«Վեհափառն արձակուրդի չի գնացել և դժվարին պահին մնացել է երկրում». ինչո՞ւ Կաթողիկոսը ելույթ չունեցավ, այլ գերադասեց Սերժ Սարգսյանին հանդիպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հանդիպել է մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Այս փաստը հասարակության մոտ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Մարդկանց ավելի շատ զայրացրել է այն, որ հոգեւոր առաջնորդը նստել է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ իրավապահ համակարգը ղեկավարող անձանց կողքին. այն իրավապահների, որոնց հրահանգով հարյուրավոր քաղաքացիներ ծեծի ենթարկվեցին ու կալանավորվեցին:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Տեր-Համբարձում քահանա Դանիելյանի հետ:

-Տե՛ր Համբարձում, ո՞վ էր հրավիրել Վեհափառին նախագահի նստավայր, մասնավորապես՝ վերոնշյալ հանդիպմանը:

-Նախագահը ինքն է հրավերք կատարել: Այդ հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցներ եւ այլն: Եւ նաեւ այդ համատեքստում Ամենայն հայոց կաթողիկոսին է հրավերքը կատարվել նախագահի կողմից:

-Ինչո՞ւ Վեհափառը ելույթ չի ունեցել: Ինչո՞ւ էր նստել ու լռում…

-Այնտեղ որեւիցե ելույթ նախատեսված չէր, որպեսզի Հայրապետը ասեր: Միայն նախագահի ելույթը հնչեց, եւ այլ ելույթներ չեն եղել:

-Այդ հանդիպումից հետո հասարակաությունը քննադատում է Վեհափառի մասնակցությունը այդ հանդիպմանը: Բացի այս՝ ակտիվ քննարկվում է նաեւ այն, որ հոգեւոր առաջնորդը նստել է իշխանության, իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողքին …

-Մենք պետք է արձանագրենք, որ որեւիցե մեկի կողքին նստելը կամ կողքից հեռու լինելը համագործակցության, չհամագործակցության հետ կապված կամ առնչություն ունեցող երեւույթներ չեն: Սա պարզապես մի հրավերք էր, որը պետք է իրագործվեր, որովհետեւ գիտենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը այսպիսի նշանակալի ելույթների ժամանակ իր մասնակցությունն է բերում: Յուրահատուկ ոչինչ այստեղ չկա, որպեսզի դառնա շահարկումների կամ քննդատությունների առիթ:

-Տե՛ր Համբարձում, չէ՞ որ այդ ելույթից ընդամենը երկու օր առաջ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ թեժ բախումներ եղան, որոնց արդյունքում բազմաթիվ ցուցարարներ եւ լրագրողներ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան: 17-ամյա Սայաթը կորցրեց իր աչքը:

Ինչո՞ւ հոգեւոր առաջնորդը չգնաց եւ չկանգնեց նրանց կողքին, այլ գերադասեց նստել Վլադիմիր Գասպարյանի, Գեւորգ Կոստանյանի կողքին եւ լսել Սերժ Սարգսյանին:

-Մեր հոգեւորականները, որոնք այդտեղ էին, Հայրապետի օրհնությամբ էին գնացել: Առիթ չկա, որպեսզի կարծենք, որ որեւիցե անտեսում կա, կամ մտահոգություն չկա: Անշուշտ մտահոգությունը մեծ է:

Մենք էլ համապատասխանաբար հայտարարություններ, հաղորդագրություններ ենք տարածել եւ մեր մտահոգությունները արտահայտել ենք այս իմաստով:

-Հայտարարութուն տարածելն այլ է, իսկ մարդու կողքին կանգնելը՝ այլ…

-Դուք հարցը այլ ուղղություն եք տեղափոխում: Իսկ Վեհափառը պետք է այս օրերին արձակուրդում գտնվեր, բայց նա հանրապետության համար այս դժվարին օրերին մնացել է եւ չի մեկնել արձակուրդի:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս