ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ ծրագրերի պատասխանատու, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիևը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC 1 ծրագրի արդյունքները, ինչպես նաև CARMAC 2 ծրագրի ընթացքը:
Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ պատվիրակության հետ համատեղ գործուն աշխատանքը կնպաստի ծրագրերի արդյունավետության ապահովմանը:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության առաջին ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը: Այդ հաջողություններն ամրապնդելու և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար հարկավոր է մշտական ուշադրության կենտրոնում պահել նաև ծրագրի երկրորդ փուլով իրականացվող աշխատանքների կատարումը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Իր հերթին Բեքզոդ Շամսիևը բարձր է գնահատել CARMAC 1 ծրագրի արդյունքները` հավելելով, որ այն հիմք է հանդիսացել ծրագրի երկրորդ փուլի բարեհաջող ընթացքի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում «Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի» (GEF) ֆինանսավորմամբ իրականացված արոտավայրերի բարելավման և գնահատմանն ուղղված միջոցառումների շարունակման հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանում անասնաբուժական սպասարկման կենտրոնների կողմից իրականացվող արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերը` միաժամանակ կարևորելով անասնաբուժական սպասարկման կենտրոնների կարողությունների հզորացման անհրաժեշտությունը:
Կողմերը համակարծիք էին, որ արհեստական սերմնավորումը` որպես ծրագրի կարևոր բաղադրիչ, էապես կարող է նպաստել ոչ միայն գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացմանը, այլև կաթնատվության և մթերատվության բարձրացմանը:
Անդրադարձ է կատարվել նաև անասնապահության հետագա զարգացման համար մեծ կարևորություն ունեցող գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման խնդրին:
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև «Հայաստանում խաղողագործության վերակազմակերպման» (ֆիլոքսերայի դեմ պայքարի) դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորության հարցը, որի շրջանակում պատվիրակության անդամներն առաջարկել են համատեղ ուսումնասիրել Նոր Զելանդիայի փորձը` հետագայում այն Հայաստանում կիրառելու նպատակով:
Կողմերը քննարկել են ոլորտին առնչվող այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին