ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ օգոստոսի 20-ին կառավարության շենքից ցած նետվելու միջոցով ինքնասպան եղած 22-ամյա Հայկ Հայրապետյանն իր ազգականն է: Ավելին, նախարարը, անդրադառնալով բնապահպանության նախարարության (ԲՆ) աշխատակիցների շուրջ կատարվող սկանդալային դեպքերին, բավարարվել է միայն նրանց ընտանիքներին ցավակցելով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀ ԲՆ-ում բավականին լուրջ դեպքեր են արձանագրվում: Դեռեւս այս տարվա օգոստոսի 20-ին զարմանալի հանգամանքներում կառավարության երրորդ մասնաշենքի 6-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպան էր եղել նախարարության 22-ամյա աշխատակից Հայկ Հայրապետյանը: Ուշագրավն այն էր, որ դեռեւս այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե ինքնասպան եղած տղան բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ազգականն է, սակայն այդ փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց Հայկի հայրը` նշելով, թե իր ընտանիքը նախարարի հետ ոչ մի ազգակցական կապ չունի:
Ինքնասպանության այս դեպքից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն մինչ օրս փորձագիտական եզրակացության արդյունքները պատրաստ չեն, եւ այս հանգամանքը նույնպես մտահոգում է Հայկ Հայրապետյանի հորը՝ Միշա Հայրապետյանին:
Բայց սա միակ զարմանալի դեպքը չէ, որ կատարվել է ԲՆ աշխատակիցների հետ: Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, անհայտ անձը կրակել էր «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տեսուչ Մխիթար Սեդրակյանին ու սպանել նրան: Սպանված տեսուչի կինը՝ Թամարա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կասկածներ էր հայտնել, որ դեպքը կապված է արգելոցի հետ, ու միգուցե իր ամուսնու սպանությունը որսագողության հետեւանք է:
«Ժողովուրդ»-ն ինքնասպանության եւ սպանության այս դեպքերի շուրջ զրուցեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր աշխատակիցների հետ կատարվող ողբերգական դեպքերը: Մի դեպքում երիտասարդ տղան աշխատանքի ժամին ինքնասպան եղավ, մյուս դեպքում սպանվեց Ձեր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ի տեսուչը որսագողության հետեւանքով (՞):
-Կոռեկտ չեմ համարում այս հարցը, քանի որ գնում է քննություն: Ես կխնդրեի, որ Դուք էլ մարդկային տեսանկյունից ձեռնպահ մնաք նման հարցադրումներ անելուց: Քննություն է գնում, եւ իրավապահները բոլոր պարզաբանումները կտան: Կա կոնկրետ դեպք, ու հարուցված է քրեական գործ, եւ ես այստեղ որեւիցե լիազորություն չունեմ: Միայն մարդկային տեսանկյունից իմ ցավակցությունն եմ հայտնել այդ ընտանիքներին, հարազատներին: Ավելին, ընտանիքի անդամներին կցանկանամ համբերություն, մինչեւ իրավապահ մարմինները կտան անհրաժեշտ իրավական բացատրություններ ու հետեւանքներ: Վերջ:
-Ինքնասպան եղած Հայկը Ձեր ազգակա՞նն էր:
-Այսքան խոսելուց հետո, կարծում եմ, անիմաստ հարցեր եք տալիս, մենք հայերով բոլորս հարազատներ ենք:
-Ընդամենը ուզում էի ճշտել՝ ազգակցական կապ կա, թե ոչ:
-Հայկ Հայրապետյանն իմ մոր կողմից ինձ ազգական է, այո՛: Սակայն դա որեւէ բան չի փոխում օբյեկտիվ քննություն անելու եւ պարզաբանումներ տալու մասով: Իմ ոլորտին առնչվող հարցե՛ր տվեք, խնդրում եմ:
-Բարի: Ձեր մամլո խոսնակը դիմում գրեց եւ չցանկացավ այլեւս Ձեզ հետ աշխատել: Կարծիքներ կան, որ Ձեզ հետ աշխատելն անհնար է: Այս մասին ի՞նչ կասեք:
-Դուք լավ կլինի, որպես մամուլի ներկայացուցիչ, եթե Ձեզ այդպիսին համարում եք, կապ հաստատեք Հայկի հետ ու պարզեք իրենից: Բացարձակապես մենք որեւէ խնդիր չենք ունեցել, եւ ես իր աշխատանքից գոհ եմ եղել:
-Իրականում ի՞նքն է հրաժարվել, թե՞ Դուք:
-Ինքն է ազատման դիմումը գրել, մենք իրար հետ զրուցել ենք, կրկնում եմ՝ որեւէ խնդիր չի եղել, իսկ մնացած հարցերով կարող եք դիմել իրեն, կմանրամասնի:
Հ.Գ. Առաջիկայում կներկայացնենք նախարարի հետ հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում է բնապահպանության ոլորտին, նախարարի ուղղակի պատասխանատվությանը:
ՆԱԽԱՐԱՐԸ ՄԻԱՅՆ ՑԱՎԱԿՑԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ