ԱՅՐՎԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ Լոռու մարզի Հաղպատ համայնքում այրվել է ծեր ամուսինների սեփական տան մի հատվածը եւ նրանց պատկանող հավաբունը՝ հինգ հավերով: Հաղպատի համայնքապետ Վահրամ Քառյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ծեր ամուսինների տան ընդամենը 4-5 քառակուսի մետրն է այրվել: «Երեկոյան տատիկը վառարանի մոխիրը տարել է, որ լցնի հավաբնի մեջ, որպեսզի հավերը գիշերը տաք քնեն: Բայց էդ մոխրից հավերը ոչ միայն տաքացել են, այլեւ այրվել են, հավաբունն էլ՝ հետը: Իրենց առողջությանը վտանգ չկա: Համայնքապետարանն ինչով կկարողանա, կօգնի: Ծեր ամուսինների տանիքն ու հավաբունը կվերանոգենք»,- խոստացավ համայնքապետը:
ԴԵՌ ԳՈՎԱԶԴՈՒՄ ԵՆ
Չնայած Հայաստանի Հանրապետության անկախության տոնակատարություններից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց Նունե Եսայանի` 54 մլն դրամանոց համերգը գովազդող ցուցապաստառները դեռ շարունակում են Երեւանի փողոցներում կախված մնալ: Այդ գովազդային պաստառների ներկայությունն էլ ավելի է նյարդայնացնում այդ երեւույթից դժգոհ մարդկանց: «Ժողովուրդ»-ը «Զեբրա» գովազդային գործակալությունից փորձեց տեղեկանալ, թե երբ են հանվելու ցուցապաստառները: Գործակալության աշխատակիցը, որը խուսափեց ներկայանալ, լսելով հարցը, կոպիտ տոնով պատասխանեց. «Դա ձեզ ինչ է պետք: Դեռ հայտնի չէ, թե երբ ենք հանելու»: Հավանաբար, ԱՄՆ Սպիտակ տանը պետք է որոշվի, թե երբ կհանվեն «Զեբրա»-ի գովազդային վահանակները:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 24-ին Երեւանի «Վելքամ Ն.Կ.» խանութից գողություն է կատարվել: Խանութը գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանում, որտեղից տարել են 30 հազար դրամ գումար եւ բաճկոն: Պարզվել է, որ գողություն կատարողը Իրանի քաղաքացի է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այժմ քննություն է կատարվում:
ՑԱՎԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ կառավարության անդամներից պարզել, թե ինչ են իրենք անելու, եթե իրենց զավակները եւս հանցագործություն կատարեն, օրինակ, թմրանյութեր ներկրելու տեսքով, ինչպես եղավ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի դեպքում, արդյոք իրենք հրաժարականի դիմում կներկայացնե՞ն: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից պարզեցինք, որ անտեղյակ է Վարդանյանի որդու հետ կատարվածից. «Իսկ ի՞նչ է պատահել, ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել: Եթե նման բան է եղել, ապա դա շատ ցավալի բան է»: Իսկ Ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հարցը լսեց ու որեւէ կերպ չարձագանքեց: