Պետական բյուջեի առյուծի բաժինը նախատեսվում է ծախսել պետական պաշտոնյանների ապահով կյանքը բարելավելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը շարունակում է ծախսել Հայաստանի պետական բյուջեում չեղած գումարները: Ինչպե՞ս, այսպես, պետական բյուջեով այս տարվա համար ծրագրված 1 տրիլիոն 427 միլիարդ 277 միլիոն գումարներից երեկվա դրությամբ արդեն ծախսվել էր 819 միլիարդ 323 միլիոն դրամը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական բյուջեի առաջին կիսամյակի հաշվետվությունը, որում պաշտոնապես արձանագրված է, որ պետական բյուջեի ծախսային մասով կատարողականը կազմել է 92 տոկոս: Այսինքն՝ առաջին կիսամյակի համար պետական բյուջեի պլանով նախատեսված է եղել ծախսել 687 միլիարդ 113 միլիոն դրամ:

Սակայն առաջին կիսամյակում ՀՀ կառավարությունը պետական բյուջեի կատարման համար կարողացել է փաստացի հատկացնել 631 միլիարդ 817 միլիոն դրամ: Ու այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը չի կարողանում պլանավորված գումարները հավաքագրել, դրա համար էլ պետական բյուջեի միջոցները սկսել են քչություն անել, հաստատվում է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությամբ:

Մյուս կողմից, երբ ուսումնասիրում ենք առանձին ոլորտների ծախսերը, կրկին բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: Այսպես՝ ողջ տարվա կտրվածքով պետբյուջեում բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ նպատակի համար նախատեսված է 34 միլիարդ 813 միլիոն դրամ: Այդ գումարից բնակարանային շինարարության համար նախատեսված է 7 միլիարդ 510 միլիոն դրամ, 24 միլիարդ 31 միլիոն դրամը` ջրամատակարարման, 2 միլիարդ 360 միլիոն դրամը` փողոցային լուսավորության եւ 911 միլիոն դրամը` ոչ մի դասի մեջ չմտնող բնակարանային շինարարության համար: Վերը նշված ընդհանուր գումարից երեկվա դրությամբ ծախսվել է 11 միլիարդ 593 միլիոն դրամը, իսկ 23 միլիարդ 220 միլիոն դրամը դեռ նոր պետք է ծախսեն:

Փաստորեն, հիմնականում երկու` ջրամատակարարման եւ փողոցային լուսավորության ուղղությամբ են գումարները ծախսվել: Մասնավորապես, ջրամատակարարման ուղղությամբ ծախսվել է 8 միլիարդ 987 միլիոն դրամ, իսկ փողոցային լուսավորության համար` 1 միլիարդ 350 միլիոն դրամ: Ողջ տարվա բնակարանային շինարարության համար նախատեսված գումարներից, երեկվա դրությամբ ծախսվել է մոտ տասը տոկոսը միայն` 703 միլիոն դրամ, իսկ 6 միլիարդ 807 միլիոնը դեռ մնում է ՀՀ կառավարության գանձարանում:

Ավելին՝ բնակարանային շինարարության համար նախատեսված գումարների մոտ 80 տոկոսը` 5 միլիարդ 576 միլիոն դրամը, նախատեսված է պետական ծառայողներին բնակարանով ապահովելու համար: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեով կոնկրետ ոլորտի համար նախատեսված գումարների առյուծի բաժինը նախատեսվում է ծախսել պետական պաշտոնյաների՝ առանց այդ էլ ապահովված կյանքը էլ ավելի ապահովված դարձնելու համար: Իսկ, ասենք, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով ողջ տարվա կտրվածքով հատկացվել է 1 միլիարդ 849 միլիոն դրամ:

Այդ գումարի առյուծի բաժինը հատկացվել է ՀՀ Շիրակի մարզպետարանին` 1 միլիարդ 610 միլիոն դրամ, որից երեկվա դրությամբ ծախսվել է 530 միլիոն դրամ: Ի դեպ, ծախսված գումարներից 525 միլիոն 753 հազար դրամը նախատեսվել է ծախսել Ախուրյան քաղաքում երեք կիսակառույց շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Նշված գումարից 76 միլիոն 896 հազար դրամն արդեն իսկ վճարվել է: Մասնավորապես, միայն նախագծա-նախահաշվային աշխատանքների հավար վճարվել է 8 միլիոն 300 հազար դրամ «Արխիտոն» ՍՊԸ-ին: Իսկ 68 միլիոն 596 հազար դրամը վճարվել է նշված երեք շենքերի շինարարական աշխատանքների համար, որից 28 միլիոն 339 հազարը` «Շինարար» ՍՊԸ-ին, իսկ մնացած 40 միլիոն 257 հազարը՝ «Շինկարկաս» ՍՊԸ-ին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս