Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի Թումանյան փողոցում իրականացվում է հատուկ գոգավոր ծածկույթով դեղին սալիկների տեղադրման աշխատանքները: Նշենք, որ դրանք տեսողական խնդիրներ ունեցող անձանց նախազգուշացնելու համար են նախատեսված, որ առջեւում առկա են որոշակի խոչընդոտներ՝ աստիճաններ, մայթի ավարտ եւ այլն: Որպես փորձնական ծրագիր, մի քանի հասարակական կազմակերպությունների հետ քննարկելով՝ քաղաքապետարանը որոշել է «Կույրերի մշակույթի տան» մուտքի աստիճանավանդակն ու Թումանյան փողոցի մի հատվածն էլ կահավորել նման սալիկներով:
«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ գոգավոր, դեղին այս սալիկները հետագայում տեղ կգտնեն նաեւ մայրաքաղաքի այլ հատվածներում: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մերթարջյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հետագայում կստեղծվեն նաեւ հատուկ արահետներ, որոնցով փայտիկով շարժվողները եւ ընդհանրապես տեսողություն չունեցողները կարող են առաջ շարժվել իրենց ցանկացած վայրը:
«Մենք սա սկսել ենք՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, ուսումնասիրել ենք նաեւ միջազգային փորձը: Ի դեպ, դրանցից տեղադրված կա նաեւ «Կույրերի մշակույթի տան» դիմաց: Դրա պիլոտային տարբերակը գործարկել ենք Թումանյան փողոցում. աշխատանքները ընթացքի մեջ են, եւ կարծում եմ, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը կավարտենք»,-ներկայացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը: Վերջինս փոխանցեց, որ ծրագրվել է նաեւ Մաշտոցի պողոտայից մինչեւ Խանջյան փողոց ընկած հատվածը նույնպես տեղադրել: Առաջիկա տարիներին նմանատիպ նախազգուշացնող սալահատակներ տեղադրվեն նաեւ բոլոր վարչական շրջաններում:
Զրույցի ավարտին Մերթարջյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ որքան գումար է հատկացվել Թումանյան փողոցում սալիկի տեղադրման աշխատանքների համար: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցը թիվ չնշեց՝ պատճառաբանելով, որ պիլոտային ծրագիր է, եւ այս պահին հնարավոր չէ թիվ նշել: Ապա հուսադրեց՝ ասելով, որ ամբողջական կներկայացվի առաջիկայում՝ տարեվերջին: Մեզ մնում է սպասել՝ հուսալով, որ տհաճ անակնկալներ չեն լինի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ