«Բարձր մակարդակներում է կայացվել որոշումը». Հայկ Խանումյանի գործով մեղադրյալներն ազատության մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի օմբուդսմենը հայտարարություն էր տարածել Հայկ Խանումյանի քրգործի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ մեղադրյալների արարքի վերաորկման վերաբերյալ պետք է տրվի բացատրություն և նշել էին, որ կլինեն հետևողական գործի ընթացքին:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում՝ ԱԺ շենքի դիմաց, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին էին մոտեցել 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղը, որտեղ մոտ 20 հոգով շարունակել են ծեծը:

Ավելի ուշ ձերբակալվածներին առաջադրված առևանգում մեղադրանքը մեղմացվել էր և  4 քաղաքացիների առաջադրվել էր մեղադրանք խուլիգանություն կատարելու համար։

ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավոր Հայկ Խանումյանը նշեց, որ քրգործով մեղադրյալներն ազատության մեջ են. «Իմ գործով մեղադրյալներն արդեն ազատ են արձակված և համապատասխան որոշումն ինձ է ուղարկվել: ՄԻՊ հայտարարությանը որևէ վերաբերմունք չունեմ: Իսկ հետագա անելիքներն ամբողջությամբ կձեռնարկի իմ փաստաբանը»:

Հայկ Խանումյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ կդիմեն բոլոր ատյաններին մինչև քրգործը կհասնի ՄԻԵԴ. «Մեր հաջորդ քայլը լինելու է բողոքարկել բոլոր այդ որոշումները, իհարկե հասկանալով, որ շատ քիչ է հավանական, որ մեր բողոքները կբարարվեն, որովհետև  շատ բարձր մակարդակներում համաձայնեցված քայլեր են արվել: Համենայնդպես բոլորս հնարավոր ատյաններն անցնելու ենք և ապա կդիմենք Եվրոպական դատարան»:

Փաստաբանը նաև նշեց, որ ՄԻԵԴ դիեմելու իրենց քայլը երևի «բարձր մակարդակներում» չեն նախատեսել. «Երևի այդ քայլը իրենք չեն նախատեսել մտածելով, որ  Արցախի հանրապետության դեմ ՄԻԵԴ-ում գանգատներ չեն կարող ներկայացվել, բայց մենք պետք է իրենց հիշեցնենք, որ գանգատները իրավախախտումների վերաբերյալ կներկայացվեն ընդդեմ Հայաստանի և  հուսով ենք,  որ կունենանք վճիռ Եվրոպական դատարանից: Այդ ամենից հետո  հերթական անգամ, հերթական վարչապետը, հերթական արդարադատության նախարարին հանձնարաություն կտա պարզել, թե ո՞ւմ մեղքով Եվրոպական դատարանում գրանցվեց հերթական պարտությունը. այս պահից ասում ենք դո՛ւք եք մեղավոր, որ հովանավորում եք մարդուն ահաբեկելը: Այդ գործողությունը չի կարող մնալ անպատիժ, եթե այդ մարդկանց հետևում ամեբարձրաստիճան պաշտոնյաները չեն»:

Նաև նշենք, որ ավելի վաղ պատգամավորը Ազատության հետ զրույցում նշել էր, որ ԼՂ անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվող համաներումը պատասխանատվությունից կազատի նաև իրեն առևանգած ու ծեծի ենթարկած հանցագործներին:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս