Լոռու մարզի 8 համայնքներում դպրոց չկա: Դրանք են՝ Անտառաշեն, Հովնանաձոր, Նովոսելցովո, Ապավեն, Մեղվահովիտ, Հալավար, Քարաբերդ եւ Պաղաղբյուր համայնքերը:
Նշենք, որ Պաղաղբյուրի միջնակարգ դպրոցը փակվել է նախորդ տարի: Դպրոցի բացակայությունը պատճառ է հանդիսանում գյուղից դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքների հեռացման: Այն ընտանիքները, որոնք աշակերտ ունեն, սեզոնին կա՛մ տեղափոխվում են հարեւան համայնք, կա՛մ էլ ստիպված աշակերտներին ամեն օր մի քանի կիլոմետր ճանապարհ են տանում-բերում, ինչը հատկապես ձմռան ամիսներին լուրջ դժվարություններ է առաջացնում:
Հովնանաձոր համայնքի ղեկավար Կարեն Աբովյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղում շուրջ 40 տարի է, ինչ չկա դպրոց. «Մի քանի աշակերտներ կան, որոնց ընտանիքները տեղափոխվել են հարակից Յաղդան համայնք, որպեսզի կարողանան երեխաներին դպրոց տանել»,-ասաց նա՝ հավելելով, որ հարակից համայնքներ տեղափոխված էլի ընտանիքներ կան, ովքեր հեռացել են գյուղից՝ չվերադառնալու պայմանով:
Նմանօրինակ պատկեր է նաեւ Տաշիրի տարածաշրջանի Ապավեն համայնքում, որն այս տարի 10 աշակեր ունի: Ապավենցի աշակերտներն ամեն օր ստիպված 2 կմ ճանապարհ են անցնում, մինչեւ որ հասնում են հարակից Արծնի գյուղի միջնակարգ դպրոց:
Լ. Ավետիսյան