ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 13-ին բանակցություններ կանցկացնի ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը Ռուսաստան նախատեսված է հոկտեմբերի 12-15-ը՝ Լավրովի հրավերով։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի ղեկավարների՝ Կազանում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Քննարկումների օրակարգում կլինեն միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնումը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում էներգետիկ ոլորտի կայունության ապահովումը, նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության խորացումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև սոցիալ-մշակութային համագործակցությունը։
Այցի շրջանակում ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ և բանակցություններ կունենա նաև ՌԴ արտակարգ իրավիճակների, գիտության և բարձրագույն կրթության, գյուղատնտեսության, թվային զարգացման և էներգետիկայի նախարարությունների ղեկավարության հետ։
Անի Վարդանյան




























