Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգեւատրվել են «Մխիթար Գոշ»-ի մեդալով:
Պարգեւի են արժանացել մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը:
Թե օրինականության ամրապնդման գործում ի՞նչ քայլեր են արել դատավորները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց նրանցից: Առավել եւս, որ դատական համակարգի եւ արդարադատության հանդեպ տարեցտարի անվստահությունն է՛լ ավելի է խորացել հանրության շրջանում:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյան
-Պարո՛ն Մարդանյան, մտավախություն չունե՞ք, որ նախագահականից ստացված պարգեւը կկաշկանդի Ձեզ արդար որոշումներ կայացնելիս: Ասել կուզի՝ Դուք «վերեւից» ուղղորդող զանգեր կստանաք:
-Ո՛չ, բացարձակապես: Ես չեմ էլ իմացել, որ ինձ պարգեւատրում են: Առաջին անգամ էլեկտրոնային լրատվամիոցներից մեկով եմ կարդացել:
-Ես ճի՞շտ հասկացա՝ Դուք չե՞ք իմացել, որ Ձեզ պարգեւատրել են:
-Ո՛չ:
-Անակնկալի՞ եկաք:
-Այո՛:
-Պարգեւը ինչպե՞ս են հանձնել:
-Պարգեւն այսօր (խմբ. երեկ) են հանձնել՝ Վճռաբեկ դատարանում: Նախագահի օգնական Ղուկասյանն է հանձնել միջոցառման ժամանակ:
-Մյուս գործիչներին իրենց պարգեւները նախագահականում են տրվել…
-Դե, չգիտեմ՝ որ կարգով է այդպես արվել: Գուցե ինչ-որ կանոնակա՞րգ կա…
-Ձեր ո՞ր արժանիքի կամ Ձեր կայացրած ո՞ր վճիռների ու գործերի համար արժանացաք «Մխիթար Գոշ» մեդալին: Պարգեւը հանձնելիս նշվե՞լ է:
-Դե, երեւի ամփոփում են բոլոր տարիների աշխատանքը: Դատավորի տույժերը՝ ունի, չունի… Ինչպես է աշխատել: Դրանք մեզ հետ չեն համաձայնեցնում, եւ մենք չենք կարող ասել՝ ինչ չափանիշներ են հաշվի առնում:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյան
-Պարո՛ն Դրմեյան, մտավախություն չունե՞ք, որ նախագահականից ստացված պարգեւը կկաշկանդի Ձեզ արդար որոշումներ կայացնելիս:
-Պարգեւը որեւէ կապ չունի հետագա գործունեության հետ: Երբ որ պարգեւը տրվում է, իրավունքի, արդարադատության եւ այլնի համար է տրվում: Ի՞նչը պիտի կաշկանդի… Վճռաբեկ դատարանում անձը միանձնյա չի գործում: Մենք տասը դատավորով ենք որոշում կայացնում:
-Այդ դեպքում ինչո՞ւ հենց Ձե՛զ պարգեւատրեցին:
-Վճռաբեկ դատարանում արդեն կան մեծ թվով անձինք, ովքեր ստացել են այդ պարգեւը տարիների ընթացքում: Երկու պալատներից էլ ունենք պարգեւներ ստացած դատավորներ: Թե ինչու որոշեցին տալ, չեմ կարող ասել:
-Ըստ Ձեզ՝ Ձեր ո՞ր արժանիքի համար պարգեւատրեցին: Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը:
-Ես ուղղակի ինձ լավ զգացի: Եվ գտնում եմ, որ այդ պարգեւը ոչ թե իմն է, այլ ողջ դատական համակարգինն է: Ու քանի որ ես լենինականցի եմ, «լոպազանամ»՝ ինձ թվում է՝ դատական համակարգն ավելի շատ բանի է արժանի: Այստեղ հզոր քայլեր են արվում: Ուղղակի շատ վատ է լուսաբանվում հանրության մեջ:
-Ասացիք ավելի շատ բանի: Դուք ե՞ւս կարծում եք, որ դատավորների աշխատավարձերը պետք է բարձրացվեն:
-Երբ ես տեսնում եմ՝ մեր ժողովուրդն ինչպես է ապրում… ես, անկեղծ ասած, դատավորներին հորդորում եմ՝ ժողովո՛ւրդ, համբերե՛ք, գլուխներդ կախ աշխատե՛ք: Բայց իրականությունը լրիվ ուրիշ բան է: Երբ նայում ենք՝ ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, չենք ուզում համեմատվել, բայց երբ ասում եք, որ պետք է պայքարել այդ ամենի դեմ, նաեւ պետք է դատավորին…
Մի հատ օրինակ բերեմ՝ Ամերիկայի Վճռաբեկ դատարանի նախագահը սիմվոլիկ 1 դոլար ավել է ստանում երկրի նախագահից: Բայց մեր տնտեսական վիճակից ելնելով՝ ես ինքս չեմ ակնկալում դա: Բայց ցանկալի է: Դա նաեւ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար է: Պատահում է, որ առաջին ատյանում դատավորը գործ է ունենում միլիոնավոր դոլարների հետ: Եվ նա պետք է ասի՝ հերն էլ անիծած, ես այնքան ապահովված եմ, որ իմ վճիռն արդար է լինելու:
-Որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք դատական համակարգում:
-Ավարտելուց հետո իրավաբան եմ աշխատել, 91 թվականից հանրապետության դատախազությունում, 99-ից՝ դատական համակարգում:
-Միշտ հավատարի՞մ եք մնացել Ձեր սկզբունքներին:
-Մի՛շտ:
-Եվ շարունակելո՞ւ եք:
-Այո՛, եղել եմ ու կամ հավատարիմ իմ սկզբունքներին:
Հ.Գ. Դեռեւս 2012 թվականին այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պաշտոնապես հայտարարեց, թե առաջիկա տարիներին հանրապետության արդարադատության նկատմամբ վստահությունը կբարձրանա: Մշակվել էր ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, որի նպատակն էր առնվազն կրկնակի նվազեցնել արդարադատության նկատմամբ անվստահության մակարդակը:
2012-ին դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կազմում էր 70-80 տոկոս, որը ծրագրով նախատեսվում էր կրճատել 30-40 տոկոսի: Ավաղ, ծրագիրն իր նպատակին չծառայեց, ու անվստահության մակարդակը, վստահորեն կարող ենք ասել, հատել է 100 տոկոսի ցուցանիշը: Սրա վառ ապացույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացվող անթիվ վճիռներն են: Իսկ մեզ մնում է պարզապես շնորհավորել պարգեւ ստացած դատավորներին:
Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ
Սեպտեմբերի 18-ին Երեւանում 42-ամյա Հարություն Գալստյանի (Կոնդեցի Հարութ) սպանությունը, կարծես, բացահայտված է: ՀՀ ոստիկանությունը երեկ պաշտոնապես հատնեց, որ պարզվել է` հանցագործությունը կատարել է 1982թ. ծնված Արտակ Հ.-ն:
Ըստ նույն աղբյուրի՝ սեպտեմբերի 20-ին Արտակ Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով: Ոստիկանության փոխանցմամբ` Արտակն ինքնակամ ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
«Ժողովուրդ»-ին դեպքի մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Նախ հիշեցնենք, որ նախնական քննության տվյալներով՝ Հարություն Գալստյանին դանակահարել են «Արամյանց» բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Մեր տեղեկություններով` Հ. Գալստյանի մահը վրա է հասել շտապօգնության մեքենայում: Դանակի շեղբը որոշ ժամանակ նրա մարմնի մեջ է մնացել, արյունահոսությունը չարագացնելու համար բժիշկները խուսափել են հանել այն: Մահից առաջ Հարություն Գալստյանն ասել է. «Ես մեռնելո՞ւ եմ»:
Ինչպես հայտնի է` Հարություն Գալստյանը «Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է: «Ժողովուրդ»-ը, հղում անելով սպանվածի հարազատներին, հայտնել էր, որ կատարվածը միջանձնային անհասկացվածության պատճառով է եղել, սպանվածի մերձավոր շրջապատից ասել էին, որ նա երբեւէ սոցիալական կամ այլ խնդիրներ չի ունեցել: Շրջապատում նրան ճանաչում են որպես հանգիստ բնավորությամբ, ընկերասեր մարդու:
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իրավապահ կառույցների իր աղբյուրներին, գրել էր, որ կատարվածի մեջ կասկածվում էր քրեական աշխարհում հայտնի Խռանի որդին: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չէր հաստատվել: Եւ դարձյալ մեր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանություն ներկայացած անձը 34-ամյա Արտակ Հովհաննիսյանն է` հենց Էդգար Հովհաննիսյանի (Խռանի) որդին:
Իսկ ով է Արտակ Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով` սույն անձը վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Այնտեղ դատապարտված է եղել: Մեղադրանքը հայտնի չէ: Կոնդեցիների խոսքով` Ա. Հովհաննիսյանն այնպիսի հանցանք է գործել, որ նրա հարազատներն ամաչում են բարձրաձայնել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հովհաննիսյանը Հայաստան գալուն պես իր զոհի մոտ աշխատանքի է անցել վերջինիս առաջարկությամբ: Դեպքի օրը ալկոհոլ են օգտագործել, ինչ-որ հին դեպք են վերհիշել, ու վիճաբանություն է սկսվել: Արդյունքում Արտակ Հովհաննիսյանը դանակահարել է Հարություն Գալստյանին:
Լուրեր կան նաեւ, որ Հովհաննիսյանի եղբայրներից մեկն այս պահին պատիժ է կրում Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ Հայաստանից այս ընտանիքը մեկնել է 90-ականներին:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ուժերին առաջարկել էր Վանաձորի ընտրություններում միասնական հանդես գալ: Այս առաջարկին նախօրեին արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր այն երեք պահանջները, որոնք բավարարելու դեպքում ՔՊ-ն խոստանում է՝ Վանաձորում ինքնաբացարկ հայտարարել հօգուտ «Լուսավոր Հայաստանի»: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. ««Քաղաքացիական պայմանագիր»-ը Վանաձորում հօգուտ «Լուսավոր Հայաստանի» ինքնաբացարկ կհայտնի, եթե՝ 1. «Լուսավոր Հայաստանը» հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։ 2. Որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով եւ չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։ 3. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15-ի սահմաններում, հանդես է եկել հայտարարությամբ, որով՝ 1. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել: 2. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով եւ չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել: Ժամը 18.00-ի դրությամբ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ չի ներկայացրել ԱԺ:
700 ԿՐԱԿՈՑ
Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը եւ սեպտեմբերի 21-ի տոնական օրը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց: Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (36 կրակոց):