Ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացին իր երկրում որպես զբոսաշրջիկ դիտարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թերեւս աշխարհի այն եզակի երկրներից մեկն է, որտեղ սեփական քաղաքացին պաշտոնական վիճակագրության տեսանկյունից իր երկրում որպես զբոսաշրջիկ է դիտարկվում:

Այսպես՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կեսին Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 501 հազար 118 մարդ: Թվում է, թե այս տվյալի մեջ տարօրինակ ոչինչ չկա, ի վերջո, մարդիկ եկել են, պաշտոնական վիճակագիրներն էլ արձանագրել են: Առավել եւս, որ սահմանին բոլորի մուտքն ու ելքը արձանագրվում է:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ պաշտոնական մեկ այլ վիճակագրական տվյալի համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 86 հազար 466 մարդ` ըստ սահմանահատումների: Ահա, այդ մեկ միլիոնից ավել Հայաստան մուտք գործած անձանցից 586 հազար 486-ը եղել են ՀՀ փաստաթղթերով, այլ կերպ ասած՝ դրանք ՀՀ քաղաքացիներն են:

Ստացվում է, որ այս տարվա առաջին կեսին Հայաստան եկած օտարերկրացիների թիվը եղել է 499 հազար 980: Ասել է թե՝ պաշտոնական վիճակագրությունը 1 հազար 138 ՀՀ քաղաքացիների այցելությունը Հայաստան եւս դիտարկել է որպես զբոսաշրջիկի:

Իհարկե, պաշտոնական վիճակագրության պատասխանատուները կարող են ասել, որ ՄԱԿ-ի ընդունած կանոնների համաձայն՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Այլ կերպ ասած՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնք մշտապես արտերկրում են բնակվում եւ մի քանի օրով կամ ամսով ժամանել են Հայաստան, միեւնույն է, վիճակագրության տեսանկյունից զբոսաշրջիկ են: Բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում աշխատանքի բերումով գտնվող օտարերկրացիներն էլ, նույն այդ կանոնների համաձայն, չեն կարող զբոսաշրջիկ համարվել:

Բանն այն է, որ եթե օտարերկրացին Հայաստանում վճարովի ինչ-որ գործունեություն է ծավալում եւ այստեղ գտնվելու ընթացքում վճարում է հենց տեղում վաստակած գումարներով, ապա նա նույն ՄԱԿ-ի կանոններով զբոսաշրջիկ չի համարվում: Իսկ նման օտարերկրացիների թիվը եւս փոքր չէ` մոտ 30 հազարի է հասնում:

Զբոսաշրջիկների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունում մեկ այլ ուշագրավ տվյալ եւս կա` հյուրանոցներում հանգրվանածների թիվը, որը վեց ամիսների կտրվածքով կազմել է 73 հազար 976 մարդ: Այսինքն՝ Հայաստան այցելած մոտ 500 հազար օտարերկրացիներից հյուրանոցներում հանգրվանել է ընդամենը 14,8 տոկոսը: Հարց է ծագում՝ այդ դեպքում Հայաստանում գտնվելիս որտեղ են գիշերել մնացած 85 տոկոսը` 426 հազար հոգին:

Այս երեւույթը երեք բացատրություն կարող է ունենալ, մեկը` օտարերկրացիների՝ վարձով բնակարաններում հանգրվանելու տարբերակն է, որը կարող էր պաշտոնական վիճակագրությունում չարտացոլվել: Սակայն այս երույթը նման մեծ ծավալներ չի կարող ունենալ, քանի որ Հայաստանում չգրանցված հյուրատների՝ նման քանակ գոյություն չունի:

Չգրանցված հյուրատները առավելագույնը ընդհանուր թվերում մեկ կամ երկու տոկոս կազմեն: Մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ Հայաստանի հյուրանոցներում իրականում ստվերային շրջանառության հսկայական ծավալներ կան, պարզապես այդ հանգամանքը միայն վերը բերված թվերի համադրության ժամանակ է երեւում: Այս բացատրությունը, կարծում ենք, լիարժեք կյանքի իրավունք ունի, եւ դրա ծավալների մասին կարող ենք միայն ենթադրություններ անել:

Հայաստան այցելածների հյուրանոցներում չհանգրվանելու հաջորդ բացատրությունը կարող է լինել այն, որ «զբոսաշրջիկ» օտարերկրացիների մի մասն իրականում Հայաստանից վերջին քսան տարիներին արտագաղթած մեր հայրենակիցներն են, որոնք այլ երկրի քաղաքացիություն են ընդունել եւ եկել են հարազատներին տեսնելու: Եթե այս ցուցանիշը իրոք այդքան մեծ է, ապա այս դեպքում մեկ այլ խնդիր է ի հայտ գալիս, որը զբոսաշրջության ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի:

Բանն այն է, որ մեկուկես տասնամյակ է՝ Հայաստանի իշխանությունները հանրությանը համոզում են, թե իրենք չեն կարող մաքրել ընտրական ցուցակները, քանի որ մարդիկ Հայաստանից հեռանում են, այլ երկրներում բնակություն հաստատում, նույնիսկ հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից եւ այլ երկրի քաղաքացիություն են ընդունում, բայց այդ մասին համապատասխան երկրում ՀՀ դեսպանատանը կամ այլ պատկան մարմնին չեն տեղեկացնում:

Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ տվյալ անձը արդեն որպես օտարերկրացի այցելում է Հայաստան, ցանկության դեպքում ՀՀ իշխանությունները կարող են հենց սահմանային անցակետում ֆիքսել, որ մեր «կորած» քաղաքացին է «գտնվել»:

Այդ փաստն արձանագրելուց հետո այդ նույն մարդկանց Հայաստանում հաշվառումից, հետեւաբար նաեւ ընտրական ցուցակներից հանելը կդառնա տեխնիկայի հարց: Ավելին՝ այս գործընթացի շրջանակներում կարելի է նաեւ պետբյուջեի համար եկամուտ ապահովել` «անպարտաճանաչ» նախկին քաղաքացիներին վարչական տույժի ենթարկելով: Տվյալ դեպքում խոսքը երեք հազար դրամ տուգանքի մասին է, որը սահմանված է Հայաստանի օրենսդրությամբ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս