Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ անդրադարձել է ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության եւ իշխանության միջեւ ձեռք բերված վերջին երկու համաձայնագրերին: Ուշագրավ է, որ հունիսի 16-ի համաձայնությունը «պատմական» որակած ԵՄ պատվիրակության ղեկավարը գրեթե նույնպիսի գնահատական է տվել արդեն նոր համաձայնությանը՝ աչք փակելով այն հանգամանքի վրա, որ նախորդ համաձայնության արդյունքում կատարվելիք ԸՕ փոփոխությունները ՀՀ իշխանությունները կանխամտածված կերպով ձախողեցին. «Եվրամիությունը հավատացած է՝ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, ինչ տեղի ունեցավ մինչ այդ, մեծ համբերատարությամբ ու վճռականությամբ տեղի ունեցած ողջ գործընթացը, մի բան է, որով ՀՀ կարող է հպարտանալ»,- «Ազատությանն» ասել է դեսպանը:
Ինչ վերաբերում է հունիսյան համաձայնության տապալմանը, այստեղ Պ. Սվիտալսկին բավարարվել է՝ իր ափսոսանքը հայտնելով, այն հույսով, որ գուցե թե առաջիկայում այդ համաձայնագիրը կյանքի կոչվի. «Անշուշտ, ափսոս է, որ նախորդ համաձայնագիրն այժմ չի կարող իրագործվել: Ինչպես գիտեք, մենք դրա իրագործմանը շատ էինք սատարում ու պատրաստ էինք տրամադրել ֆինանսավորման զգալի մասը։ Բայց, ինչպես ես եմ հասկանում, հունիսյան համաձայնագիրը պարզապես հետաձգվել է, որովհետեւ սեպտեմբերյան համաձայնագիրը հղում է կատարում առ այն, որ հունիսյան համաձայնագիրը ի կատար է ածվելու ավելի ուշ, մյուս՝ հաջորդող ընտրություններում: Այնպես որ, ես հավատում եմ, որ ոչ մի բան կորած չէ, որ բոլոր ձեռք բերված համաձայնությունները ազնվորեն կիրագործվեն ժամանակին»:
Թե ինչի վրա է հիմնված հարգարժան պարոն Սվիտալսկու նման լավատեսությունը, դժվար է ասել: Պարզ է մեկ բան՝ ՀՀ իշխանությունները դրա համար մինչ օրս հիմքեր չեն տվել: Առավել եւս, որ եթե անգամ կյանքի կոչվի այս համաձայնագիրը, դրանով չեն վերանալու այս ԸՕ-ում դիտորդների եւ լրագրողների գործունեության խայտառակ սահմանափակումները, որոնց մասին, չգիտես ինչու, ո՛չ ԵՄ ներկայացուցիչները, ո՛չ էլ ընդդիմադիր խմբակցություններն առանձնապես չեն խոսում:
Ի տարբերություն քաղհասարակության ներկայացուցիչների, որոնց գնահատմամբ՝ անկախ բոլոր փոփոխություններից, եթե դիտորդների եւ լրագրողների նկատմամբ առկա սահմանափակումների դրույթները մնան անփոփոխ, իրենք այս ԸՕ-ն կհամարեն ավելի վատը, քան նախորդը:
ԵՄ պատվիրակության ղեկավարը երեկ խոսել է նաեւ ՀՀ-ում վստահության պակասի մասին՝ նշելով. «Այն, ինչ Հայաստանին անհրաժեշտ է, վստահությունն է, վստահություն, որ հաջորդ ընտրությունները կարտացոլեն բնակչության իրական կամքը»: Եվ վերստին՝ տարակուսելի է, որ հարգարժան պարոն դեսպանը իր հարցազրույցում որպես առաջիկա ստուգատես չի նշում 2 օրից՝ սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, այլ դա վերապահում է արդեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: