Երբ ինձ տեսնում եմ էկրանին` զգում եմ, որ գիրացել եմ, կփորձեմ շտկել դա. Ագնեսա Շահնազարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստուհի, «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում այս տարի լավագույն դերասանուհի ճանաչված Ագնեսա Շահնազարյանը նոյեմբերին «Շատերից մեկը» մոնոներկայացմամբ հանդես կգա Գերմանիայում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց իր ստեղծագործական կյանքի ներկայիս փուլի մասին, պատասխանեց երկրպագուներին հուզող այն հարցին, թե արդյոք առաջիկայում մի շարք հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհուն կտեսնենք էկրաններին:

11709487_437749946397069_8935553282512318064_n

-Ագնեսա՛, թատերական կյանքում ի՞նչ նորություններ ունեք: Գիտենք, որ վերջին շրջանում Ձեր ժամանակի զգալի մասը տրամադրում եք մոնոներկայացումներին:

-Ես շարունակում եմ շրջագայել իմ մոնոներկայացումներով, արտերկրում մասնակցում եմ տարբեր փառատոների: Այդ առումով ստեղծագործական կյանքիս ընթացքից գոհ եմ: Ինձ համար պատվաբեր եւ հաճելի է դրսում ներկայացնել Հայաստանը: Նոյեմբերի 11-19-ը Գերմանիայում մասնակցելու եմ մրցութային փառատոնի, այնտեղ ներկայանալու եմ մայրիկիս` արձակագիր Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» մոնոներկայացմամբ (Հենց այս գործի համար «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում 2016-ին Ագնեսան դարձավ տարվա լավագույն դերասանուհի): Այն տրագիկոմեդիա է «տանը մնացած» աղջկա մասին: Գերմանիայում կմասնակցեմ փառատոնին արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ այնտեղ ներկայացել եմ Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» պիեսով: Առհասարակ, կարծում եմ` մոնոներկայացումը շատ ծանր, պատասխանատու, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր եւ հաճելի ժանր է: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ երբ ներկայացումը խաղացած ես լինում դրսում, հայ հանդիսատեսն ավելի շահագրգռված է լինում այն դիտել:

Կար ժամանակ, երբ հանդես էիք գալիս սերիալներում: Ընդ որում, հեռուստադիտողների կողմից Ձեր կերպարները բավական սիրվել էին: Հիմա նման նախագծերում ընդգրկվելու ցանկություն չունե՞ք:

-Այնպես չէ, որ չեմ ուզում նկարահանվել. իհարկե, ուզում եմ: Բայց դրա համար պետք է համապատասխան դեր առաջարկվի, իմ ուզած մոտեցումը ցուցաբերվի սերիալին: Թող որպես մեծամտություն չհնչի, բայց լուրջ, լավ առաջարկ որպես այդպիսին, դեռ չեմ ստացել, իսկ այդ պարագայում, կարծում եմ, իրավունք չունեմ ներկայանալու հանդիսատեսին: Երբ նշաձողդ հասցնում ես որոշակի բարձրության, այն այլեւս չպետք է իջեցնես: Գումար աշխատելն ու անընդմեջ էկրանին երեւալն անցողիկ են. մնում է արժեքը, որը ստեղծել ես: Հատկապես տարվա լավագույն դերասանուհի ճանաչվելուց հետո ինձ էժան գնահատելու իրավունք է՛լ չունեմ: Խոսքը ֆինանսի մասին չէ, այլ գործի որակի:

-Ստեղծագործական կյանքի այս փուլը ինչպե՞ս կբնութագրեք:

-Ես աշխատող տեսակ եմ, եթե չաշխատեմ, կհիվանդանամ: Հիմա փորձում եմ կայանալ ուրիշ ասպարեզում, ձգտում եմ ինձ ռեալիզացնել ուրիշ գծով: Խոսքը հեռուստատեսային նախագծի մասին է, որի շրջանակում արդեն ես որպես դերասանուհի չեմ ներկայանա: Տեսնեմ` որքանով կստացվի:

maxresdefault

-Հնարավո՞ր է` Ձեզ որպես հաղորդավարուհի տեսնենք:

-Ո՛չ, ես ինձ այդ դերում չեմ պատկերացնում: Լինել դերասան դեռ չի նշանակում, որ կարող ես նաեւ հաղորդավարուհի լինել: Ինձ էկրանին դեռ չեք տեսնի:

-Այսինքն` Ձեզ չենք տեսնի, այլ Ձեր կատարած աշխատանքը:

-Այո՛:

-Իսկ գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ ունե՞ք:

-Հանդես եմ եկել մի երկու փոքրիկ էպիզոդիկ դերերում, բայց գլխավոր դերում` ոչ: Անկեղծ ասած` այժմ երբ ինձ տեսնում եմ էկրանին, զգում եմ, որ գիրացել եմ, «ֆորմայից» ընկել եմ: Ուստի ոչ ոքի չեմ մեղադրում, որ ինձ քասթինգի չեն հրավիրում: Արտաքինս բարձիթողի վիճակում է… Իմ մասնակցությամբ ֆիլմից մի էպիզոդ նայեցի, ասացի. «Աստված ջան, լա՜վ էլի»: Պետք է փորձեմ շտկել այդ թերությունը:

1399447562_5368db01cdfb5_medium

-Մեր խոսակցությունը սկսեցինք թատրոնով, ավարտենք կրկին թատրոնով: Հայ թատրոնի թիվ մեկ խնդիրն այսօր ո՞րն է:

-Խնդիրը հայ թատրոնինը չէ, այլ պետությանը: Մարդիկ սոցիալական վատ վիճակի մեջ են, հացի խնդիր ունեն լուծելու, թվում է` նրանց աչքին ոչինչ չպետք է երեւա… Եվ, չնայած այդ ամենին, այս խեղճուկրակ ժողովուրդը դեռ այցելում է թատրոն: Ուրեմն անհրաժեշտ է նախեւառաջ լուծել մարդկանց սոցիալական խնդիրները, հետո անցնել մյուս հարցերին…

Աննա Բաբաջանյան




Լրահոս