Սերժ Սարգսյանը «դաբրոն» տվեց` կարող եք արտահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ից մինչ օրս քաղաքական որոշ կառույցների ներկայացուցիչներ և անհատ գործիչներ ընդահատակ էին անցել. «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու և ոստիկաններին պատանդ վերցնելու շուրջ մեկնաբանություն, գնահատական, հանգուցալուծման տարբերակներ որևէ մեկից ստանալու ցանկացած փորձ անպտուղ էր:

Սերժ Սարգսյանի` իրավապահ մարմինների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցությունից և 5 օր հետո միայն կատարվողի շուրջ խոսելուց հետո, քաղաքական գործիչները համարձակություն հավաքեցին և արտահայտվեցին:

Հայտնի էր, որ ՀՀԿ-ականներին Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ էր տվել` չխոսել, չմեկնաբանել: Բայց որ այդ հանձնարարությունը կատարում էին ՀՀԿ-ի հետ առերևույթ կապ չունեցող քաղաքական գործիչները ևս, ուշագրավ էր: Թեև բոլորին վաղուց հայտնի է Սերժ Սարգսյանի դուդուկի տակ պարողների ցանկը:

Մինչ օրս որևէ մեկնաբանություն ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունից, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդից» և մի քանի այլ կուսակցություններից ստանալ չէր հաջողվում: Եվ այսօր բոլորը, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեցին: Ի դեպ, «Սասնա ծռերին» քննադատող և խաղաղության կոչ-տեքստերով:

Հ.Գ. Այսպիսով, ակնհայտ է մի բան` վերջին իրադարձությունների ֆոնին պարզ դարձավ`  քաղաքական դաշտում կուսակցությունները որքանով են ազատ:

Տաթև Հարությունյան




Լրահոս