Սերժ Սարգսյանի հայտարարությունը ցույց տվեց, որ մինչ այս մեր երկրի պետական օղակները գործել են ոչ ներդաշնակ, և այդպիսի տրամադրություններ կան նաև այս կառավարությունում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակած եւ այդպես էլ կաբինետին չներկայացրած Սերժ Սարգսյանը երեկ, փաստորեն, որոշեց լրացնել այդ բացը եւ այցելելով կառավարություն՝ միանգամից հանդիպեց արդեն ողջ նորանշանակ կառավարության հետ: Նա նաեւ հանդես եկավ ելույթով, որում բավականին ուշագրավ ակնարկներ կային:

Խոսելով նոր կառավարության անելիքներից՝ Սարգսյանը նախ հայտարարեց, որ նոր Սահմանադրությամբ փոփոխվում է երկրի ամբողջ կառավարման համակարգը, ապա ընդգծեց. «Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը»: Թե ինչպես պետք է Կարապետյանի կառավարությունն առաջիկա 7 ամիսներին դառնա իրականացնողն այն փոփոխությունների, որոնք համաձայն նոր Սահմանադրության անցումային դրույթների, դեռ ուժի մեջ չեն մտել եւ սկսելու են կենսագործվել միայն հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո, հավանաբար միայն Սերժ Սարգսյանին է հայտնի: Հետեւաբար, նա այդպիսով ակնարկեց, որ սա 7 ամսվա կառավարություն չէ:

Այս կարեւոր ուղերձից հետո նա անցավ արդեն հաճոյախոսություններին. «Ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին»: Թե կոնկրետ ինչի վրա էր հիմնված Սերժ Սարգսյանի հավատը, այդպես էլ չներկայացվեց: Մինչդեռ եթե հիշում ենք, նա նույնկերպ հավատում էր երկրորդ եւ անգամ արդեն երրորդ սերնդի «բարեփոխումների հայր» Տիգրան Սարգսյանին, ապա՝ Հովիկ Աբրահամյանին, ում հրապարակավ «քարտ բլանշ» տվեց: Իսկ հիմա, պարզվում է, որ այդ կառավարությունները չեն հաջողել իրենց գործունեությունում: Բայց այդ մասին Սարգսյանը ասում է հպանցիկ եւ անցնում երաշխիքների հնչեցմանը.«Իհարկե, այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ»:

Սարգսյանի այս հայտարարությունից, փաստորեն, կարելի է եզրակացնել, որ մինչ այս մեր երկրի պետական օղակները գործել են ոչ ներդաշնակ, եթե չասենք՝ միմյանց դեմ: Իհարկե, նույն Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան մրցակցության փուլում՝ 2013-2014թթ., դա առավել քան տեսանելի էր: Եվ այն, որ հիմա Սարգսյանը նման հայտարարություններ է անում, փաստում է, որ այդպիսի տրամադրություններ կան նաեւ այս կառավարությունում: Այդ մասին էր, ի դեպ, խոսում նաեւ «չնեղանալու, չնեղսրտելու» մասին Սարգսյանի հորդորը, նաեւ զգուշացումը, որ վարչապետի կշտամբանքները անձնական բնույթ չեն կրելու: Արդյոք Սարգսյանի երաշխիքներն ու հորդորները հանգստացրին իրենից անհասկանալի սիմբիոզ ներկայացնող այս կառավարության բոլոր անդամներին, կերեւա առաջիկայում:




Լրահոս