Այս տարվա սեպտեմբերի 23-30-ը Հայաստանում կանցկացվի «Սոսե» միջազգային կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2014-ին: Արդեն երրորդ տարին գործող փառատոնի ընթացքում կներկայացվեն տարբեր երկրներից երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր, որոնք կպատմեն կնոջ մասին: Բացի այդ` այս տարի փառատոնի շրջանակներում կլինեն թեմատիկ այլ ուղղություններ` առաջինը բնապահպանական բնույթի է, ներկայացնում է ջրի թեման, երկրորդը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին, իսկ երրորդը ուսանողական ծրագիր է, որը թեմատիկ սահմանափակումներ չի ենթադրում: «Ժողովուրդ»-ը կինոփառատոնի նպատակների եւ բարձրացրած խնդիրների մասին զրուցել է հիմնադիր-նախագահ Ռիտա Խալաթյանի հետ:
-Ռիտա՛, քանի որ Ձեր գործունեության թիրախում կինն է, հետաքրքիր է` մինչ օրս կանանց վերաբերող ի՞նչ կոնկրետ խնդիրներ են բարձրացվել կինոփառատոնի շրջանակներում:
-Մեր ուշադրության կենտրոնում, այո, կինն է, քանի որ մեր տարածաշրջանում առկա է կանանց իրավունքների պաշտպանության խնդիր, որի մասին հարկավոր է բարձրաձայնել տարբեր մշակութային միջոցառումներում եւ ֆորումներում: Հնչեղություն ենք տալիս այնպիսի թեմաների, ինչպիսիք են կանանց հանդեպ բռնությունը կանխելու, նրանց դերը հասարակական-քաղաքական կյանքում ակտիվացնելու անհրաժեշտությունը, կնոջ` որպես միայնակ մոր շահերը պաշտպանելու հարցը եւ այլն: Այս թեմաներով մի շարք ֆիլմեր ենք ստացել, օրինակ, Իրանից, արաբական, աֆրիկյան, ինչպես նաեւ եվրոպական տարբեր երկրներից: Բայց պետք է շեշտեմ, որ բացի կանանց իրավունքների պաշտպանությանը անդրադառնալուց` փառատոնի շրջանակներում բարձրացվում են նաեւ կանանց գործունեության թերացումներին առնչվող թեմաներ: Չէ՞ որ ամեն բան չէ, որ նրանք իդեալական են անում. շատ անգամ հենց իրենց մեղավորությամբ են ոտնահարվում սեփական իրավունքները: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս տարի փառատոնին ներկայացված ֆիլմերի որակը, համեմատած նախորդ տարիների հետ, բավական բարձր է, թեմաները դիպուկ են, մենք էլ, ի դեպ, խստացրել ենք կանոնակարգը:
-Իսկ հայ ռեժիսորները կանանց վերաբերող ի՞նչ խնդիրների մասին են բարձրաձայնում:
-Հետաքրքիր է, որ մեր ռեժիսորները հիմնականում հայ կնոջը, օրինակ` նրա գեղեցկությունը գովերգող ֆիլմեր են ներկայացնում, նրանց կողմից «ցավոտ» ֆիլմեր չենք ստացել, օրինակ` այնպիսիք, ինչպիսիք իսլամական պետությունների ներկայացուցիչներից ենք ստանում:
-Բացի կանացի թեմաների վեր հանումը` է՞լ ինչ կարեւոր նպատակ ունեք:
-Օրինակ` նկատել ենք, որ աշխարհի տարբեր ծայրերից մի շարք ուսանողներ մեր փառատոնին ներկայացնում են ֆիլմեր, որոնք բյուջեով չեն գերազանցում հայ ուսանողների ֆիլմերին, սակայն երբեմն դրանցից ավելի հետաքրքիր են: Այսինքն` ամեն բան չի կարելի բարդել ֆինանսական գործոնի վրա: Ուստի մեզ համար կարեւորագույն նպատակներից մեկը Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը նպաստելն է:
-Այս տարի փառատոնի ժյուրիի կազմում անվանի կինոգործիչներ կլինե՞ն, իսկ հայտնի հյուրեր կունենա՞ք:
-Ժյուրիի կազմի համար հիմնականում ընտրում ենք արտասահմանցի կինոգործիչներ, որովհետեւ այն համոզման ենք, որ արտասահմանյան աչքի, դրսի գնահատականների կարիք կա: Անուններ, սակայն, դեռեւս հայտնել չենք կարող: Իսկ հյուրերի մասով բանակցություններ են ընթանում: Դուք գիտեք, որ դա մեծապես կապված է ֆինանսական գործոնի հետ: Ամեն դեպքում, փորձում ենք այդ հարցը լուծել:
-Ռիտա՛, մեր երկրում կա «Ոսկե ծիրան» ճանաչում ձեռք բերած կինոփառատոնը: Սրան զուգահեռ գործունեություն ծավալելը, ինչու ոչ, մրցակցելը դժվար չէ՞:
-Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում, ավելի ճիշտ` մեր տարածաշրջանում մրցակցելու իրավունք չունենք: Մրցակցել կարող են Բեռլինի եւ Կաննի կինոփառատոները, որոնցից ամեն մեկը լուրջ կշիռ ունի, բայց ոչ մենք: Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան»-ին, ասեմ, որ սիրում ենք այդ փառատոնը, սովորում ենք շատ բաներ, շնորհակալ ենք, որ այն իր գործունեությամբ մուսա հանդիսացավ այլ փառատոների համար: Իսկ մյուսները ավելորդ չեն, թող նոր փառատոներ հիմնվեն, չէ՞ որ դրանցից ամեն մեկն իր ծրագիրն ունի ֆիլմարտադրության զարգացման գործում:
Հավելենք, որ «Սոսե» կինոփառատոնը նախատեսում է հետեւյալ անվանակարգերը՝ «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենար», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», իսկ հատուկ ծրագրի շրջանակում կլինեն նաեւ «Թեմայի լավագույն մեկնաբանություն» եւ «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգերը: Հաղթողները կստանան «Սոսե» կինոփառատոնը խորհրդանշող արձանիկներ, իսկ հաղթանակած ուսանողներին կտրվի դրամական խրախուսական պարգեւ. ուսման մեկ տարվա վարձը կվճարի փառատոնը:
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆԱԿՆԿԱԼ` ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար աշխատանքային այս տարին բավական հագեցած է, ուստի նա իր ընտանիքի հետ հոգնածությունը թոթափելու արդյունավետ «դեղամիջոց» ունի` ծովը:
Դերասանուհին նախորդ տարի ընտանիքով մեկնել էր Հունաստան` Կրետե կղզի: Այս տարի էլ երկրորդ անգամ ցանկություն ունի այդ երկրում լինելու, այս անգամ սակայն Ռոդոս կղզում. «Վստահ եմ, որ մի լավ կհանգստանանք եւ մեծ էներգիայով լիցքավորված` կվերադառնանք: Տպավորված ենք այնտեղի կլիմայով, որ բավական «փափուկ է»: Բացի այդ` մենք բոլորս` ես, Գոգան եւ Գաբին (ամուսինը` Գեորգի Պողոսյանը եւ դուստրը` Գաբրիելան) ծովափնյա հանգստի մեծ սիրահար ենք»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Լուիզան:
Նա նշեց, որ պասիվ հանգստի սիրահար է, որը ենթադրում է մարզանք, ընթերցանություն եւ արեւայրուք: Նա պատմեց, որ դուստրն արտերկրում իրեն շատ լավ է զգում, կարողանում է ազատ շփվել օտարազգի երեխաների հետ` դրսեւորելով օտար լեզուների իմացությունը. «Իմ հանգստի միակ «անհանգիստ» կետը Գաբիին ջրից հանելու պահն է»,- ծիծաղելով հավելեց Լուիզան:
Ու թեեւ վերջինս նշում է, որ պասիվ հանգստի սիրահար է, այնուամենայնիվ, երբ առիթ է լինում, մասնակցում է ծովափնյա խաղ-մրցույթների, անգամ հասցրել է պատվոգրեր ստանալ. «Բասկետբոլ, պարանի ձգում, խաղեր լողավազանում. այս բոլոր դեպքերում ես ինձ վատ չեմ դրսեւորում եւ մի քանի անգամ հնչեցրել եմ «Արմենիա» անունը»,-ասաց նա:
Լուիզան տեղեկացրեց, որ մինչեւ մեկնելը` հուլիսի 22-ին եւ 23-ին հանդես կգա նոր ներկայացման շրջանակում, որը կոչվում է «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» (ռեժիսոր` Սեդրակ Գոջամանյան, սցենարի հեղինակ՝ Ռոբերտ Հարությունյան): Լուիզայի խաղընկերների թվում են Լեւոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը, Ռոբերտ Հարությունյանը:
«Իսկ արդեն հանգստից վերադառնալուց հետո երկրպագուներին սպասվում է մեծ անակնկալ` հեռուստատեսային ձեւաչափով, որի մասին մանրամասներ կհայտնեմ ավելի ուշ»,-եզրափակեց դերասանուհին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿՆՎԻՐՎԻ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻՆ
«Հիշիր այս պահը» միջազգային փառատոնը, որը նվիրված է ազգությամբ հայ հռչակավոր երգահան Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 85¬ամյակին, հուլիսի 19-ին բացվում է Մոսկվայի Մեծ թատրոնի Նոր բեմում՝ «Երկարատեւ դարձրեք պահը, մաեստրո» օպերային գալա-համերգով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բեմադրող ռեժիսորն է Իգոր Ուշակովը: Համերգին կմասնակցեն Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսանդր Պոլյանիչկոյի ղեկավարությամբ եւ Պետական ակադեմիական Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները: Նրանց կատարմամբ կհնչեն հատվածներ «Ո՞վ ես դու», «Կոմս Կալիոստրո», «Ֆիգարենկոյի ամուսնությունը», «Սպասում» օպերաներից, ինչպես նաեւ «Եղջերու արքան» կինո¬օպերայից: Փառատոնը նաեւ տեղի կունենա Ֆրանսիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Վրաստանում, Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում: Փառատոնի շրջանակներում կբացվեն կոմպոզիտորին նվիրված երկու ցուցահանդեսներ՝ մեկը՝ Լոնդոնում, երկրորդին, որն անվանվել Է «Առաջին պահից մինչեւ վերջինը», սեպտեմբերի 2¬ից հրավիրում է Մոսկվայի՝ Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարանը:
ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
Հայաստանի գրողների միությունը հայտնում է, որ կյանքի 71-րդ տարում հանկարծամահ է եղել բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Նա հայկական պոեզիայի 60-ականների սերնդի ճանաչված ներկայացուցիչ էր, հրապարակախոս, թարգմանիչ, «Արեւիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր:
Նշենք, որ Դավիթ Հովհաննեսը հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական եւ թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական եւ քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից եւ անգլերենից): Հայտնի են նրա` «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» եւ այլ բանաստեղծությունները:
ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Դերասաններ Դիանա Քրյուգերն ու Ջոշուա Ջեքսոնը տասը տարվա համատեղ կյանքից հետո որոշել են խզել իրենց հարաբերությունները: People-ի փոխանցմամբ` նրանք, ամեն դեպքում, մտադիր են մնալ որպես ընկերներ:
Նշենք, որ դերասանները սկսել են հանդիպել 2006-ի հունիսին:
Հիշեցնենք, որ Քրյուգերը 25 տարեկանում ամուսնացել էր ֆրանսիացի դերասան ու ռեժիսոր Գիյոմ Կանեի հետ, ապա հինգ տարվա համատեղ կյանքից հետո նրանք բաժանվել էին: