանուր ապագայի» գաղափարը՝ հայտարարելով, որ միջազգային կարգը պետք է վերակառուցվի Եվրոպայի դերակատարությամբ։

Ուկրաինայի պատերազմը՝ քննարկումների կենտրոնում

Euronews-ը ընդգծում է, որ Ուկրաինայի պատերազմը շարունակում է մնալ EPC ձևաչափի հիմնական օրակարգային թեման։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գագաթնաժողովի ընթացքում անցկացրել է մի շարք երկկողմ հանդիպումներ և կոչ արել մեծացնել ռազմական աջակցությունը, ինչպես նաև արագացնել ԵՄ անդամակցության գործընթացը։

Նա նաև նշել է, որ Եվրոպան պետք է ձևավորի միասնական դիրքորոշում Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների հարցում՝ ընդգծելով, որ առանց Եվրոպայի մասնակցության նման գործընթացը չի կարող արդյունավետ լինել։

Քաղաքական լարվածություններ և հակադարձումներ

Euronews-ը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի նախագահի ելույթին՝ նշելով, որ այն ուղեկցվել է Եվրոպական խորհրդարանի հասցեին քննադատություններով։

Լրատվամիջոցը նշում է, որ այս իրավիճակին արձագանքել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ պաշտպանելով ինստիտուտի դիրքորոշումը և ընդգծելով, որ այն գործում է ժողովրդավարական քվեարկության հիմքով։

Եվրոպայի էներգետիկ կախվածությունները՝ աճող խնդիր

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Եվրոպայի էներգետիկ և տնտեսական կախվածությունների հարցը։

Euronews-ը նշում է, որ Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների դադարեցումից հետո Եվրոպան հայտնվել է էներգետիկ խոցելիության վիճակում, իսկ Մերձավոր Արևելքում զարգացումները ավելի են խորացրել այդ խնդիրը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ էներգետիկ կախվածությունները Եվրոպան դարձնում են արտաքին ցնցումների նկատմամբ զգայուն, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտել է Չինաստանից և ԱՄՆ-ից տնտեսական կախվածության ռիսկերը։

ԵՄՄեծ Բրիտանիա հարաբերությունների նոր փուլ

Euronews-ի վերլուծության մեջ առանձնացվում է նաև ԵՄ–Մեծ Բրիտանիա հարաբերությունների վերագործարկման գործընթացը։

Կողմերը քննարկել են համագործակցության նոր մեխանիզմներ, այդ թվում՝ Ուկրաինային ֆինանսական աջակցության ծրագրերին Միացյալ Թագավորության հնարավոր մասնակցությունը։

Նշվում է, որ սա կարող է դառնալ Brexit-ից հետո հարաբերությունների աստիճանական «վերաբեռնման» նոր փուլ։

Euronews-ը եզրակացնում է, որ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ցույց տվեց՝ Եվրոպան գտնվում է խորքային փոփոխությունների փուլում։

Միջազգային լրատվամիջոցը ընդգծում է, որ անվտանգության, էներգետիկ անկախության, արտաքին քաղաքականության և տնտեսական դիմակայունության հարցերը դարձել են եվրոպական օրակարգի առանցքային ուղղություններ, իսկ նման ձևաչափերը գնալով ավելի կարևոր են դառնում գլոբալ քաղաքականության մեջ։

Անի Վարդանյան




Լրահոս