Այս տարվա հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ծեծի էր ենթարկվել:
Գործը դեռևս նախաքննության փուլում է, կան կալանավորվածներ: Ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանի փաստաբան Հայկ Ալումյանը սկզբում մեղադրանք էր առաջադրվել մարդուն առևանգելու մասով, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում, սակայն նրանց արարքը հիմա վերաորակել են որպես խուլիգանություն. «Այդ հոդվածը շատ ավելի մեղմ է, մի քանի բաներ ուղղակի անտեսել են: Խուլիգանության որակումը ոչ մի կապ չունի այն արարքի հետ, որը այդ մարդիկ արել են:
Այսինքն` եթե նույնիսկ հրապարակում այդ մարդիկ հայհոյանքներ են տվել և խախտել են հասարակական կարգ, դա դեռևս չի նշանակում, որ իրենց արածը միայն խուլիգանություն է: Խուլիգանությունը կարող է իրենց արածի մի մասը միայն լինել: Նրանց նպատակը խուլիգանություն անելը չի եղել. քրեաիրավական գնահատականից դուրս է մնացել այն հանգամանքը, որ Հայկ Խանումյանին առևանգել են, և մեղադրանքի մեջ նաև ներառված չէ, որ այն վայրը որտեղ Խանումյանին տեղափոխել են նա կրկին ծեծի է ենթարկվել»:
Փաստաբանը նաև նշեց, որ այսպիսի իրավական գնահատականներից կարելի է ենթադրել, թե նրանք ոչ թե Հայկ Խանումյանին են ծեծի ենթարկել, այլ ուղղակի խախտել են հասարակական կարգը. «Ստացվում է, որ եթե հրապարակում այդ մարդիկ չհայհոյեին, նրանք շատ ավելի ծանր հոդվածով էին իրենց պատիժը կրելու»:
Փաստաբանը նշեց, որ երեկ որոշումը բողոքարկել է ԼՂՀ գլխավոր դատախազություն և հույս ունի, որ քրեական իրավունքը չի ոտնահարվի. «Ես տեղեկություններ ունեմ, որ նման թեթև հոդված կիրառելուց զատ նաև ցանակնում են նրանց համաներմամբ բաց թողնել, որը կդառնա գորշելաձև՝ պատգամավորին բոլորի աչքի առաջ ծեծել, առևանգել, հետո մեկ այլ վայրում կրկին ծեծել, ու այդ ամենն ավարտվի այնպես, որ ոչ ոք պատիժ չկրի ուղղակի ծայրահեղ դրսևում է. սրանից վատ կարող է լինել մեկ էլ մարդակերությունը»: