Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 դպրոցը տնօրեն չունի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա օգոստոսի 23-ից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ՝ նշված դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Արթուր Մնացականյանը:
Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հուլիսի 19-ին անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ հայտարարությունը «Կրթություն» թերթում չի տպագրվել:
Արդյունքում Սյունիքի մարզպետը դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին առաջարկել է օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել եւ անցկացնել տնօրենի ընտրության նոր մրցույթ:
Ի դեպ, նախկին տնօրենը՝ Էդուարդ Բեգլարյանը, որը թոշակի տարիքը՝ 65-ամյակը լրանալու պատճառով է պաշտոնից ազատվել, շարունակում է նույն դպրոցում աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցիչ: