Իշխանության եւ ընդդիմության միջեւ ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսից հետո փոփոխությունները կյանքի կոչելու համար, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է 16 մլն, եւ դրա հայթայթման հարցը դեռեւս լուծված չէ: Որոշ տեղեկություններով` միջազգային դոնորները համաձայնել են 10 միլիոնը վճարել, երեք միլիոն եվրոն կվճարի մեր կառավարությունը, իսկ, ահա, մնացած երեք միլիոնի ճակատագիրը դեռեւս անհայտ է. դրա համար իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ իշխանությունները առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում այդ 3 մլն եվրոն հայթայթելու ուղղությամբ, քանի որ նրանց համար առավել ցանկալի տարբերակ կլինի, եթե այդ գումարն այդպես էլ չգտնվի, եւ իրենք հնարավորություն ունենան հրաժարվել ոչ այդքան ցանկալի ԸՕ փոփոխությունների իրագործումից: Ծայրահեղ դեպքում իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ այդ գումարները կրկին ԵՄ-ն տրամադրի: Մեր տեղեկություններով՝ եթե իշխանություններն, ի վերջո, որոշեն տապապել ծրագիրը, ԵՄ-ն կհամաձայնի տրամադրել պակասող գումարը: Իհարկե, այստեղ կարող է տրամաբանական հարց առաջանալ. ինչու իշխանությունները գնացին ընդդիմության հետ կոնսենսուսի, եթե պետք է գումարի պատճառով տապալեին ծրագիրը: Սակայն ակնհայտ է, որ իշխանություններն այսպես ցանկանում են ցույց տալ, որ իրենք արդար ընտրությունների կողմնակից են, եւ այս դեպքում միակ ելքը համաձայնելն էր: Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների համար ամենամեծ գլխացավանքը ID քարտերով քվեարկության տարբերակի ընդունումն է եւ տապալելով այս գորրծընթացը՝ նրանք կազատվեն նաեւ իրենց վերարտադրության համար վտանգավոր այդ փոփոխությունից: Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակում ամրագրվել է, որ նույնականացման քարտ չունեցող եւ նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակներում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար տվյալ օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր եւ այլ տվյալներ:
Հայտնի է նաեւ, որ ԵՄ-ից Հայաստանին ֆինանսական միջոցների տրամադրման հարցը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են մեր երկրի իշխանությունները դրանք օգտագործում ըստ նպատակի եւ կատարում ստանձնած պարտավորությունները: Օրեր առաջ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ անցած տարի Եվրամիության աջակցությունը Հայաստանին համարյա ռեկորդային էր` մոտ 90 միլիոն եվրո, սակայն նաեւ ընդգծել էր. «Գործընթացը մեծապես կախված է այն բանից, թե որքանով արդյունավետ է եղել մեր աջակցությունը մինչեւ օրս, եւ որքանով արագ է Հայաստանը առաջխաղացում գրանցում դեպի Եվրոպական արժեքներ եւ ստանդարտներ: Գաղտնիք չէ, որ մեր ֆինանսավորման մեծ մասը տրվում է պայմանով՝ երբ երկիրը համապատասխանում է շատ հստակ չափանիշների»: Միեւնույն ժամանակ դեսպանը կոչ էր արել լուրջ ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումները: «Այո՛, ընտրական օրենսգիրքն ու գործընթացները բարելավման կարիք ունեն, եւ զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լուրջ ընդունե՛ք այն, կատարե՛ք տնային առաջադրանքը: Հայաստանի ժողովուրդը եւ պետությունը մեծապես կշահեն, եթե այդ հանձնարարականները, քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն»,- ասել էր ԵՄ դեսպանը եւ մեկ առ մեկ թվարկել էր սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրված թերի կետերը, որոնք դիտորդները նշել են զեկույցներում՝ ընտրացուցակներ, քվեների հաշվարկ ու ամփոփում:
Թե որքանով իշխանությունները կանսան ԵՄ դեսպանի կոչերին, դժվար է ասել, սակայն պակասող գումարի հարցը դեռեւս օդում կախված է: Ամեն դեպքում, ինչպես երեւում էր արդեն ԱԺ արտահերթ նիստից, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները լուրջ չէին վերաբերվում այդ խնդրին: Գումար գտնելու «նորարար» առաջարկով արտահերթ նիստում հանդես եկան հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Մարտիրոսյանը, հիշեցնելով, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ բազմամիլիոն պայմանագիր է պատրաստվում ստորագրել, առաջարկեց, որ նա նպաստի Հայաստանի ժողովրդավարացմանը: Իսկ, ահա, Հեղինե Բիշարյանը հորդորեց կառավարությանը եւ քաղաքական մեծամասնությանը «իրենց շարքերում նստած միլիոնատերերին, որոնք ժամանակին լիքը թալանել են, այսօր էլ բարերար են, չգիտեմ, ինչեր են, իշխաններ են, այ, դրանց գրպանները մի քիչ թափ տալ, բերել, ԸՕ-ն կյանքի կոչել»:
Ի վերջո, կգտնվի գումարը, թե ոչ, պարզ չէ: Սակայն արձանագրենք, որ նման բան, երբ որեւէ իրեն հարգող երկրի խորհրդարանի ընդունած օրենքում նշված լինի, թե անհրաժեշտ գումարն ունենալու դեպքում այն կիրագործվի, հակառակ դեպքում՝ ոչ, չլսված բան է: Չլսված եւ նվաստացուցիչ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԳՆ-Ն ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Այս տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող թերեւս շատ քիչ պաշտոնատար անձի է հաջողվել արժանի ձեւով ներկայացնել երկրի շահերը: Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում մեկը մյուսի ետեւից ձախողումներ է արձանագրվում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում արտաքին գործերի նախարարությանը՝ ավիատոմսերի ձեռքբերման նպատակով:
Այսպես՝ պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միայն մայիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ավիատոմսերի համար ծախսել է 9 մլն 221 հազար 319 դրամ: Օրինակ՝ մայիսի 17-ին ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Վինդոուզթրավել-Պրո» ընկերության հետ եւ ձեռք է բերել 3՝ Երեւան-Վարշավա-Սոֆիա-Վարշավա-Երեւան ուղղությամբ եւ 1՝ Երեւան-Վիեննա-Բրյուսել-Վիեննա-Երեւան ուղղությամբ ավիատոմսեր: Եւ այս 4 ավիատոմսերի համար պետբյուջեից ծախսվել է 2 մլն 205 հազար դրամ: Ի դեպ, բազմաթիվ հրապարակումներ են եղել նաեւ այն մասին, որ ԱԳՆ-ի գնած տոմսերը գրեթե կրկնակի, երբեմն շատ ավելի թանկ են արժենում, քան դրանց շուկայական գինն է:
Ինչեւէ: Հաշվի առնելով արտաքին քաղաքականության բնագավառում տիրող իրավիճակը՝ արդյոք արդարացված են այս ծախսերը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ. «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ընդհանրապես արտաքին քաղաքականություն չունի, ապա այդ 9 մլն դրամը, բնականաբար, ոչ միայն չի արդարացնում, այլ, ընդհանրապես, ՀՀ-ի արտաքին քաղաքականության համար կարելի է պետբյուջեից փող չտրամադրել»: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ի հայաստանյան մասնաճյուղն է: «Դա կախված է հանրապետության բարձրագույն իշխանությունից, իսկ արտաքին գործերի նախարարությունը ընդամենն իրականացնում է այդ քաղաքականությունը: Բնականաբար, փողերը ծախսում է տոմսեր գնելու վրա»,- հայտարարեց Բադալյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՍԵԼՈՎ
2015թ. ամռանը ադրբեջանցիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղ մտնող ավտոճանապարհի եզրին պաշտպանիչ հենապատ կառուցեցին: Մազամը գտնվում է հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ ափին: Սպիտակ քարից կառուցված երկար այդ պատը լավ տեսանելի է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան գյուղերից, սահմանամերձ տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհից: Մազամ գյուղում եւ հարակից տարածքներում գտնվող ադրբեջանական հենակետերից պարբերաբար գնդակոծվում է Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող Բերքաբերը: Ադրբեջանական գնդակոծության համար թիրախ է նաեւ Բերքաբեր մտնող ավտոճանապարհը, որի երկայնքով, սակայն, պաշտպանիչ պատ կառուցված չէ: Ավելին՝ այդ ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է: Չնայած Բերքաբերի համայնքապետարանը ճանապարհը նորոգելու խնդրանքով դիմել է «վերեւներին», սակայն պետական բյուջեում այդ կարեւոր գործի համար գումարներ չեն գտնվում:
Պաշտպանիչ պատը խիստ անհրաժեշտ է նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Այդտեղ ավտոճանապարհը գտնվում է Ղուշչու-Այրում գյուղի տարածքում տեղակայված ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Ամեն պահ ադրբեջանական զինուժը կարող է գնդակոծել միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները: Նման դեպքեր շատ են եղել, վերջինը 2015թ. նոյեմբերի 5-ին էր, երբ ադրբեջանական զինուժը վնասեց ռուսական «ֆուռը»: Տվյալ ճանապարհով երթեւեկողներից շատերը, տեղանքին անծանոթ լինելով, չգիտեն, որ իրենք խիստ վտանգավոր տարածքով են անցնում: 1990-ական թվականներին անվտանգության նկատառումներով այդ ճանապարհի եզրին հողապատնեշ էր կառուցվել, սակայն չգիտես ում կողմից եւ ինչ պատճառով այն քանդեցին, եւ հիմա երթեւեկող ավտոմեքենաները թիրախ են: Եթե ֆինանսական միջոցներ չկան սույն ճանապարհի եզրին հենապատ կառուցելու համար, ապա գոնե հողակույտերով պատնեշ կարելի է սարքել: Այդ աշխատանքները հարկ է կատարել մառախլապատ օրերին, որպեսզի շինարարական տեխնիկան, բանվորները ադրբեջանական դիպուկահարների զոհ չդառնան: Ճիշտ է, 2007թվականից գործում է միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը: Սակայն այն ամբողջությամբ չի ապահովում այդ տարածքով երթեւեկի անվտանգությունը, քանի որ շրջանցիկ ճանապարհի որոշ հատվածներ լավ տեսանելի են ադրբեջանական զինուժի համար: Բացի այդ՝ Բաղանիս գյուղի բարձունքում հողի սողանքի պատճառով շրջանցիկ ճանապարհը փլվում է: Նախատեսված է, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ այս տարի սահմանագոտին շրջանցող ճանապարհին առկա սողանքի հետեւանքները կվերացվեն: Շուտով ամառ է, սակայն աշխատանքները դեռ չեն սկսվել: Առաջիկայում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածում վերանորոգման աշխատանքներ կսկսվեն, Վրաստանից Երեւան բեռներն ավտոտրանսպորտով ավելի շատ կփոխադրեն Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով, ուստի Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի նորոգումը գերհասունացած հարց է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ