ԻՆՉ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս հինգշաբթի Մոսկվայում տեղի կունենա ԼՂՀ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական խորհրդակցությունը: Դրանից ակնհայտ կդառնա, թե երեկ տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Բարաք Օբամա հանդիպման ժամանակ որքան նշանակություն է տրվել ԼՂՀ խնդրի կարգավորմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում: Ու թեեւ մեծ քսանյակի շրջանակներում երբեւէ Արցախի հիմնահարցը չի քննարկվել, այնուամենայնիվ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շարքում հիշատակվում է իրավիճակը Սիրիայում եւ Ուկրաինայում: Այս բացառությունը, թերեւս, պայմանավորված է այդ հակամարտությանը գերտերությունների անմիջական մասնակցությամբ, որոնք քսանյակում են: Իսկ ԼՂՀ խնդրին անդրադարձը գուցե ակնարկների մակարդակով հնչած լինի: Իսկ թե կոնկրետ ինչպիսի բովանդակությամբ, կպարզվի, երբ համանախագահողները մոսկովյան խորհրդակցությունից հետո հրապարակեն բանակցությունների առաջիկա շարունակության վերաբերյալ իրենց տեսլականը: Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից իր թվիթերյան էջում սեպտեմբերի 3-ին կատարած գրառումը՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղությունը հնարավոր է», վկայում է, որ համանախագահողները ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու հստակ ծրագիր ունեն: Իսկ թե այն մեզ համար ինչ հեռանկարներ է խոստանում, պարզ կդառնա առաջիկա մեկ-երկու ամիսներին:

 

 

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին` Դերենիկ Հակոբյանը, օրերս կրկին մարդ է ծեծել: Ինչպես հայտնի է՝ նա անցած տարի՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող հիմնական դերակատարներից էր: Նա գրավի դիմաց է ազատ արձակվել կալանքից, եւ մեղադրող դատախազը պահանջել է կալանավորել 2,5 տարով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դերենիկ Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին եւ նրա քեռու որդուն՝ անունը Ալիկ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը միջադեպի մասով՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին: Տուժածների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այսպիսով, հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է անպատժելիությունը նոր հանցագործության առիթ դառնում:

 

 

 
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» միայն այս տարվա առաջին կիսամյակի շահույթը կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկանում է պաշտոնապես հրապարակված հաշվետվություններից: Իսկ ամենակարեւորն այն է, որ ընթացիկ տարում ՀԷՑ-ի կողմից գնված էլէներգիայի 95 տոկոսը սպառողին մատակարարվող սակագնից կրկնակի էժան է եղել: Մասնավորապես, ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլէներգիայի 69 տոկոսի դիմաց վճարել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամ, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, եւ միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է, այսպես կոչված, բարձր սակագնով՝ 42,9 դրամով «Հրազդան ՋԷԿ»-ից: Այսպիսով, Հայաստանի բնակչությունը ստիպված է թանկ գնով էլէներգիա սպառել, չնայած որ մեր երկրի համար անհրաժեշտ էլէներգիայի 95 տոկոսը կազմում է, այսպես կոչված, էժան էլէներգիան: Ի դեպ, հավելենք, որ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի գնելուց հետո ՀԷՑ-ում էլէներգիայի կորուստները շեշտակի նվազել են:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ դեռեւս այս տարվա հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի բժշկական հաստատություններին կոչ էր արել նվազեցնել սրտի ստենտավորման գները: «Գյումրու բժշկական կենտրոնը» առաջինը հայտարարեց ստենտավորման գինը 1.8 միլիոն դրամից 1.2 միլիոն դրամ դարձնելու մասին: Նախօրեին էլ «Աստղիկ» բ/կ-ն հայտարարեց ստենտավորման գինը 1.8 մլն դրամից 1.1 մլն դարձնելու մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այլ հիվանդանոցներ եւս առաջիկայում կհայտարարեն ստենտավորման գները նվազեցնելու մասին: Մասնավորապես, Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցը եւս 700 հազար դրամով կնվազեցնի ստենտավորման գինը եւ վիրահատության համար կպահանջի 1.1 մլն դրամ: «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տնօրեն Արա Մինասյանը եւս առաջիկայում այս խնդրին կանդրադառնա: «Առաջիկա օրերին այս հարցերին պատասխան կտրվի»,- ասաց Մանուկյանը: Հիշեցնենք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ն պատկանում է Սերժ Սարգսյանի խնամուն` Արա Մինասյանին:

 

 

 
ԿՈՄՊԼԵՔՍ ՉՈՒՆԵՆ
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե իշխանություններն ինչ նոր լուծումներ են մտածել՝ ԸՕ փոփոխությունների չեղարկումից հետո որպես «սփոփիչ» այլընտրանք ներկայացնելու համար: Արդեն հայտնի է, որ հիմնական տարբերակը ստորագրված ընտրացուցակների հրապարակումն է: Մի բան, որին ընդամենը մի քանի ամիս առաջ ԸՕ նախագծի հեղինակները կատեգորիկ դեմ էին որպես «վերին ատյանի ճշմարտություն» վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի նկատառումները: Ավելին՝ այդ նկատառումները բոլորովին այլ առիթով եւ այլ կոնտեքստում հիշատակած Սահմանադրական դատարանի որոշումն էլ վկայաբերում էին որպես անհաղթահարելի արգելք՝ պնդելով, թե այդպիսով ստորագրված ընտրացուցակների հրապարակումը հակասահմանադրական է:
Մինչդեռ հիմա, երբ իշխանությունն իր համար «չարյաց փոքրագույնն» ընտրելու պարտադրանքի տակ է, պարզվում է, որ ո՛չ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է որոշիչ, ո՛չ էլ այն հիշատակած Սահմանադրական դատարանի որոշումն է խոչընդոտ: Ի վերջո, հունիսի16-ին կայացած համաձայնությունը խախտելով՝ իշխանությունները ոչ միայն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին եւ 4+4+4 ձեւաչափում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին խաբեցին, այլեւ միջազգային կառույցներին, որոնք դեռ ջուրը չտեսած՝ բոբիկանալով, շտապեցին գովասանքների մի ամբողջ շարան հնչեցնել այդ «պատմական համաձայնությանը» գնացած ՀՀԿ-ի հասցեին: Եվ հիմա թե՛ այս ձեւակերպման հեղինակ, ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Սվիտալսկին, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, թե՛ նույն Վենետիկի հանձնաժողովը հայտնվել են բավականին անհարմար վիճակում: Ուստի խուսափելու համար միջազգային կառույցների՝ սպասելի կոշտ հայտարարություններից, իշխանությունները պատրաստ են գնալ ընտրացուցակների հրապարակմանը՝ իհարկե, դրանց չտալով ապացուցողական նշանակություն:
Բայց եթե իշխանությունների դեպքում սեփական խոսքից հետ կանգնելը, անգամ ժխտելն ու հերքելը այլեւս որեւէ մեկի համար զարմանալի չէ, նույնը չպետք է լինի ընդդիմության եւ քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների դեպքում, որոնցից հանրությունն, ամեն դեպքում, ակնկալիքներ ունի:
Վերջիններիս ներկայացուցիչներն էլ, փաստորեն, հիմա ասում են, որ ցուցակների հրապարակումը խնդրի լուծում չէ, այն դեպքում, երբ ամիսներ առաջ պնդում էին, որ եթե անգամ իշխանությունն իրենց առաջադրած միայն այդ մեկ պահանջը կատարի՝ ստորագրված ցուցակները հրապարակի, իրենք դա կդիտեն բավարար թափանցիկ ընտրական գործընթացի կազմակերպման համար: Դանիել Իոաննիսյանը, օրինակ, ասում է, թե ցուցակների հրապարակումն ընդամենը կեղծիքների բացահայտման միջոց է, մինչդեռ մատնահետքերն ու նախագրանցումը՝ կանխարգելիչ: Լավ, եթե այդպես է, ինչու ուրեմն ի սկզբանե հենց դրա վրա շեշտը չդրվեց, եւ ժամանակն անիմաստ վատնվեց ցուցակների հրապարակման համար պայքարելով եւ, ի վերջո, իշխանությանն էլ տեղիք տալով՝ ասելու՝ սա էիք ուզում, անում ենք, էլ ինչու եք բողոքում:




Լրահոս