ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27
Կիրակի օրը կլրանա հոկտեմբերի 27-ի ոճրագործության 14-րդ տարելիցը: Այդ օրը հիշատակի միջոցառում է լինելու խորհրդարանի բակում` 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Ավանդույթի համաձայն, շատ պաշտոնյաներ կգնան Եռաբլուր՝ ծաղիկներ դնելու Վազգեն Սարգսյանի շիրմաքարին:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌՈՒՄԲԵՐ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, թե ինքը վախենում է բոլոր գաղտնի գործընթացներից: «Դրանք իրենց մեջ ռումբեր են պարունակում»,- ասաց նա` մեկնաբանելով նախօրեին երեկոյան Մինսկում տեղի ունեցած փաստաթղթերի ստորագրումը: Այս համատեքստում նա հիշեց հայ-թուրքական արձանագրությունները, ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը եւ Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը, որոնք, մշակվելով գաղտնիության պայմաններում, արդյունքում վնաս բերեցին Հայաստանին: Արամ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց նաեւ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի վրա, որտեղ ասվում է, որ Հայաստանը, իբր, բռնազավթել է Ադրբեջանի տարածքը: Ընդ որում, Արամ Մանուկյանի խոսքով՝ ուշագրավ է, որ այդ բանաձեւը նախապատրաստվել է շուրջ 15 օր առաջ: «Փաստորեն, սրանք իմացել են այդ բանաձեւի մասին եւ ուրիշ ռեսուրս չունենալով՝ շրջանառության մեջ են դրել Զորիի լալկան նամակը, որին արդեն հաջորդեց ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը՝ Հերմինե Նաղդալյանի հոդվածի տեսքով»,- ասաց նա` ԵԽ հայտարարությունը որակելով որպես Եվրոպայի պատասխանը ՀՀ-ին` ՄՄ-ին անդամագրվելու հայտարարության համար:

ԷԼԻՏԱՐ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը էլիտար ճաշակի տեր անձնավորություն է: Նա էլիտար է նաեւ գնումների ոլորտում: Բանն այն է, որ ֆինանսների նախարարությունը 105 հազար դրամ է ծախսել պայուսակներ գնելու համար։ Ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, նախարարությունն այդքան գումարի գնել է 15 հատ սեւ բրեզենտե պայուսակ` յուրաքանչյուրը 7 հազար դրամով: Այնինչ նման պայուսակները շուկայում շատ ավելի էժան են: Բայց, քանի որ Դ. Սարգսյանն էլիտար անձնավորություն է, նրա նախարարության պայուսակները եւս պետք է լինեն էլիտար` վրան էլ ոսկեգույն տառերով գրված «ՀՀ ֆինանսների նախարարություն» ու ՀՀ ոսկեգույն զինանշանով:




Լրահոս