Դեռեւս մայիսի 25-ին Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որում այդպես էլ տեղ չգտան ընդդիմության եւ քաղհասարակության ներկայացրած հիմնական պահանջները: Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ առաջիկայում ընտրական նոր օրենսգրքի շուրջ կսկսվեն նոր բանակցություններ` վերջնական կոնսենսուսի հասնելու համար:
Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւս չթաքցրեց դա. «Սահմանադրությունը նախատեսում էր 3/5, բայց Ընտրական օրենսգիրքն ընդունվեց 4/5-ով: Իհարկե, ես կցանկանայի, որ այն ընդունվեր 5/5-ով»,- նշեց նա:
Իհարկե, մի կողմից գովելի է, որ իշխանության ներկայացուցիչները զիջում են իրենց ընդդիմադիր գործընկերներին եւ եւս մեկ անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստում նրանց հետ` կոնսենսուսի հասնելու համար, բայց պետք է նկատենք, որ այս ամենը կարելի էր սահմանված ժամկետներում իրականացնել եւ Հայաստանի համար կարեւորագույն փաստաթղթերից մեկի քննարկումներն ու ընդունումը չվերածել «տունտունիկի»: Ինչեւէ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունների ընթացքում ակնկալվում են լուրջ փոփոխություններ, որոնց մասին, սակայն, իշխանական գործիչները չեն շտապում խոսել: Հավելենք, որ այստեղ միջազգային կառույցները եւս լուրջ դերակատարություն ունեն, քանի որ վճռական կերպով հորդորել են հայկական կողմին մինչեւ սեպտեմբեր ընդդիմադիր ուժերի հետ հասնել միասնական եզրակացության, որից հետո միայն պատրաստ կլինեն համապատասխան ֆինանսավորումն ապահովել: Այս գործում մասնավորապես աջակից են արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ԸՕ վերաբերյալ առաջիկա բանակցությունների շուրջ «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, ինչո՞ւ իշխանությանը չհաջողվեց այնպիսի Ընտրական օրենսգիրք ընդունել, որից թե՛ հասարակությունը, թե՛ ընդդիմությունը եւ թե՛ միջազգային կառույցները գոհ կլինեին: Փոխարենը սահմանված ժամկետում կարողացանք ընդունել այնպիսի տարբերակ, որ հիմա կարիք կա ընդդիմության հետ վերստին գնալ բանակցությունների` կոնսենսուսի հասնելու համար:
-Հարցադրումը ես խնդրում եմ ավելի ճիշտ տալ: Ընտրական օրենսգրքում կան կետեր, որոնք ընդունելի են մեր կողմից, որոնք որ առաջարկել է ընդդիմությունը: Կա միջազգային կառույցների հետ կապված խնդիր, ֆինանսավորման խնդիրներ կան, եւ կան եթեներ: Եթե կա ֆինանսավորում, մենք դեմ չենք տեսանկարահանող սարքերին, ID քարտերին, եւ այդ բանակցությունները շարունակվում են: Կար ժամկետների հետ կապված խնդիր, եթե լինի ֆինանսավորումը, կարող ենք հասցնել, արդյոք, բոլորին ապահովել նույնականացման քարտերով: Մենք հաշվարկներ կատարեցինք եւ ասեցինք՝ այո, մենք պատրաստ ենք, կհասցնենք վեց ամսվա ընթացքում ապահովել: Այսինքն՝ մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները պատրաստ ենք որոշ կետեր ժամանակի իմաստով հասցնել, եթե կլինի ֆինանսավորում:
-Ամեն դեպքում, որպես իշխանություն՝ Դուք պարտավոր էիք այդ ամբողջը հաշվի առնել՝ անելիքի եւ ժամկետների առումով, եւ հնարավորության դեպքում այդ հարցերի լուծումը տալ մինչեւ հունիսի 1-ը:
-Այս բանակցությունները ոչ թե մենք նոր որոշեցինք, որ պետք է շարունակենք, այլ ի սկզբանե որոշել էինք, եւ ցանկացած բան կարող է փոփոխություններ կրել: Հիմա այդ բանակցությունները ոչ միայն մեր եւ ընդդիմության քաղաքական ուժերի մեջ են, այլեւ միջազգային կառույցների հետ: Եթե կլինի այդ որոշակիությունը, որ այս, այս, այս կետերի շուրջ իրենք պատրաստ են ֆինանսավորել, կամ կարող ենք հայթայթել այդ գումարները, բնականաբար մենք պետք է մտնենք, շատ արագ փոփոխություններ կատարենք եւ գնանք առաջ: Դրան է վերաբերում խնդիրը, եւ դեռ 2016 թվականին էլ, 2017 թվականին էլ, 2017 թվականի ընտրություններից հետո էլ ընտրական օրենսգրքի հետ կապված մենք պատրաստ ենք բանակցությունները շարունակել:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ
Ազգային ժողովի՝ երեկվա արտահերթ նիստում շարունակվեց հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Պարզվեց, որ նոր օրենսգրքից դժգոհ են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական պատգամավորները:
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով գարեջրի արտադրությամբ է զբաղվում /«Կիլիկա» գարեջրի գործարանի սեփականատերն է/, եւս բացասական երանգներով խոսեց նախագծի մասին: Նա հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե ինչո՞ւ է վերացվել կապարակնքման դեպքում տնտեսվարողի աշխատանքին չխոչընդոտելու պայմանը:
«Ինչու մեկ տարի քննարկված ու հավանության արժանացած եկամտային հարկի 20 տոկոս դրույքաչափը անսպասելիորեն փոխվեց, եւ տոկոսադրուքներն ավելի բարձրացան: Նախագծով առաջարկվում է կիրառել ԱԱՀ շրջանառու տարաների վրա: Ես ասեմ, որ շրջանառու տարան օգտագործվում է 6 անգամ»,- նկատեց Հակոբյանը:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Միրումյանը նշեց, որ կապարակնքման մասով խոսքը վերաբերում է առանց ուղեկցող թղթերի ապրանքների մատակարարման դեպքերին, իսկ շրջանառու տարան հարկվում է այն պարագայում, երբ այն օտարում են անմիջական արտադրողն ու իրացնողը:
Պատգամավորը խորհուրդ տվեց հարկային մարմիններին այցելել գործարաններ ու տեղում ամեն ինչ տեսնել, ոչ թե հայտարարել, որ չեն վստահում գործարարներին: «Այս օրենքն այս տեսքով մեզ օգուտ չի տա, վնասից բացի: Ես դեմ չեմ քվեարկի այս օրենքին, բայց կողմ էլ չեմ քվեարկելու: Ես ձեռնպահ կքվեարկեմ, եթե երկու ամսվա ընթացքում չկարողանանք շտկել հարկային նոր օրենսգիրքը»,- ասաց Հակոբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նախագծի հետ կապված այլ խնդիր բարձրացրեց: Նրա խոսքով հարկային նոր օրենսգիրքը ներկայացվում է ԱԺ` առանց հանրային քննարկման, առանց ժամանակ տալու, որ պատգամավորները հասցնեն լրջորեն ուսումնասիրել այն: Բայց վերջինս նաեւ իր գոհունակությունը հայտնեց, որ Միրումյանը այցելել է ՀԱԿ խմբակցություն եւ պատասխանել ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամների հարցերին:
Զուրաբյանի խոսքով՝ այս պահին ամենամեծ խնդիրը անուղղակի հարկերն են, որոնք չեն կարող նպաստել ո՛չ տնտեսության զարգացմանը, ո՛չ ներդրումների ներգրավմանը, ինչին ՊԵԿ փոխնախագահը համաձայնեց:
Հարկային օրենսգրքի հարցով հարակից զեկուցող Վարդան Այվազյանին էլ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մի քանի դիտարկում ներկայացրեց. «Պարո՛ն Այվազյան, Դուք մեզ ինչ եք խորհուրդ տալիս, լինելով մարդ, ով գլխավորել է առաջին հարկային համակարգը: Ես վատ եմ գնահատում այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի: Հատկապես կոնցեպտուալ լուծումների առումով, որոնք գրեթե բացակայում են, համակարգ չկա: Երկու դեպքում վճարն անվանված է հարկ, մի դեպքում՝ հարկ, վճար… Այս փաստաթղթի հետագա ճակատագիրն ինչպե՞ս եք տեսնում»:
«Եկեք դիտարկումները չծայրահեղացնենք. սա ինչի է նման, ինչի չի նման: Այն ժամանակ էլ Հայաստանն ուներ պարտավորություններ, եւ մենք ազատ չէինք մեր որոշումների հետ կապված: Ես միշտ ուրախ կլինեմ, որ Ձեր պրոֆեսիոնալիզմն օգտագործվի: Դուք ակտիվ մասնակցեք Ձեր խորհուրդներով, փորձենք քննարկման ժամանակ հասկանալ, տեսնել՝ որի անունն է հարկ, որի անունը՝ վճար»,- ասաց Այվազյանը:
Նշենք, որ հարցի քննարկումը կշարունակվի այսօր:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԹՈՂՆԵՍ՝ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ ԲՈՂՈՔԵՆ
Երեկ մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը: Այս օրենսգրքի կարեւորությունը դժվար է թերագնահատել: Այդ փաստաթուղթը փաստացի սահմանելու է, թե առաջիկայում Հայաստանի տնտեսությունն ինչպես պետք է զարգանա կամ ընդհանրապես կկարողանա զարգանալ, թե ոչ: Սակայն, ինչպես մնացած բոլոր կարեւոր խնդիրների քննարկման ժամանակ, հարկային օրնսգրքի քննարկումը եւս անցավ գրեթե դատարկ դահլիճի պայմաններում: Սա այն դեպքում, երբ նույն ՀՀԿ-ական գործարար պատգամավորները մասնավոր զրույցներում հարկային օրենսգրքի նախագծի դեմ իրենց բողոքն արտահայտելու առիթը բաց չեն թողնում:
ՉԿՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երեկ համացանցում մի տեսանյութ տարածվեց, որը ենթադրվում է՝ իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում: Դրանում երեւում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլատվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք: ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս: «Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանից փորձեց պարզել, թե ինչու զինվորներին չեն թույլատրել կրակել: «Քեզ թվում է, որ այդ հարցին պետք է պատասխանեմ ե՞ս: Կարծում եմ՝ որպեսզի դուք՝ լրագրողներդ, հասարակության մեջ թյուրիմացություն չմտցնեք, պետք է լսեք այն պաշտոնյային, որը որոշում կայացնելու իրավունք ունի: Այսօրվա բանակի հրամանատարը այդ հարցերին պատասխանել է, եւ եթե անհրաժեշտ լինի, նորից կպատասխանի»,- ասաց փոխնախարար Հակոբյանը:
ԴԱՏԱՎՈՐԸ ԿՏՐՎԵԼ Է
Դատաիրավական ոլորտի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից «կտրվել են»: Պարզվում է՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Լեւոն Ավետիսյանը, որի լիազորությունները այս տարվա մարտին էին դադարեցվել, որոշել է դառնալ փաստաբան: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, չի կարողացել որակավորման քննությունները հանձնել, կրկին պետք է փորձի: