Սիրիայում թուրքական բանակի ռազմական օպերացիան ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Սիրիայի քրդերի «Ժողովրդական միություն» կուսակցության դեմ: Այս մասին այսօր TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Անցած գիշեր անվտանգության մեր ուժերը օպերացիա են սկսել Սիրիայի հյուսիսում մեր երկրին սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Անհրաժեշտ է վերջ դնել դրանց հարձակումներին: Ժամանակն է վերջ դնել Սիրիայի ահաբեկչություններին»,-ասել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կվերացնի բոլոր սպառնալիքները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական բանակը միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սկսել սիրիական Ջարաբլուս քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու նպատակով: