Ավելի ինքնանվաստացնող և ինքնաոչնչացնող արձանագրում ՀՀԿ-ի համար դժվար էր պատկերացնել. Գալուստ Սահակյանի «խոստովանանքը». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ զրույցում իր մտքի հերթական «գոհարներն» է շաղ տվել: Նախ նա հայտարարել է. «Մենաշնորհը ցանկալի երեւույթ է պետության համար, բոլոր պետություններում է այդպես, բայց այդ մենաշնորհը պետք է իրական լինի»: Դժվար է ասել, թե իր տնտեսագիտական գիտելիքները Գրիգորիչը որտեղից է քաղում, բայց, վստահաբար, Աժ նախագահի դասախոսությունները՝ հատկապես ցանկալի մենաշնորհների ձեռք բերման թեմայով, պահանջված կլինեն ՀՀԿ քաղաքական դպրոցում:

17 տարի իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ փոխնախագահը նաեւ խոստովանել է. «Մշտապես մտածել ենք այնպես անել, որ բոլոր մարդիկ, ովքեր ուզում են ներմուծել կամ արտահանել, հանգիստ ճանապարհով կարողանան այդ խնդիրը լուծել»: Տեսնես՝ ով չի թողել իշխող ՀՀԿ-ին դա անել, ով է ստիպել, որ նրանք ներմուծման կամ արտահանման «հանգիստ ճանապարհը» բացառապես մի քանի կուսակից օլիգարխներին հայտնեն, որպեսզի վերջիններս էլ կարողանան մարդա մի-մի «իրական եւ ցանկալի մենաշնորհի» տեր դառնալ: Բայց ինչպես ավետել է Գրիգորիչը. «Այդ առումով շատ շուտով բավականին լուրջ դերակատարում կունենա նաեւ կառավարությունը»: Ասել է թե՝ երկրիս 2-րդ դեմքը պաշտոնապես հայտարարել է, որ մինչ այս գործած կառավարությունները որեւէ դերակատարում չեն ունեցել մաքսային հարցերում: Այն, որ դա մեծ հաշվով այդպես է եղել, քչերն էին կասկածում: Բայց ինչ կարիք կար այդ մասին այդքան մերկապարանոց հայտարարելու: Ի վերջո, կան ֆորմալ իրողություններ, որոնց հանդեպ գոնե ֆորմալ հարգանքը «ցանկալի երեւույթ է պետության համար»:

Սակայն ինչպես գիտենք՝ «մաեստրոն» բավականին անբռնազբոսիկ է իր արտահայտություններում եւ երբեմն իրեն անգամ թույլ է տալիս սեփական երազանքները ձեւակերպել որպես ողջ ժողովրդի երազանք: Երեկ, օրինակ, արձագանքելով հարցին՝ արդյոք Կ. Կարապետյանը ժողովրդի երազած վարչապետն է, Սահակյանն ասել է. «Մեր ժողովուրդը չի երազում ԱԺ նախագահներ, վարչապետներ ունենալու մասին, ժողովուրդը ընդամենը ուզում է կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել, այ, սրա մասին է մեր ժողովրդի երազանքը»:

Փաստորեն, Գ. Սահակյանի ընկալմամբ՝ մեր ժողովուրդը ընդամենը կուշտ լինելու մասին է երազում: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ցանկանում, ոչ թե ձգտում, այլ հենց՝ երազում: Ավելի ողբերգական հայտարարութուն ՀՀ-ի որեւէ պաշտոնյա մինչ օրս չէր արել: Ավելի ինքնանվաստացնող եւ ինքնաոչնչացնող արձանագրում ՀՀԿ-ի համար դժվար էր պատկերացնել: Այդ ինչ օրն եք հասցրել ժողովրդին, որ կուշտ լինելը նրա համար դարձել է երազանք, եւ հիմա էլ էդպես հանգիստ կանգնում, կամերաների առջեւ ասում եք: Բայց պետք է հիասթափեցնենք իր երազանքները ուտելով չափող եւ ուտելու մասին ձեւակերպողներին. մեր ժողովրդի երազանքները շատ վեհ են ու բարձր: Ձեր ճարպակալած, կուշտ, բայց այդքա՛ն անկուշտ ուղեղներին, սակայն, այդ երազանքները հասու չեն:




Լրահոս