Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կանցլերի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կանցլեր և արտաքին գործերի նախարար Ալբրեխտ ֆոն Բեզըլագերի հանդիպումը, ով Հայաստան է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի գլխավորած պատվիրակության կազմում:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Մալթայի Մարտական Ուխտի միջև հաստատված բարեկամական հարաբերություններին և քննարկեցին դրանց զարգացմանն ուղղված քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դեռևս միջնադարում Կիլիկիո Հայոց Թագավորության և Ուխտի միջև հաստատված սերտ փոխգործակցությունը պատմական և մշակութային ամուր հիմք է հանդիսանում համագործակցության ընդլայնման և ամրապնդման առումով: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը։

Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը վստահություն հայտնեց, որ Մալթայի Ուխտի մեծ վարպետի պետական այցելությունը Հայաստան նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։

Էդվարդ Նալբանդյանը և Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրները, Մերձավոր Արևելքում իրավիճակը, սիրիական ճգնաժամը։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, որոնք հետ գցեցին խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Միաժամանակ, նախարար Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին:




Լրահոս