ՆՄԱՆԱԿՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայելու արտացոլումն ու նմանակումը,բացի անձի հոգեբանական կատեգորիա լինելուց, հասարակական-քաղաքական երևույթ է, որին տիրապետում և իրենց նպատակների համար ակտիվորեն օգտագործում են պոլիտտեխնոլոգները: 
Երբ նախագահության թեկնածուն հաճախ է երևում հեռուստատեսության էկրաններին, նա դառնում է հարազատ ընտրողի համար, և վերջինս ոչ միայն վարժվում ու սիրում է նրան, այլև պրոեկտում և ձևաչափում է իր անձի վրա, մի խոսքով` նմանեցում է իրեն և ձայնը տալիս է նրա օգտին` ասես քվեարկում է իր համար: 
Մարդկանց 90-95% -ը հաճույքով լսում և ենթարկվում է նրանց, ովքեր նման են իրենց, կամ իրենք են նմանվում նրանց: 
Ազգի առաջնորդներին, կուսակցական լիդերներին, խմբի ղեկավարին կամ վերադասին նմանվելու ցանկությունը ուղեկցում է մարդուն նրա ողջ գիտակցական կյանքի ընթացքում: Իսկ եթե առաջնորդը խարիզմատիկ է, նմանակումը կարող է դառնալ ժողովրդական զանգվածների պաշտամունքի առարկա և վերածվել անհատի պաշտամունքի: 
Խորհրդային Միության տարիներին շատերը, անտեղյալ լինելով Ստալինի գործած չարիքներին և դաժանությանը, նրա նման հագնում էին երկարաճիտ կոշիկներ, գալիֆե տաբատ և կիտել, փորձում էին խոսել վրացական առոգանությամբ: 
Պետությունների ղեկավարներին նմանակումը հետաքրքիր երևույթ է: Առանձնահատկությունն այստեղ այն է, որ փոքր պետությունների ղեկավարներն են նմանակում ավելի մեծ և ուժեղ տերությունների առաջնորդներին, դա, իհարկե, ունի քաղաքական նպատակներ: 
Անգլիան ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն է, և պրեմիեր մինիստր Թոնի Բլեյերը “արտատպում” էր Զորջ Բուշի տեխասյան կովբոյի ժեստերը հատկապես այն ժամանակ, երբ նրանք համատեղ ներխուժեցին Իրաք: 
Մեր ոչ բարեկամ հարևան երկրի նախագահ Ալիևը նմանակում է մեր մյուս հարևան երկրի “մեծ եղբորը”` Գյուլին: 
Անգամ Ֆրանսիայի նախագահը, որը միշտ չէ, որ Ամերիկայի անկեղծ բարեկամն է, սիրում էր իրեն պահել Բուշի նման: Մինչդեռ դժվար թե գտնենք մի լուսանկար, որտեղ Պուտինը և Օբաման նմանակեն մեկմեկու:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat .am




Լրահոս