Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Մակրոնը չայցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«8 տարի առաջ ոչ ոք չէր այցելում Հայաստան, և այն փաստը, որ մենք այսօր ունենք բազմաթիվ այցեր դեպի Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։ 8 տարի առաջ այս երկիրը դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ»։ Մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վերջին 8 տարիներն այսպես է բնութագրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունը Հայաստանում քննարկումների նոր ալիք է բարձրացրել։ Մակրոնի հայտարարությունները հերքում են արդեն իսկ արձանագրված պատմական փաստերը։

Փաստ է, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորվել են ոչ թե անձերի, այլ պետական քաղաքականության և փոխադարձ շահերի հիման վրա։ Եվ արձանագրված փաստ է, որ տարբեր իշխանությունների ժամանակ Հայաստան են այցելել Ֆրանսիայի նախագահներ, այդ թվում՝ հենց ինքը՝ Էմանուել Մակրոնը։

Հայաստանում պետական այցերով են եղել Ֆրանսիայի նախագահներ՝ Ժակ Շիրակը՝ 2006 թվականին, Նիկոլա Սարկոզին՝ 2011 թվականին, Ֆրանսուա Օլանդը՝ 2014 թվականին և Էմանուել Մակրոնը՝ 2018 թվականին։

Այս այցերը տեղի են ունեցել տարբեր քաղաքական փուլերում, ինչը հստակ ցույց է տալիս, որ Ֆրանսիայի ներգրավվածությունը Հայաստանում բնավ պայմանավորված չէ կոնկրետ իշխանությամբ կամ անձով։

Ավելին՝ Մակրոնը հակասում է հենց ինքն իրեն․ հենց նա էր 2018 թվականին այցելել Երևան՝ մասնակցելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը հաստատվել էր 2017 թվականին, այսինքն՝ նախորդ իշխանությունների ժամանակ։

Հարկ ենք համարում ընդգծել նաև այն, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում ձևավորված դիվանագիտական հստակ ավանդույթ կա․ այն է՝ Ֆրանսիայի նախագահներն իրենց այցերի ընթացքում այցելում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով հայ-ֆրանսիական ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր կապերը։

Սակայն 2026 թվականի Ֆրանսիայի նախագահի այս այցը կտրուկ տարբերվեց այն առումով, որ Մակրոնը չայցելեց Մայր Աթոռ, փոխարենը սահմանափակվեց Ծիծեռնակաբերդ և Մատենադարան այցելելով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առաջարկ արե՞լ է ՀՀ գործող իշխանությունը, թե՞ ոչ՝ հստակ ասել չենք կարող, բայց կարող ենք ենթադրել՝ դատելով ՀՀ գործող իշխանության վերաբերմունքից Եկեղեցու, հատկապես՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ։

Ի վերջո, Հայաստան են այցելել ոչ միայն Ֆրանսիայի, այլև եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդներ՝ անկախ իշխանությունից։ Այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին՝ 2011 թվականին, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը՝ 2005 թվականին, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը՝ 2014 թվականին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ 2012 թվականին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ 2015 թվականին։

Հատկանշական է նաև այն, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան են այցելել 60-ից ավելի պատվիրակություններ։

Այսպիսով, առաջանում է հակասություն՝ քաղաքական հայտարարությունների և պատմական փաստերի միջև։

Իսկ հարցը մնում է բաց՝ արդյոք նման ձևակերպումները արտացոլո՞ւմ են իրականությունը, թե՞ ավելի շատ ծառայում են քաղաքական կոնտեքստին։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս