Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիայի միջնորդական դերի հնարավոր ակտիվացումը: Այս մասին հոկտեմբերի 20-ին մշտական բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
Նա նշել է, որ դեռևս ԱԳՆ-ն տեղեկություններ չունի Թուրքիայի նման ակտիվացման հնարավորության մասին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ֆորմատի փոփոխության մասին մենք դեռևս տեղեկություններ չունենք և չենք լսել, որ նման քննարկումներ լինեն փորձագետների շրջանում, ովքեր զբաղվում են այդ խնդրով»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Ինչ վերաբերում է որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ Թուրքիայի դերի փոփոխությանը, ապա ողջունելի է, որ Մինսկի խմբի անդամներն իսկապես կառուցողական դեր խաղան հակամարտության կարգավորման հարցում»,-ընդգծել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: