ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Դավթյանի հարազատները շոկի մեջ են եւ չեն կարողանում հասկանալ կատարվածի պատճառը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքնասպան եղած զինվորի հորեղբոր որդին՝ Արտակ Դավթյանը: «Ես եմ անձամբ Ռուբենին բանակ ճանապարհել: Նա հարյուր տոկոսանոց պատրաստ էր ծառայելու: Չգիտենք, թե ինչ է եղել, ինչու է նման բան արել: Նրա եղբայրները միշտ ասում էին, որ ամեն ինչ նորմալ է եղել: Ռուբենը լավ ֆիզիկական պատրաստություն ուներ»,-հուզված ասաց ինքնասպան եղած զինվորի հորեղբոր որդին` Արտակը՝ հավելելով, որ Ռուբենը ունի երկու եղբայր, որոնք ծառայել են Հայոց բանակում: Նշենք նաեւ, որ զինվորն իր ծառայությունը իրականացնում էր Արմավիրի մարզում:

ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի շուրջ ծավալվող սկանդալային դեպքերին, ասաց, որ, մամուլին տեղեկություններ տալուց բացի, անհրաժեշտ է դիմել հանձնաժողով եւ ներկայացնել փաստեր, որոնք էլ կդառնան Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա: «Վարքագծի խախտման առումով դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը իրավունք ունի անդրադառնալ հարցին միայն այն դեպքում, երբ դրա համար կան հիմնավոր առիթներ»: Հավելենք, որ երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել դատավորի քույրը՝ Ադելինա Հովհաննիսյանը, ով հայտարարեց, թե իր քույրը պարտք չէ պարուսույց Նունեին. «Ինքն է մեզ պարտք, ու ես ասել եմ՝ եթե քրոջս հետ որեւէ բան պատահի, Նունեն պետք է պատասխան տա»: Իսկ ահա պարուսույց Նունե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ունի հիմնավոր փաստեր, որ դատավորը «քցել է» իրեն: Ավելին, նա ասաց, որ ինքը վճռական է տրամադրված եւ դիմելու է Էթիկայի հանձնաժողով, որպեսզի քննության առնեն դատավորի վարքը:

ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՀՐԱՀՐԵԼ
«Նախախորհրդարանը» երեկ հանդես է եկել հայտարարությամբ` արձանագրելով, որ Նոր Նորքի 2-րդ եւ 3-րդ զանգվածներում անցկացված «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի բոյկոտի երթի ժամանակ ոստիկանությունը չի միջամտել բախումներ հրահրելու փորձերին: «Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարբերաբար հարձակվում էին երթի մասնակիցների վրա, փակում նրանց ճանապարհը, հայհոյում էին, վիրավորում, կաղիններ, քարեր եւ այլ առարկաներ էին շպրտում նրանց վրա, մինչդեռ ոստիկանությունը չտեսնելու ու չլսելու էր տալիս այդ հակաօրինական գործողությունները եւ անտեսում էր դրանք մատնացույց անող երթի մասնակիցների բողոքները»,- ասված է հայտարարությունում:

ՊԻՏԻ ՄԻՋԱՄՏԵ՞Ր
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, Yerkir.am-ի հետ կարճ զրույցում խոսելով որդու ձերբակալման մասին, ասել է. «Ես, իհարկե, որպես հայր, մտահոգ եմ եւ ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ կատարվածի համար: Հուսամ` այսպիսի դեպքերի հետ իմ ընտանիքը առաջին եւ վերջին անգամ է առնչվում: Դավիթն ինքնուրույն, կայացած երիտասարդ է եւ իր արարքի համար թող պատժվի օրենքի սահմաններում: Գոնե ես` որպես ծնող եւ պաշտոնատար անձ, ինչպես հայտարարել եմ` ինձ թույլ չեմ տա միջամտել գործին»։




Լրահոս