Զորի Բալայանի` Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի շուրջ այս օրերին հնչեցին ամենատարբեր մեկնաբանություններ: Շատերը նշեցին, թե նամակը գրվել է Բաղրամյան 26-ում, եւ դա մանրակրկիտ մշակված բազմաքայլ ծրագրի առաջին քայլն է միայն: Նման տեսակետ ունեցողների կարծիքով՝ այդ նամակով փորձ է արվելու հասնել այն բանին, որ Վլադիմիր Պուտինը, ի վերջո, այցելի Ղարաբաղ, ինչը որոշակի քաղաքական հետեւանքներ կունենա: Ոմանք էլ չափազանց համոզված հայտարարեցին, թե դա բացառապես Կրեմլի «պրոյեկտն» էր` Հայաստանի` առանց այդ էլ թուլակամ իշխանությունների դիմադրության վերջին նշույլները վերացնելու համար: Անգամ ակնարկներ եղան առ այն, որ այս նամակի հիմնական մեսիջը Մաքսային միությանն անդամակցել պատրաստվող Հայաստանի (Ղարաբաղով հանդերձ) համար Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ձեւավորելու տարբերակի արծարծումն է: Իհարկե, հաշվի առնելով Զորի Բալայանի սովետական անցյալը եւ համապատասխան կապերը, թերեւս դժվար չէ տուրք տալ նման «դավադրական տեսություններին»: Մինչդեռ բավականին դժվար է հավատալ, որ Բալայանն այդ նամակը գրելիս, ինչպես ինքն է հավաստիացնում, որեւէ մեկին չի հարցրել, եւ դա պարզապես նրա` որպես ղարաբաղցու, մտահոգությունների արտահայտությունն էր: Այս վերջինի հետ կապված անգամ որոշ հեղինակավոր պատմաբաններ տեսակետ հայտնեցին, թե գուցե Զորի Հայկովիչը տեղյակ է Ղարաբաղի հարցով ինչ-ինչ անցանկալի զարգացումների եւ բանակցային սեղանին դրվելիք ծայրահեղ անցանկալի փաստաթղթի մասին, որը չստորագրելու այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը: Թե որն էր իրականում այս աղմկահարույց նախաձեռնության իրական դրդապատճառը, թերեւս այդպես էլ մնա գաղտնիք, սակայն անկախ շրջանառվող ամենատարբեր տեսակետներից, գրեթե բոլորը համակարծիք էին մի բանում. այդ նամակին Կրեմլից հաստատ արձագանք կլինի, ինչից ելնելով էլ` հնարավոր կլինի հասկանալ, թե ի վերջո, որտեղից է փչում քամին: Բայց ինչպես երեկ պարզ դարձավ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի` «Երկրին» տրված պարզաբանումից` «ՌԴ նախագահի վարչակազմում նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից, եւ որեւէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում»: Սա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ քամին Կրեմլից չէր փչում, սակայն նույն հավանականությամբ էլ կարող է նշանակել, որ քամին փչել է, սակայն բոլորովին այլ տեղ` գուցե թե ընդամենը մի ծեր հրապարակախոսի գլխում: Ամեն դեպքում, այս նամակը մի դրական կողմ ունեցավ. պարզվեց, որ անգամ մեզ համար ամենակարեւոր խնդրի` Ղարաբաղի շուրջ, հասարակության մեջ չկա ձեւավորված միասնական մոտեցում: Ավելին, հետեւելով հայրենի ցեղակրոն, ազգայնական եւ պահպանողական քաղաքական ուժերի ներկայացուցիչների այս օրերի կրավորական կեցվածքին՝ պարզ է դառնում, որ մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունը, ձեռք ձեռքի տված, պատրաստ են ամեն ինչի` սեփական բիզնեսն ու քաղաքական դիրքը պահպանելու համար:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ