ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե ի՞նչ ժամկետով է աշխատակցի հետ կնքվում առողջության ապահովագրության պայմանագիրը, եւ ե՞րբ է այն ուժի մեջ մտնում: Եվ կցանկանայի իմանալ՝ եթե աշխատողը տվյալ բյուջետային տարում չի օգտվում սոցիալական փաթեթով իրեն հասանելիք գումարից, ապա ի՞նչ են լինում այդ գումարները:
Ռուզաննա Սիմոնյան (49 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական ընկերությանն ապահովագրավճարի կամ դրա՝ պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Պայմանագրով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, օրինակ՝ եթե աշխատողը 2013 թվականին առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել հունիս ամսին, ապա նոր պայմանագիրը կարող է կնքվել, օրինակ, փետրվարին, սակայն այն ուժի մեջ է մտնում հունիս ամսին՝ նախորդ պայմանագրի գործողության դադարման օրը:
Հայտնում ենք նաեւ, որ սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ, այսինքն՝ պահպանվում եւ կուտակվում են բանկում բացված սոցփաթեթի հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու համար սոցիալական փաթեթի շահառուն պետք է դիմի առողջության առաջնային պահպանում իրականացնող այն բժշկական կազմակերպություն, որտեղ նա սահմանված կարգով գրանցված է: Ի դեպ, սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին՝ երեք եւ ավել ամիս գործուղման մեկնելու դեպքերում՝ այդ ժամանակահատվածի համար: