Երեկ Հայաստանը տոնում էր Անկախության 25-րդ տարեդարձը: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զինվորական շքերթի ընթացքում աչքի զարնեց այն փաստը, որ պատվանդանում կանգնած չէին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայտնի է, որ բոլոր նման արարողությունների ժամանակ ՀՀ նախագահի նստավայրից մշտապես հրավիրատոմսեր են ուղարկվում առաջին եւ երկրորդ նախագահներին: Եւ անկախ գործող իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ Հայաստանի Անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը չմասնակցելը արդեն ոչ միայն պաշտոնական, այլեւ նախկին նախագահների մարդկային որակների մասին է խոսում:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ առկա անջրպետը կարծես թե հաղթահարվել էր: Ուստի, եթե նա մասնակցեր զորահանդեսին՝ որպես առաջին գերագույն գլխավոր հրամանատար, միանգամայն տրամաբանական կլիներ: Սակայն դա տեղի չունեցավ: Իհարկե, հնարավոր է՝ առաջին նախագահը մտավախություն ուներ, որ եթե ինքը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին, ապա նրա ղեկավարած քաղաքական ուժը կարող էր «հաճախորդ» ընկալվել:
Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այս մտավախությունը չի կարող լինել, քանի որ հենց նա իր իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին, եւ նրանք արտաքուստ նորմալ հարաբերություններ ունեն միմյանց հետ, եւ բոյկոտը Քոչարյանի կողմից ամենաընդունված քայլը չէր՝ անկախ հիմնավորումներից:
Այսպիսով, մեր երկրում դեռ կշարունակի մնալ կարծրատիպը, որ պետական տոների պաշտոնական արարողությունները գործող իշխանության մենաշնորհն են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է: Ինչպես հայտնի է՝ նա կալանավորվել է 2015-ի նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով: Ի սկզբանե նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցությանը մասնակցելը, եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը: Օրերս նրա մեղադրանքը լրացվել է նաեւ ՀՀ ՔՕ 300 հոդվածով: Այսինքն՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու մեջ: Այս փաստը տարօրինակ է, քանի որ իշխանությունը զավթելու մեղադրանքը ենթադրում է կոնկրետ այդ ուղղությամբ արված գործողություն: Սակայն ինչպես հայտնի է՝ երբ վերը նշված խումբը բացահայտվեց եւ վնասազերծվեց, այն դեռ չէր հասցրել որեւէ կոնկրետ գործողություն կատարել, հետեւաբար ոչ ոք, որքան էլ ցանկանար, չէր կարող իշխանությունը զավթել կամ նման փորձ կատարել: Այս իմաստով ԱԱԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքը զավեշտի ժանրից է:
Հայաստանի բնակչությունը շարունակում է աղքատանալ, ինչի մասին վկայում են պաշտոնական տեղեկությունները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսների արդյունքներով առեւտրի շրջանառությունը Հայաստանում անցած տարվա համեմատ նվազել է 0,4 տոկոսով: Տոկոսային արտահայտությամբ այդ անկման ցուցանիշը կարող է աննշան թվալ, սակայն տվյալ դեպքում խոսքը 44 միլիարդ դրամի կամ 93 միլիոն դոլարի մասին է: Այսինքն՝ Հայաստանի բնակչությունն այս տարվա ութ ամիսներին վերը նշված գումարի չափով պակաս առեւտուր է իրականացրել, իսկ նման փաստը կարող էր տեղի ունենալ սպառողի աղքատանալու արդյունքում: Ի վերջո, հասկանալի է, որ գնողունակության անկումը հենց այնպես չէ տեղի ունենում: Նշենք նաեւ, որ տնտեսության համար կարեւորագույն ցուցանիշներից մեկը` շինարարության ծավալները, այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա համեմատ, նվազել են 14 միլիարդ 311 միլիոն դրամով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազատամարտիկների բազմաթիվ մեծ ու փոքր միությունները, որոնցից մի քանիսի ղեկավարները ԱԺ պատգամավորներ են, նախագահականին ցանկեր են ներկայացրել, որպեսզի դրանցում ներառվածները Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվեն մեդալներով: Սակայն այդ ցանկում ներկայացված անուններից եւ ոչ մեկը պարգեւի չի արժանացել: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ճիշտ է՝ ձեր ընկեր ազատամարտիկները դիմել են պարգեւներ ստանալու համար, բայց ձեռնունայն են մնացել: «Մեր բոլոր ընկերներն էլ՝ մարտական, կռվել են, ժամանակին իրենց մեդալները բոլորն էլ ստացել են, բոլորս իրար հետ ենք ստացել: Ես հիմա կամաչեմ, որ ինձ մեդալ տան: Մենք կամաչենք, որ մեզ մեդալ տան էսօր: Իհարկե, դա ծառայող տղերքին չի վերաբերվում: Թող զինվորներին տան, սպաներին տան»,- պատասխանեց Մովսիսյանը: Նշենք, որ ԱԺ շատ պատգամավորներ էլ նեղացել ու չեն մասնակցել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական համերգին, քանի որ շարքային պատգամավորները զորահանդեսին մասնակցելու հրավերներ չեն ստացել:
ՆԵՐՔՈՒՍՏ ԱՆԿԱԽ
Երեկ մենք տոնում էինք Հայաստանի Անկախության 25-ամյակը: Եվ հուզական ու երբեմն պաթետիկ ելույթների ֆոնին կային նաեւ ՀՀ անկախության կորստի, զիջման մասին հայտարարություններ: Որպես վերջինը արձանագրող փաստ նշվում էին մի քանի գործոններ՝ սկսած ռուս սահմանապահների կողմից ՀՀ սահմանների հսկողությունից, ավարտած Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ, որով էլ մեր երկիրը, փաստորեն, 2015թ. սկզբից անկախ մաքսային քաղաքականություն վարելու իր իրավունքը զիջեց վերազգային կառույցին:
Ինչպես հայտնի է՝ ԵՏՄ-ին, բացի Հայաստանից, անդամակցում է եւս չորս երկիր, որոնցից Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարություններից դատելով՝ դժվար է ասել, որ նրանք զիջել են իրենց անկախությունը: Մասնավորապես՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ սպառնացել է դադարեցնել իր երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին. «Ռուսաստանը պարբերաբար արգելափակում է բելառուսական ապրանքների մատակարարումները: Երբ ՌԴ ենք արտահանում որակյալ ապրանք եւ ընդունելի գներով, հարվածում ենք Ռուսաստանի գյուղատնտեսության ոլորտի օլիգարխների գրպաններին: Նրանք ճնշում են գործադրում կառավարության վրա: Իսկ կառավարությունը տալիս է «ֆաս» հրամանը ՀՏրրպսՖւՏջվՈՊջՏՐ-ին: Անթաքույց ճնշում է գործադրվում: Արդեն զզվեցրել են: Բանը բանից անցել է: Այդպես չի կարող շարունակվել»,-վրդովված հայտարարել է Լուկաշենկոն:
Անշուշտ իր էմոցիոնալ վարքագծով հայտնի Բատկայի այս բռնկումն առաջինը չէ եւ, հավանաբար, վերջինն էլ չի լինի: Եվ նաեւ դժվար թե Լուկաշենկոն տեսանելի առաջիկայում դուրս գա ԵՏՄ-ից: Որքան էլ ասվում է, թե այս տարվա հունվար-օգոստոսին Բելառուսի ՀՆԱ-ն կրճատվել է 3 տոկոսով, իրականում Բելառուսը հենց ԵՏՄ-ից եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից բավականին մեծ օգուտներ է քաղում: Եվ բացի քաղաքական տեսանկյունից՝ ԵՏՄ-ին անդամակցությունը միանգամայն ձեռնտու է Բելառուսին նաեւ տնտեսական առումով:
Սակայն չնայած դրան՝ Լուկաշենկոն չի դադարում Ռուսաստանին քննդատել եւ ամեն առիթով արտահայտել իր դժգոհությունը՝ դիմացը, ի վերջո, նորանոր արտոնություններ կորզելով իր երկրի համար: Մի բան, որ երբեւէ չի արվել Հայաստանի ղեկավարության կողմից: Ավելին՝ երբ անցած օգոստոսին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հայտարարեց, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, նրա կողքին կանգնած Սերժ Սարգսյանը չհամարձակվեց անգամ հեռավոր անհամաձայնության ակնարկ անել: Ավելին՝ Հայաստանի իշխող տնտեսաքաղաքական էլիտան շտապեց Պուտինի ասածը հաստատող ծիծաղելի պազաբանումներ մոգոնել՝ հայտարարելով, թե նա պարզապես «այլ մեթոդաբանություն» է կիրառել:
Այնպես որ, անկախությունը նախ եւ առաջ պետք է լինի մարդու, ղեկավարի, քաղաքացու ներսում: Իսկ եթե ղեկավարը ներքուստ ստրկամիտ է, ապա որեւէ հռչակագրով նա անկախ չի դառնա: