Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ArmLur.am-ի խմբագրություն էր դիմել Սերոբ Դաղունցը, ում խոսքով` ինքը տուն գնալու ճանապարհին բռնության է ենթարկվել ՊՊԾ գնդի հարակից տարածքում:
Դեպքին ներկա են եղել ոստիկանական համազգեստով երկու անձ, իսկ ծեծողը ներկայացել է հատուկ նշանակության ջոկատի ծառայող Մարտին Հարությունյան:
Դեպքից բավականին երկար ժամանակ է անցել, սակայն Սերոբն օգնություն չի ստացել, անգամ քննիչը նրան չի այցելել. « Բժիշկները շատ վատ վերաբերմունք են ցուցաբերում, ինձ ասում են, որ դուրս գրվեմ գնամ, այն դեպքում, երբ ես սուր ցավեր և նոպաներ եմ ունենում, որի ժամանակ ձախ աչքիս տեսողությունը կորում է: Նաև բուժման գումարն են պահանջում, որը ծեծի ենթարկողը պետք է վճարեր, սակայն մորս ասել է, որ եթե դիմել եք լրագրողների, ապա նրանցից էլ պահանջեք»:
Դաղունցը նաև նշեց, որ գործով զբաղվող քննիչը երբևէ չի այցելել իրեն ամեն անգամ պատճառաբանելով, որ զբաղված է և հաջորդ օրը կայցելի:
ArmLur.am-ի հետ զրույցում քննիչ Գոռ Դաղոյանը նշեց, որ մեր հարցերին պատասխանել չի կարող` ելնելով նախաքննական գաղտնիքից, իսկ այն դիտարկմանը, թե արդյոք տուժածին չայցելելն է պայմանավորված նախաքննական գաղտնիքով, Դաղոյանը պատասխանեց. «Գործը ընթանում է փուլերով, ամեն ինչ իր ժամանակին կարվի»:
Փորձեցինք նաև ներկայացնել Մարտին Հարությունյանի տեսակետը, սակայն զանգահարելով այն հեռախոսահամարին, որով Սերոբ Դաղունցը կապ է հաստատում նրա հետ, և ներկայանալով լրագրող ագրեսիվ տոնով ստացանաք հետևյալ պատասխանը. «Սխալ եք զանգել, ստեղ նման մարդ չկա»: