Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի պատմության թանգարանի շուրջ թեժ քննարկումները չեն դադարում: Բանն այն է, որ վերջերս Հանրապետության հրապարակում գտնվող պատմության թանգարանի մուտքի կամարների մոտ պաղպաղակի եւ զովացուցիչ ըմպելիքների վաճառքի կետ է ստեղծվել, ինչը բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի հետ եւ պարզեց, որ վաճառքի կետը ստեղծվել է այցելուների առաջարկների հիման վրա: «Թանգարանի այցելուները պտտվում էին ու հետաքրքրվում՝ թե ինչու մոտակայքում չկա մի տեղ, որտեղից կարելի է ջուր կամ զովացուցիչ ըմպելիք գնել»,- պարզաբանեց պատմության թանգարանի տնօրենը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք մշակույթի նախարարությունը նախապես տեղյակ եղել է թանգարանի մուտքի մոտ առեւտրի կետ կառուցելու մասին, Գրիգորյանը պատասխանեց. «Ես որոշումները կայացնում եմ ինքնուրույն: Իհարկե, այս ամենի մասին ժողովների ժամանակ զեկուցվել է: Եւ ոչ միայն մշակույթի նախարարությունն է տեղյակ, այլեւ պետական գույքի կառավարման վարչությունը: Ես թաքուն բան չեմ արել, որոշումը կայացրել եմ ինքնուրույն, հետո հայտ եմ ներկայացրել այն մասին, որ պատմության թանգարանի 4.7 քմ տարածքը տրամադրվի որպես զովացուցիչ ըմպելիքների եւ պաղպաղակի վաճառքի կետ»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացավ, որ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարածքը հասարակական նպատակներով վարձակալության տրամադրելու համար ՀՀ կառավարության՝ 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման պահանջներով սահմանված կարգով թանգարանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը:
Իսկ վերջինս էլ պատմության թանգարանի ներկայացրած հայտը ուղարկել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն եւ տարածքը վարձակալության տրամադրելու նպատակով կազմակերպել է աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Վենդինգ» ՍՊԸ-ն: Եւ այսօր թանգարանը ստանում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից սահմանված վարձավճարը:
Ինչպես է ծնվել թանգարանի մուտքի մոտ զովացուցիչ ըմպելիքների եւ պաղպաղակի վաճառքի կետ ստեղծելու միտքը հարցին վերոնշյալ ընկերության տնօրեն Կորյուն Հակոբյանը պատասխանեց. «Մի օր ընկերոջս հետ քայլում էի Հանրապետության հրապարակով, եւ այդ ընթացքում վերջինս պատմեց, որ ինքը հյուրեր է ունեցել տարբեր երկրներից եւ զբոսնելու ժամանակ տեղ չի եղել, որպեսզի վերջիններիս սուրճ հյուրասիրի: Այդ պատմությունը լսելուց հետո ես մտածեցի, որ կարելի է այդտեղ նման մի վաճառքի կետ ստեղծել»:
Նրա պատմելով՝ հուլիսի 13-ին է մրցույթ հայտարարվել թանգարանի մուտքի 4.7 քմ տարածքը վարձակալության տրամադրման նպատակով: Հարցին՝ ինչպես է ստացվել, որ հենց «Վեդինգ»-ն է մրցույթը հաղթել, Հակոբյանը պատասխանեց «Դե, բախտս բերել է, երեւի չորս քմ է եղել տարածքը, թամահ անող չի եղել, ես եմ միայն մասնակցել: Այդ վաճառքի կետը գործելու է ընդամենը 4 ամիս: Ընկերությունը ամսական վճարելու է մոտ 15 հազար դրամ»:
Սակայն ընկերության տնօրենին զայրացնում է այն, որ դեռ մեկ ամիս էլ չկա, ինչ վաճառքի կետը գործում է, բայց մարդիկ արդեն դժգոհում են: «Ոչ մեկը չբարեհաճեց գա, նայի, նկարի, գովեստի խոսք ասի, որովհետեւ արդեն ինձ թվում է, որ այդ չորս քմ-ի վրա ես սխալվել եմ, որ այդքան ներդրումներ եմ արել: Ինձ թվում է, դա պատվեր է: Հավանաբար հարեւան սրճարանների տերերն են, մի քանի անգամ տարբեր տեղերից եկել են ու ասել, թե ինչի ես բացել»,- վրդովված նշեց Հակոբյանը:
Նկատենք, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը առաջին անգամը չէ, որ մշակութային օբյեկտները վարձակալության է տրամադրում՝ վաճառքի կետեր ստեղծելու կամ էլ քեֆեր կազմակերպելու նպատակով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
3.5 ՏՈՆՆԱ ՊԱՆԻՐԸ ՀՈՐԵԼ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ
Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի կողքով՝ միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները զգում են ծանր, տհաճ հոտ, որը Լուսաձորի անասնապահական ֆերմայի գործունեության հետեւանքն է: Այդ կապակցությամբ բազմաթիվ բողոքներ ենք ստացել, որոնց հետքերով եղանք «ՀիմնաՏավուշ» բարեգործական հիմնադրամի Լուսաձորի ֆերմայում: Այդ ֆերման ստեղծվել է 2012թ.՝ Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոն համագործակցության շրջանակներում:
Լուսաձորի անասնապահական ֆերմայի կոմերցիոն գործունեությամբ զբաղվող «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գեւորգյանին հարցրինք, թե մոտ երկու ամիս առաջ ինչո՞ւ են ոչնչացրել, հորել Լուսաձորի անասնապահական ֆերմայում արտադրված 3.5 տոննա պանիրը: Նա ասաց, որ այդ պանիրը կարող էր վտանգ ներկայացնել սպառողների առողջության համար, նաեւ հավելեց, որ պանրի հորման հետ կապված հարցերը պետք է տալ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ռոբերտ Նավասարդյանին, ով պանրի փչացման պատճառով պանրագործ Վարազդատի հետ ազատվել է աշխատանքից: Սակայն պարզ չէ, թե ինչ փաստաթղթերի հիման վրա եւ մասնագիտական ինչ եզրակացությամբ է 3.5 տոննա պանիրը սպառողների առողջության համար վտանգավոր համարվել: Տիկին Հասմիկն ասաց, որ ինքը «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. հուլիսի 1-ից, սակայն արդեն մեկ տարի գտնվում է Իջեւանում եւ ոչ պաշտոնապես զբաղվում անասնապահական ֆերմայի ղեկավարմամբ: Նրան հարցրինք, թե ինչո՞ւ Լուսաձորի անասնապահական ֆերմայում կաթի վերամշակումից գոյացած շիճուկով խոզեր չեն պահում, այն արտահոսելով՝ գարշահոտ է առաջացնում: Նա ասաց, որ շիճուկն անվճար բաժանում են նրանց, ովքեր ցանկանում են, շիճուկի ավելցուկ չի լինում: Մենք, սակայն, եղանք անասնապահական ֆերմայի մոտակա ձորակում, ուր շիճուկի եւ պանրագործարանի արտադրական ջրերի հոսքից գոյացած ճահճում գարշահոտ էր տիրում: Հ. Գեւորգյանին հարցրինք, թե Լուսաձորի անասնապահական ֆերմայում, բացի տեղի ֆերմայի կովերի կաթից, ինչո՞ւ Իջեւանի տարածաշրջանի անասնապահների կովերի կաթը չեն վերամշակում, փոխարենը կաթ են ներկրում Վարդենիսից: Նա ասաց, որ նախկինում փորձել են կաթ ներկրել «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին պատկանող, Տավուշի մարզում գործող փոքր ֆերմաներից, սակայն այդ ֆերմաների ղեկավարներն ասել են, որ իրենց արտադրած կաթը քիչ է: Հասմիկ Գեւորգյանն ասաց, որ Իջեւանի տարածաշրջանի կովերի կաթը ցածր յուղայնություն ունի, մինչդեռ Վարդենիսից իրենք ներկրում են արտասահմանյան ցեղական կովերի բարձր յուղայնությամբ կաթ: Նաեւ հավելեց, որ եթե Իջեւանի տարածաշրջանից կաթ հանձնել ցանկացողներ լինեն, իրենք պատրաստ են ընդունել: «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի տնօրենից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է փակվել «ՀիմնաՏավուշի» Իջեւանի կաթնամթերքի խանութը: Նա ասաց, որ այդ խանութում նաեւ այլ կաթնամթերք էր վաճառվում, ինչը շփոթության մեջ էր գցում գնորդներին, այդ պատճառով էլ իրենք վաճառող Վիկտորին առաջարկել են կա՛մ լինել ֆիրմային խանութի աշխատող, վաճառել միայն իրենց ապրանքը, կա՛մ այլ խանութների նման վաճառել նաեւ իրենց կաթնամթերքը: Վաճառողը դրական չի արձագանքել: Հասմիկ Գեւորգյանը ցուցադրեց իրենց արտադրած պանրի հավաքածուն, առաջարկեց համտեսել, ասաց, որ դրանք վաճառվում են մարզի եւ Երեւանի հանրախանութներում: Նա նաեւ հավաստիացրեց, որ Լուսաձորի անասնապահական ֆերմայում իր ղեկավարության օրոք սանիտարական պայմանները շատ են բարելավվել: Նկատենք, սակայն, որ անասնաֆերմայի կողքին թափված գոմաղբը, մոտակա ձորակում տիրող գարշահոտը այդ պնդման օգտին չեն խոսում: Որքանո՞վ է գործի շահերից բխում, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն Սուրեն Գեւորգյանը եւ «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Գեւորգյանը ամուսիններ են, հստակ չեն «ՀիմնաՏավուշի» եւ «ԷկոՏավուշի» իրավաբանական հարաբերությունները: Հասմիկ Գեւորգյանն ասաց, որ նպատակ ունեն «ՀիմնաՏավուշը» ինքնաբավ, շահույթով աշխատող դարձել: Անցած 4 տարում այդ խնդիրը չի լուծվել, քանի՞ տարի կպահանջվի դրա համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԶԻՆԿՈՄԻ ՊԱՇՏՈՆԸ ԹԱՓՈՒՐ Է
Այս տարվա ապրիլից թափուր է Իջեւանի զինվորական կոմիսարի պաշտոնը: Նախկին զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանն այլ աշխատանքի է անցել, այժմ նա աշխատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ: Անցած 4 ամսում Իջեւանի զինկոմ այդպես էլ չի նշանակվել:
Իջեւանում տարածված խոսակցությունների համաձայն՝ այդ յուղոտ պաշտոնին նշանակվելու համար տարբեր անձինք ջանքեր են գործադրում, միջնորդ որոնում: Հայտնի է, որ Հայաստանում ամեն մի պաշտոն իր «ստավկան» ունի: Ժողովրդի մեջ տարածված խոսակցությունների համաձայն, օրինակ, պետավտոտեսուչ տեղավորվելու համար կաշառքի չափը 12 հազար դոլար է, մաքսային աշխատող դառնալու համար՝ 10 հազար դոլար: Իսկ, ահա, զինկոմ նշանակվելու համար նշված գումարներից մոտ 4 անգամ ավել «մաղարիչ» է պահանջվում: Քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Իջեւանի զինկոմ նշանակելու գործում միջնորդություն է կատարում ծագումով Իջեւանից մի բարձրաստիճան զինվորական, սակայն առայժմ «մաղարիչի» գումարը տրված չէ, ուստի այդ պաշտոնում նշանակում չկա:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ