Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին ՀԱԿ անդամների լռությանը, ուշագրավ հայտարարություն է արել: Մեկ ամիս անց առաջին անգամ խոսելով կատարվածի մասին՝ Մանուկյանը նախ ընդգծել է, որ բռնությամբ իշխանափոխության հասնելու մեթոդն իրենց համար անընդունելի է, ապա հավելել.«Չի կարելի անել այնպիսի բան, որը կարող է եղածն էլ կործանել: Եվ մեր լռությունը հենց այդ նպատակն ուներ, որ չսրեր, չլարեր վիճակը, չտաներ ավելի վատ էսկալացիայի»:
Նկատենք, որ իրենց լռությունը օրերս գրեթե բառ առ բառ նույն կերպ էր պարզաբանել նաեւ ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը: Իսկ նրանից առաջ էլ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել, թե ԱԺ արտահերթ նիստ չեն գումարում, որպեսզի Աժ ամբիոնից հնչող հայտարարություններով էլ ավելի չլարեն իրավիճակը:
Այսպիսով՝ ինչ է ստացվում. այն պահին, երբ երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է, իշխանություններն, ըստ էության, պարալիզացված, իսկ հանրության ճնշող մասն էլ անորոշության մեջ է եւ սպասում է իր քաղաքական ընտրյալների կողմնորոշիչ խոսքին, վերջիններս լռում են՝ «լարվածությունը չմեծացնելու համար»: Ավելի լավ ինքնախոստովանություն՝ սեփական հեղինակության չգոյության մասին, թերեւս դժվար էր անել: Եւ եթե իշխանությունների դեպքում լռությունն ինչ-որ տեղ հասկանալի էր, քանի որ նրանց խոսքը կարող էր առավել բորբոքել առնվազն Խորենացի փողոցում հավաքվածներին, ապա իրեն տիտղոսավոր ընդդիմություն համարող ուժի՝ «Հայ ազգային կոնգրեսի» դեպքում լռելը վիճակը չսրելու եւ էլ ավելի չլարելու պատճառաբանությամբ ներկայացնելը, մեղմ ասած, խոսում է այդ ուժի նկատմամբ հավատի եւ վստահության իսպառ բացակայության մասին:
Հակառակ պարագայում անհասկանալի է՝ ինչպես կարող էր իրապես ընդդիմադիր եւ ժողովրդի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժի խոսքը ավելի լարել իրավիճակը, այդ ինչ պետք է հնչեր այդ խոսքում: Արամ Մանուկյանն ասում է՝ իրենք դեմ են բռնությամբ իշխանափոխությանը, բայց այդ օրերին որեւէ ընդդիմադիր ուժ հրապարակավ բռնության կոչեր չի արել: Ընդհակառակը՝ այն հատուկենտ քաղաքական գործիչները, ովքեր համարձակություն եւ պատասխանատավություն ունեցան իրենց խոսքն ասել Խորենացի փողոցում, բացառապես իրավիճակի խաղաղ եւ առանց բռնության հանգուցալուծման կոչերով հանդես եկան:
Ուստի իշխանությունների հետ, մեծ հաշվով, նույն խաղը խաղալու իրենց մարտավարությունը քողարկելուն միտված նման հայտարարություններով ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչն ընդամենն ամրագրում է տրամագծորեն հակառակ իրողությունը: