Ինչպես արդեն հայտնել էինք Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել էր, որ Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հարցում:
ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանը նշեց, որ սա վերջին շրջանում նկատվող ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման դրսևորում է. «Այս մերձեցման հետևանք է և սա ավելի շատ քաղաքական հայտարարություն է: Ռուսաստանը պատրաստ է հերթական անգամ, մեր շահերի և մեր անվտանգության հաշվին լավացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ »:
Քաղաքագետը նշեց, որ Թուրքիային նման հնարավորություն տալով, կամ այդ մասին խոսելով ՌԴ-ն բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում. «Հիմա շատ բան կախում կունենա Մինսկի խմբի անդամների դիրքորոշումից, բայց չպետք է մոռանանք, որ Թուրքիան ևս Մինսկի խմբի անդամ երկիր է, բայց նա իր միջնորդի կագավիճակը չի պահպանել և կողմնակալ է: Անտրամաբանական և անընդունելի է Ռուսաստանի նման որոշումը»:
Իսկ այն հարցին, թե հնարովոր է արդյոք, որ նման հայտարարությունը միտված է շեղելու հասարակության ուշադրությունը Երևանում ծավալված դեպքերից, քաղաքագետը նշեց, որ դա ավելի մեծ աշխարհաքաղաքական հարց է և կապված է հիմնականում երկու գերտերությունների հարաբերությունների մերձեցման հետ: