ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տված Գարեն Աթաջյանն ազատ է արձակվել:
Հիշեցնենք՝ Աթաջյանը մարզպետի մերձավորներից է: Նա ցուցմունք էր տվել Արա Բուդաղյանի դեմ, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, դա պետք է լիներ իր ազատության գինը:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մահափորձի գործով կալանավորներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը ազգային անվտանգության ծառայության սենյակներից մեկում գաղտնի խոսակցություն են ունեցել մարզպետի դեմ մահափորձի թեմայով: Կալանավորվածները անկեղծացել են` վերլուծելով կատարվածը: ԱԱԾ-ն երկու կալանավորվածների գաղտնի ձայնագրությունն ուղարկել էր փորձաքննության՝ հասկանալու համար, թե ինչ են խոսել կալանավորվածները, եւ արդյո՞ք խոսակցություն վարողները հենց իրենք են, թե ոչ:
Ձայնագրության մեջ լսվել էր, թե ինչպես է Հենրիկ Ավագյանը Գարեն Աթաջյանին ասել, որ ինքն է անձամբ կատարել մահափորձը, և Արա Բուդաղյանը այս ամենի հետ կապ չունի, ու, առհասարակ, ինչու են այդ տղային անիմաստ պահում: Երկու կալանավորվածները նաեւ խոսել են, թե ինչպես է Հենրիկը վերցրել զենքն ու որոշել կրակել մարզպետ Խաչատրյանի վրա:
Ինչպես հայտնի է՝ հունիսի 10-ին ավելի քան երկու տարի կալանքի տակ մնալուց հետո մեղադրյալ Արա Բուդաղյանն ազատ է արձակվել:
Ի դեպ, մահափորձից հետո լուրեր թին տարածվել, թե մարզպետի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, ջարդուփշուր էր արել Աթաջյանի որդու խանութը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի կազմակերպման կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: