Սեփական թիմի անդամներին իրավիճակային քաղաքական շահերին զոհաբերելու՝ Սերժ Սարգսյանի գործելաոճն ու դրա հետևանքները. նա վերջնարդյունքում մնում է մոսկվաբնակ կադրերի հույսին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ի թիվս այլ կարեւոր կադրային փոփոխությունների, հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Այս հրաժարականը բավականին անսպասելի էր: Բացի այն, որ մեր հավաստի տեղեկություններով, օրերս Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբոր եւ Սերժ Սարգսյանի միջեւ ՊԵԿ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը քննարկվել էր եւ ձեռք էր բերվել համաձայնություն, բացի այն, որ ընդամենը տասներկու օր առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շրմազանովը հրապարակավ գովում էր Հովսեփյանի աշխատանքը եւ հայտարարում, թե «ամեն ինչ անելու ենք, որ նրա սկզբունքային քաղաքականությունն այս ոլորտում շարունակվի», իրականում ՊԵԿ նախագահի աշխատանքից դժգոհելու առիթ չկար: Ավելին՝ հենց Հովսեփյանն էր այն առաջին ՊԵԿ նախագահը, որին աշխատակազմին ներկայացրեց անձամբ Սերժ Սարգսյանը՝ բավականին լուրջ վստահության քվե տալով վերջինիս:

Արդ՝ ինչպես պատահեց, որ մարդուն, ում ընդամենը յոթ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հրապարակավ վստահեց, իր իսկ ձեւակերպմամբ, մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, ում աշխատանքից հետագա ամիսներին մի քանի անգամ հրապարակավ հայտնեց իր գոհունակությունը, հիմա առանց որեւէ հստակ բացատրության հեռացնում է համակարգից:
Եթե Հ. Հովսեփյանը լավ չէր աշխատել, այդ դեպքում ինչու էր Սերժ Սարգսյանը հրճվանքով նշում, որ, օրինակ, ապրիլին եղել է 100 միլիարդ դրամի հավաքագրում, մի ցուցանիշ, որն ըստ նրա՝ աննախադեպ էր: Հովհաննիսյանի կողմից մաքսակետերում կատարված նկատելի փոփոխությունների մասին էին փաստում նաեւ տարբեր գործարարներ եւ անգամ շարքային քաղաքացիներ:
Եվ ուրեմն՝ եթե նա ազնիվ էր /ինչպես պնդում էր նույն Շարմազանովը՝ ասելով, որ Հովսեփյանը ոչին չի ներկրում Հայաստան եւ չի արտահանում, չունի այստեղ շահեր եւ հնարավորություն է տալիս ազատ մրցակցելու/, եթե նրա աշխատանքի արդյունքներից գոհ էր Սերժ Սարգսյանը, եւ եթե նա անում էր հնարավորը՝ իր ղեկավարած կառույցի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչպես կարելի էր նրան «զոհաբերել» հանուն Կարեն Կարապետյանի քմահաճույքի:
Իսկ եթե դա այդպես չէր, ապա սպասում ենք իշխանությունների պարզաբանումներին, թե ինչում էր ձախողել Հովսեփյանը:

Ի վերջո, սեփական թիմի անդամներին իրավիճակային քաղաքական շահերին զոհաբերելու՝ Սերժ Սարգսյանի հենց այս գործելաոճն է պատճառը, որ նա վերջնարդյունքում մնաց մոսկվաբնակ կադրերի հույսին:

Հ. Գ. «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հովսեփյանին կփոխարինի Կարեն Կարապետյանի նախկին տեղակալը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը:




Լրահոս