Զինված խմբի բոլոր անդամները, ովքեր գրավել էին Երևանում ոստիկանական գունդը, հանձնվել են իշխանություններին, գրում է Gazeta.ru-ն:
Ապստամբներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ արդեն վառել են կայծը, որը, նրանց կարծիքով, կվառի ողջ երկրում ժողովրդի զայրույթի կրակը: Երկուշաբաթյա ապստամբության պատճառը, ինչպես գրում է Gazeta.ru-ն, խոսակցություններն էին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստվում են «հանձնել» Լեռնային Ղարաբաղը:
Երկու շաբաթ 31 մարդուց բաղկացած զինված խումբը լարվածության մեջ էր պահում ողջ քաղաքը: Այդ ընթացքում ապստամբների հետ բանակցություններ էին վարում, սակայն խմբի առաջնորդները հրաժարվում էին ենթարկվել: Նրանք պատանդառել էին իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ապա նաև շտապօգնության բուժաշխատողներին:
«Ազգային անվտանգության ծառայությունն աստիճանաբար շարքից հանեց զինված խմբի անդամներին»,- գրում է Gazeta.ru-ն:
Իշխանություններին հանձնվելուց մեկ օր առաջ վիրավորվել և հիվանդանոց էին տեղափոխվել զինված խմբի 9 անդամները, ևս երկուսը դուրս էին եկել գնդի տարածքից և հանձնվել իշխանություններին: Գրավման առաջին օրերից Երևանում շարունակվում էին զինված խմբի կողմնակիցների ցույցերը: Նրանք արդարացնում էին զինված խմբի գործողությունները: Ոստիկանության հետ բախումների ժամանակ տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հարյուրավոր մարդիկ ոստիկանական բաժանմունքում հայտնվեցին:
Gazeta.ru-ն նշում է, որ Հայաստանի ԱԱԾ-ն վերջին նախազգուշացումն արեց՝ պահանջելով վայր դնել զենքն ու հանձնվել, սակայն կտրուկ գործողությունների չդիմեց: Պահանջը կատարելու համար ԱԱԾ-ի նշանակած ժամին հայտնի դարձավ, որ սպանվել է ևս մեկ ոստիկան՝ Յուրի Տեպանոսյանը: ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ ոստիկանին զինված խմբի անդամները չեն սպանել:
Պարբերականը հիշեցնում է, որ կիրակի օրը ձերբակալվեց Արցախի հերոս Պավլիկ Մանուկյանը:
«Մենք ընդամենը կայծ ենք, հայ ժողովուրդը կշարունակի սկսածը»,-ասել էր խմբի առաջնորդներից մեկը:
Թարգմանությունը Քրիստինե Պողոսյանի