ՊԼԱՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու ամիսներին հարկային մուտքերի նվազման փաստն իշխանական կուլիսներում բավական լուրջ քննարկումների առիթ է տվել, քանի որ այն բանից հետո, երբ Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, բոլորին հետաքրքիր էր, թե արդյոք նա կկարողանա իրեն վստահված գերատեսչությունը վերցնել վերահսկողության տակ:

Հունվար-փետրվարին հարկային մուտքերի նվազումից եւ Հովհաննես Հովսեփյանի նշանակմանը հաջորդած առաջին երեք ամիսներին պետական բյուջեի եկամուտների ավելացումից հետո բոլորի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ՊԵԿ-ի նոր ղեկավարին հաջողվել է մաքսային եւ հարկային մարմիններն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել: Սակայն հաջորդած ամիսների հարկահավաքության ցուցանիշները վկայում են, որ Հովսեփյանի՝ հաջողվելու մասին գնահատականները վաղաժամ են եղել: ՊԵԿ-ի ղեկավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, որ գլխավոր հարկահավաքներին վերջին շրջանում հաճախակի կարելի է երեկոյան ժամերին հանդիպել Երեւանի էլիտար օբյեկտներում միասին ընթրելիս: Նրանք փաստացի աշխատանքից հետո եւս շարունակում են գլուխ կոտրել, թե էլ ինչ կարող են անել՝ հարկային մուտքերը ավելացնելու համար: Իսկ քանի որ նման քննարկումների արդյունքում նրանց մոտ ոչ մի դրական սպասելիք այդպես էլ ի հայտ չի գալիս, ընթրիքներն ավարտվում են դարդերը գինու մեջ խեղդելու արարողությամբ:
Ամենամեծ հարցը, որի պատասխանը բոլորը փորձում են գտնել, այն է, թե ինչու այսպես ստացվեց: Այն հանգամանքը, որ Հայաստանի հարկահավաքության ներկա համակարգը տարիներ առաջ է հիմնադրվել՝ դեռեւս նախկին ՊԵԿ նախագահ Արմեն Ավետիսյանի օրոք: Ու թեեւ դրսից կարող է թվալ, թե հարկային եւ մաքսային ծառայությունները կայացած կառույցներ են, եւ ով էլ լինի դրանց ղեկավարը, այն կգործի: Սակայն իրականության մեջ այդպես չէ, քանի որ Հայաստանում փաստացի գործում է պլանային հարկահավաքություն: Այսինքն՝ Հայաստանում հավաքվող հարկերը տնտեսական հարաբերություններով պայմանավորված չեն: Պարզապես իշխանական վերնախավը որոշում է, թե որքան գումար պետք է հավաքվի, ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային ծառայությունները սկսում են «պլանը» կատարել: Սակայն այդ համակարգի առանցքային օղակներից մեկն այն է, որ ինչ-որ մարդիկ հստակ պետք է պատկերացում ունենան, թե ակնկալվող գումարները որտեղից են հավաքվելու: Նախկին ղեկավարությունը փաստացի կարողացել է այնպես անել, որ միայն ինքը տիրապետի այն տեղեկությանը, թե որտեղից որքան հարկ կարող է հավաքագրվել: Նրանք իմացել են, թե հարկային տեսչության տարածքային կառույցներից որն ինչ պոտենցիալ ունի, եւ որքան հարկ կարելի է պահանջել:
Հովհաննես Հովսեփյանը հարկայինի տարածքային կառույցների մասին կարող էր տպավորություն կազմել միայն նրանց նախկին ցուցանիշներով: Սակայն նա չէր կարող իմանալ, թե նրանցից որը ինչ պոտենցիալ ունի, այսինքն՝ այս կամ այն տարածքայինի ցուցանիշների նվազելու եւ դրանք լրացնելու անհնարինության դեպքում, որտեղից կարելի է այդ բացը լրացնել: Առավել եւս, որ Հայաստանի տնտեսական վիճակը գնալով ավելի է վատանում, եւ հարկերի նվազման դեպքերի մի զգալի մասը նաեւ օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված:
Հասկանալի է, որ հարկային տարածքային կառույցների պոտենցիալի մասին տվյալները ժամանակի ընթացքում կպարզվեն, սակայն ողջ խնդիրն այն է, որ Հովսեփյանը այդ ժամանակը չունի: Մինչեւ նա պարզի, թե իրեն վստահված կառույցի որ օղակն է իրեն «գցում», պետական բյուջեի թերակատարման ցուցանիշը աստղաբաշխական թվերի կհասնի: Մասնավորապես, արդեն իսկ ակնհայտ է, որ տարեվերջին պետական բյուջեի թերակատարումը կարող է հասնել մինչեւ յոթանասուն միլիարդ դրամի: Իրավիճակն այնքան անհույս է, որ կառավարության ֆինանսիստները կարծում են, որ եթե հաջողվի պետական բյուջեն հիսուն միլիարդով թերակատարել, ապա դա կլինի նվաճում: Մասնավորապես, ենթադրվում է, որ կառավարության փոփոխությունը դրան կնպաստի, եւ իրավիճակը մի փոքր կմեղմվի, եթե նոր վարչապետին հաջողվի Ռուսաստանից իր հետ Հայաստան բերել մի քանի խոշոր ներդրումներ կամ այդ մասին խոստումներ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
Ո՛Չ ԿԱԶԱՏԵՆ, Ո՛Չ ԷԼ ԿՆՇԱՆԱԿԵՆ
Երեկվանից, երբ արդեն հաստատվեցին առաջիկայում ՀՀ կառավարության ցրվելու մասին լուրերը, հիմնական քննարկման թեմաներից մեկը դարձավ այն, թե նախարարներից ով կպահպանի իր պաշտոնը, իսկ ով` ոչ: Երեկվա դրությամբ այլեւս ակնհայտ էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոր կառավարությունում տեղ չի զբաղեցնի: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա գարնանը` քառօրյա պատերազմից հետո, լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանը նրան հասկացրել էր, որ լավ կլինի, եթե ինքը հրաժարական ներկայացնի: Սակայն նա հրաժարական չէր ներկայացրել եւ մերձավորներին ասել էր, որ եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում իր հետ աշխատել, ապա թող իրեն պաշտոնանկ անի: Իսկ ստեղծված իրավիճակի հմայքն այն է, որ Օհանյանը պաշտոնանկ չի արվի, բայց այլեւս նախարար էլ չի նշանակվի:

 

 

ՓԱԿ ԴԱՐՊԱՍՆԵՐ
ՀՀ կառավարությունն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի ավելի քան 26.5 մլն դրամ գումար: Նշված գումարով նախատեսվում է սեպտեմբերի 20-ին անցկացնել «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողով: Նշված համաժողովի իրականացման նպատակով էկոնոմիկայի նախարարությունը «Հայաստանի զարգացման հիմնադրամի» հետ դրամաշնորհային պայմանագիր պետք է կնքի: Կարելի է կարծել, որ օտարերկրյա ներդրողները Հայաստան չեն գալիս, որովհետեւ համաժողով չեն կազմակերպում: Իրականում եթե ՀՀ կառավարության անդամները իրենց գործն անեին եւ ուղնուծուծով կոռումպացված չլինեին, Հայաստանում օրենքները գործեին, ապա գումարները իրենք իրենցով կգային Հայաստան: Այլ կերպ ասած՝ փողը միշտ գտնում է իր համար ապահով տեղը: Իսկ դերասանություններով ոչ մեկի չես խաբի:

 

 

ՓԱՅ ԵՆ ՀԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող շենքից կվարձակալի գրասենյակային տարածք: Բանն այն է, որ ՖՆ-ն մինչ այդ «Հանարդնախագիծ» ընկերության շենքում վարձակալել է 2150 քմ տարածք, սակայն հուլիսի 19-ից ազատել է դրա 400 քմ-ն եւ մինչեւ 2017 թվականի տարեվերջ զբաղեցնելու է 1750 քմ-ն, որի վերաբերյալ էլ առաջիկայում նոր պայմանագիր կկնքվի: Ըստ այդմ, մեկ քմ-ի դիմաց կառավարությունը պետական միջոցներից վճարելու է 4934 դրամ: Ստացվում է, որ ֆինանսների նախարարությունը տվյալ տարածքի համար ամսական վճարելու է 8 մլն 634 հազար 500 դրամ: Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա: Սակայն, ինչպես հայտնի է, նշված տարածքը պատկանում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի ընտանիքին: Ասել է, թե ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեից «փայ» տալ պետական պաշտոնյայի ընտանիքին, որպեսզի չնեղվեն, ծախսելու գումար ունենան:

 

 
373 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

 

 

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը իր աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագիծ է ներկայացնելու: Ըստ նախարար Յոլյանի` Ղահրամանյանն իր պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել բավականին մեծ փորձ եւ հմտություն, նրա կողմից բարձր պատասխանատվությամբ եւ բարեխղճորեն կատարվել եւ կատարվում են իր վրա դրված պարտականությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել նրա պաշտոնավարման ժամկետը եւս չորս տարի ժամկետով:

 

 

ՏԱԳՆԱՊԻ ՄԵՋ
Այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստից առաջ կառավարության անդամները տագնապած են: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարության սպասվող հրաժարականի մասին տարածված եւ այդպես էլ չհերքվող լուրերից մտահոգ՝ նրանք փորձում են լրատվական դաշտի՝ իրենց ծանոթ լրագրողներից որեւէ տեղեկություն իմանալ: Նշենք, որ նախարարները նման վիճակում էին նաեւ այս տարվա սկզբին` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կազմավորումից առաջ, երբ չգիտեին, թե կոալիցիայի արդյունքում իրենց ինչ է սպասվում (2016թ, փետրվարի 24-ին ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը): Թեեւ այն ժամանակ իրենց պաշտոններից զրկվեցին միայն երկուսը` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ինչպես նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Թերեւս մի քանի նախարարների ճակատագրի հետ կապված հարցերը պարզ կդառնան այսօր` ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո:

 

 

ՀԱՏԿԱՑՎԵԼ Է
Հայաստանի ընթացիկ տարվա պետական բյուջեից երիտասարդական ծրագրերի համար նախատեսվել է 819 միլիոն 322 հազար դրամ, որից երեկվա դրությամբ արդեն ծախսվել է 461 միլիոն 879 հազար դրամը: Այդ գումարից 92 միլիոն դրամը նախատեսվել է հատկացնել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի ֆինանսավորման համար: Շուրջ 12 միլիոն դրամ էլ նախատեսվել է Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը խթանելու համար:




Լրահոս