Նամակը համաձայնեցված է իշխանությունների հետ.Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի շուրջ NEWS .am-ի թղթակիցը զրուցել է “Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:
Ի՞նչ կարծիքի եք Զորի Բալայանի նամակի մասին: Պատահակա՞ն եք համարում, որ այն հրապարակվել է Մաքսային Միություն մտնելու նախաշեմին:
Նման բովանդակությամբ նամակի հրապարակումը չի կարող պատահականություն լինել եւ առավել եւս, չի կարող կապ չունենալ Մաքսային Միությանն անդամակցելու խնդրի հետ: Նամակի մասին կարող եմ ասել, որ եւս մեկ անգամ ապացուցվում է, որ Զորի Բալայանը դեռ չի կորցրել ռուս իշխանավորներին  ,խելք սովորեցնելուե իր մշտական հույսը: Ցավոք մենք այս անգամ էլ չկարողացանք դասեր քաղել մեր պատմության ընթացքում գործած սխալներից եւ այսօր էլ օրհնում ենք, որ ,ռսի ոտքըե մտնի հայոց հողը: Մինչդեռ Արեւմտյան Հայաստանի դառը ճակատագիրը բոլորիս աչքի առաջ է, երբ հույս դնելով ռուսի վրա՝ մենք ունեցանք 1,5 միլիոն անմեղ զոհեր ու կորսված հայրենիք:
Ո՞րն էր այդ նամակի մեսիջը, ի՞նչ էր ուզում դրանով ասել հեղինակը:
Իմ կարծիքով նամակի հիմնական մեսիջն այն է, որ, ըստ հեղինակի, հայ ժողովուրդը արժանի չէ անկախության եւ մեր միակ փրկությունը կարող է լինել միայն  Ռուսաստանի հովանու տակ: Սակայն Զորի Բալայանը  մոռանում է այն մասին, թե ինչ է առաջարկելու նա հայ  ժողովրդին այն ժամանակ, երբ Վ. Պուտինը արհամարհի նրա հորդորները եւ ասենք,  եւս մի քանի միլիարդի զենք տա Ադրբեջանին, կամ էլ մի քանի ժամով ,ուշացնիե զորք ուղարկել, ինչպես դա եղավ Սումգայիթում: Ո՞նց ենք պաշտպանելու Արցախը, Հայաստանը: Կասկած չկա, որ հենց հեղինակն արժանի չէ անկախ պետության քաղաքացի լինել եւ  իրեն հարազատ իշխանական կլանը պահպանելու այլ ելք չի տեսնում, քան Ռուսաստանին հպատակվելը:
Կարծիք կա, որ նամակով Զորի Բալայանը մատնանշում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ռուսաստանի կազմում՝ վկայակոչելով Գյուլիստանի պայմանագրի հավիտենական բնույթը: Դուք նման բան տեսնո՞ւմ եք նամակում եւ որպես Արցախի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած անձնավորություն՝ այն ընդունելի՞  է Ձեզ համար:
Բայց ինչո՞ւ միայն Ղարաբաղը, ի՞նչ տարբերություն  Ղարաբաղի եւ Երեւանի խանությունների միջեւ: Դրանք բոլորն էլ Պարսկաստանի տիրապետությունից անցել են Ռուսաստանի կայսրությանը եւ, եթե ընդունենք  նամակում նշված այն պնդումը, որ Գյուլիստանի պայմանագիրը հավիտենական բնույթ ունի, ապա սա նաեւ Հայաստանի  անկախության վերջն է: Այսինքն, ըստ Զորի Բալայանի, ստացվում է, որ ոչ մի արժեք չունեն Հայաստանի անկախության հանրաքվեն, ժողովրդի հավաքական կամքով ու մաքառումով ստեղծված անկախ պետականությունը  եւ  ազատագրական պայքարում նահատակված մեր հազարավոր հայորդիների արյունը: Ես, որպես ազատագրական պայքարի զինվոր, չեմ կարող անտարբեր լինել ու դեմ եմ նման պառակտիչ գործողություններին: Իմ կարծիքով՝ Զորի Բալայանը կարող է մի քայլ անել, որը կլինի ի նպաստ հայ ժողովրդի՝  ողջ ղարաբաղահայաստանյան իշխանական կլանին հրավիրել Կիլիկիա նավով  ճամփորդության, որի ընթացքում նավն անվանափոխել ,Կիեւյան Ռուսիաե, փոխել դրոշը եւ անվերադարձ հանգրվանել հենց իր սիրելի Ռյազանում կամ, ավելի ճիշտ, մի  հեռավոր ռուսական ծայրագավառում:
Ի՞նչ եք կարծում՝  այս նամակը համաձայնեցվա՞ծ է ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունների հետ: 
Կարծում եմ՝ համաձայնեցված է իշխանությունների հետ եւ ասեմ ինչու: Նամակի ամբողջ ենթատեքստն ուղղված է ՀՀ եւ ԼՂՀ անկախության դեմ, մինչդեռ այդ անկախության երաշխավոր հանդիսացող նախագահները կամ նրանց մերձավոր շրջապատը անտարբեր են այս ամենի հանդեպ: Եվ եթե, օրինակ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հարցադումից հետո ողջ իշխանական քարոզչամեքենան անմիջապես  հարձակվեց պատգամավորի վրա՝ հնչեցնելով նույնիսկ միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ կոչեր, ապա այժմ ողջ նժդեհական քարոզչությունը կամ պապանձվել է, կամ էլ փորձում է պաշտպանել Զորի Բալայանին: 

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը




Լրահոս