Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ապագայի համար շրջադարձային նշանակություն են ունենալու` դրական կամ բացասական առումով:
Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն ապահովեն իշխանական համակարգի կամ ավելի կոնկրետ՝ կառավարող վերնախավի փոփոխություն, ապա այդ հանգամանքը Հայաստանին զարգացման հույս եւ լիցք կհաղորդի: Իսկ եթե Հայաստանի հասարակությունը չկարողանա այդ թարմությունը բերել եւ գործող իշխանություններին հաջողվի պահպանել իրենց ստեղծած գաղջ մթնոլորը, ապա նման հեռանկարի արդյունքում հայ հանրությանը սպառնացող հուսալքությունը կարող է ճակատագրական դառնալ առաջիկա տասնամյակում Հայաստանի զարգացման համար:
Այս տեսանկյունից ուշագրավ է, թե ինչպես է այդ ընտրություններին պատրաստվում Հայաստանի քաղաքական դաշտը: Առայժմ կարող ենք կանխատեսել, որ նորաստեղծ կուսակցությունների մասնակցության տեսանկյունից առաջիկա ընտրությունները հնարավոր է՝ լինեն աննախադեպ: Միայն այս տարվա վեց ամիսներին արդեն իսկ Հայաստանում ստեղծվել է չորս նոր կուսակցություն, որոնց նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների եւ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելն է: Մասնավորապես, նորեկներն են «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», «ԳԱԼԱ» եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունները: Դրանից բացի՝ ավելի քան 15 տարվա պատմություն ունեցող կուսակցությունները փոխում են իրենց անունը` փորձելով հանրությանը ներկայանալ իբրեւ նոր քաղաքական ուժ եւ այսպես շարունակ: Սպասվում է, որ աշնանը` 2017-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ, մի քանի նոր կուսակցություններ եւս կստեղծվեն:
ՀՀ արդարադատության նախարարությունից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված է 73 կուսակցություն: Ի դեպ, այս տարի ստեղծված կուսակցություններից այդ թվի մեջ ներառված է միայն «Լուսավոր Հայաստանը»: Մնացածը դեռ չեն հասցրել պաշտոնապես գրանցվել: Ինչեւէ, եթե գաղափարախոսության տեսանկյունից ենք դիտարկում, Հայաստանում գրանցված կուսակցությունների մեջ հնարավոր բոլոր տարբերակներից էլ կա: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են մարդիկ նոր կուսակցություն ստեղծում եւ չեն անդամակցում արդեն իսկ գրանցվածներին, խնդիրը մի քանի տեսանկյունից պետք է դիտարկենք: Ընդդիմադիր հայացքներ ունեցող խմբերի եւ անհատների դեպքում նրանք չեն վստահում արդեն իսկ գործող կուսակցություններին: Բայց նույնիսկ վերջին մեկուկես տարվա կտրվածքով ստեղծված կուսակցությունները դիտարկելով անգամ՝ համոզվում ենք, որ նրանցից մեկ կամ երկուսի կողմնակիցներին կարող ենք որպես ընդդիմադիր առանձնացնել: Նորաստեղծ կուսակցությունների հիմնադիրները հիմնականում մարդիկ են, որոնք իրենց կենսագրությամբ երբեք ընդդիմադիր չեն եղել կամ էլ ընդդիմություն խաղալը նրանց համար իշխանություններից գումար ստանալու միջոց է եղել:
Տեսականորեն նրանք պետք է բոլորով մեկ կուսակցության մեջ միավորվեին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ հատկապես նման գործիչների քաղաքականությամբ զբաղվելու մոտիվացիան պաշտոն կամ գումար «կպցնելն» է: Իսկ ինչպես հայտնի է՝ իշխանությունները նման դեպքերում շատ ժլատ են, եւ եթե բոլոր «հաճախորդները» մեկ տեղում հավաքվեն, ապա նրանցից մեկ-երկուսը իրենց բաժին «կերակուրը» կստանան, իսկ մնացածները լուսանցքից դուրս կմնան: Արդյունքում, իշխանությունների հաճախորդներն իրենց խնդիրը փորձում են կուսակցություն հիմնելով լուծել` հույս ունենալով, որ իրենց կհաջողվի ինչ-որ մեկի հետ շահավետ դաշինք կազմել եւ մեկ-երկու մանդատի երաշխիք ստանալ: Ի դեպ, իրադարձությունների նման ընթացքը իշխանությունների համար առավել քան ձեռնտու է. որքան քաղաքական դաշտը լղոզված լինի, այնքան հեշտ կլինի լուծել իշխանությունը պահպանելու խնդիրը:
Այնուամենայնիվ, նկատենք, որ Հայաստանի ներկայիս քաղաքական գործընթացներում հատկապես իշխանությունների եւ նաեւ նրանց հաճախորդների շրջանում ձեւավորված ամենամեծ մոլորությունն այն է, որ ընտրողը հիշողություն չունի, ոչինչ չի տեսնում եւ չի հասկանում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազությունը երկրում առկա քրեական իրավիճակը կարգավորել, ավարտել է, հիմա էլ պատերազմ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողներին»: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի հրահանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողներից» մեկին տեղափոխել են պատժախուց: Այս փաստը ՔԿՀ-ում լուրջ աղմուկի պատճառ է դարձել, ու չի բացառվում, որ առաջիկայում հերթական բախումը հասունանա ՔԿՀ-ում: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին օրերին քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հարմարավետ պայմաններ է ստեղծել կալանավորվածներից մեկի համար: Խոսքը հունիսի 4-ին ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանելու գործով կալանավորվածներից մեկի մասին է, որին արտոնյալի «գահից» իջեցրել են: Թե ինչով կավարտվի դատախազության այս հանդգնությունը, դեռ դժվար է ասել, բայց որ իրավապահ համակարգում արդարության լուրջ ճգնաժամ կա, դա փաստ է: Ու Գեւորգ Կոստանյանն իրականում այս մասին պետք է մտահոգվի:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Համայակ Նազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա արդեն մոտ 4 տարի է՝ պաշտոնավարում է որպես գյուղապետ: «Ժողովուրդ»-ը զրուցեց Համայակ Նազարյանի հետ՝ պարզելու աշխատանքից ազատման պատճառները: Պարզվեց, որ վերջինս այլ՝ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք է գտել. «Իմ մասնագիտությամբ եմ աշխատելու: Ես անասնաբույժ եմ եւ «Հիմնա Տավուշ» հիմնադրամում որպես տնօրեն եմ աշխատելու: Բնականաբար գյուղապետի աշխատավարձից երկու անգամ բարձր աշխատավարձով»,- պարզաբանեց Նազարյանը: Ինչեւէ, մեր հանրապետությունում նույնիսկ գյուղապետերն են դժգոհում ցածր աշխատավարձերից: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
ՀԱՄԵՍՏ Է ՁԵՎԱՆՈՒՄ
Հունիսի 29-ին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ նշանակված Ֆելիքս Ցոլակյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, բավականին համեստ ունեցվածքի տեր մարդ է: Այս տարի ներկայացրած հայտարարագրով, նրա դրամական միջոցները կազմել են 14 միլիոն 880 հազար դրամ: Ֆելիքս Ցոլակյանը երեսուն տարուց ավել է՝ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցնում: Մասնավորապես, նա վերջին 15 տարիներին հասցրել է լինել. 1999-ից 2003 թվականը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, 2003-ից 2007-ը եղել է ՀՀ հարկային պետական ծառայության պետ, 2007-ից 2013 թվականը եղել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, 2013-ից մինչեւ այս տարվա փետրվարը եղել է Շիրակի մարզպետ: Այսինքն՝ նա գրեթե անդադար զբաղեցրել է «փողոտ» պաշտոններ, բայց ըստ հայտարարագրի՝ միլիոնավոր դոլարներ չունի:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Հուլիսի 5-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Նախարարը առաջնահերթ հետաքրքրվել է Լարսում իրականացվող աշխատանքներով: Վրացական կողմը տեղեկացրել է, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում, եւ արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում): Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Ե՛վ հայկական, եւ՛ վրացական կողմերը նշել են, որ Հայաստանից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո եւ Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաեւ Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի ուղղությունը։
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստում երեկ Կառավարման ակադեմիայի զարգացման ու բարեփոխումների՝ իրենց հայեցակարգերի հիմնական դրույթներն են ներկայացրել ակադեմիայի ռեկտորի ընտրության բաց մրցույթին իրենց թեկնածությունները առաջադրած ՀՀ ՊԿԱ ռեկտորի պաշտոնակատար Արսեն Լոքյանը եւ ՀՀ ՊԿԱ գիտական քարտուղար, իրավագիտության ամբիոնի դոցենտՀասմիկ Ստեփանյանը:
ՆԱԽԱՐԱՐԸ ԽԱԲԵ՞Լ Է
Դեռեւս ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մազմանյանն ազատվել էր պաշտպանության նախարարության համակարգից: Նախարար Սեյրան Օհանյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել էր, որ Մազմանյանն ազատվել է իր դիմումի համաձայն, սակայն, երբ նա գնացել է զորամաս` իր անձնագիրը վերցնելու, տեղեկացրել են, որ նա ամենեւին էլ իր դիմումի համաձայն չի ազատվել, այլ կոնկրետ հոդվածով: Մազմանյանը ArmLur.am-ին ասել է, թե շատ է շրջանառվել այն տարբերակը, որ իրեն աշխատանքից հեռացրել են Շահեն Հարությունյանի հետ լուսանկարվելու եւ ակցիաներին մասնակցելու պատճառով: «Սեյրան Օհանյանն իր հարցազրույցում ասում է, որ զինվորականությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից եւ նշվում է, որ իմ դիմումի համաձայն եմ հեռացվել աշխատանքից: Սակայն այսօր /երեկ/ ես գնում եմ զորամաս, եւ ինձ տեղեկացրին, որ հեռացրել են կոնկրետ հոդվածով: Պարզվեց` նախարարը խաբել է, իր հրամանով եմ հեռացվել»,- նշել է նա:
ԿՀԱՆԴԻՊԵՆ, ԲԱՅՑ Ե՞ՐԲ
ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը մոտ ժամանակներս կազմակերպելու իրենց հանձնառությունը, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա նշել է, որ նախագահների հանդիպման օրը դեռ հստակեցված չէ։
ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաեւ մտքեր են փոխանակել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Կողմերը համակարծիք են եղել, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջիկա ամիսներին հաջողությամբ կավարտվեն:
ՔԵՐԻՆ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երեկ ժամանել է Վրաստան: Քերրիի այցը կմեկնարկի ռազմավարական համագործակցության վրաց-ամերիկյան հանձնաժողովի հերթական նիստով, որից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։