Հարց քաղաքացիներից` որքան է կազմում բնակարանների սպասարկման վարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակարանների սպասարկման վարձը 1մ2-ի համար Երեւան քաղաքում սահմանված էր 10 դրամի չափով եւ շարունակում է այդպես մնալ: Հիմա կամայականորեն մի շարք շրջանների ղեկավարներ այն դարձրել են 15 դրամ, (Հարավ-արեւմտյան զանգված), մի ուրիշ շրջանում՝ 20 դրամ (Շենգավիթ համայնքում): Մեղք չեն արդյո՞ք գործարանային այդ շրջանի գործազուրկ եւ աղքատ բնակիչները, որոնք ոչ մի շոշափելի սպասարկում չեն տեսել: Ի՞նչ իրավունքով են, ըստ իրենց ախորժակի, որոշ համայնքապետեր կամայականորեն վճարը 10-ից դարձրել 20 դրամ:
Կան բնակիչներ, որոնք չեն ստորագրել համատիրության անդամ լինելու առաջարկը՝ զգալով դրա անկատարելիությունը, եւ հիմա նրանք էլ են պատժվում: Խնդրում եմ պարզել այդ կարեւոր սոցիալական խնդիրը:

(Արայիկ Հայրապետյան, 44 տարեկան, Երեւան քաղաքի բնակիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի համար վճարվող գումարների չափը որոշվում է ոչ թե վարչական շրջանների աշխատակազմերում, այլ այն որոշվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջին համապատասխան, տարեկան բյուջե կազմելու միջոցով, որը կազմվում է շենքը կառավարող համատիրության կողմից եւ հաստատվում շենքի սեփականատերերի ժողովի միջոցով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ շենքի կառավարման մարմինն ընթացիկ տարվա բյուջեն կազմում է նախահաշվի հիման վրա: Նորընտիր շենքի կառավարման մարմինը շենքի բյուջեի բացակայության դեպքում ընտրվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, ներկայացնում է ընթացիկ տարվա բյուջեի նախագիծը: Ժողովի կողմից մեկամսյա ժամկետում բյուջեի նախագիծը չընդունվելու դեպքում պարտադիր նորմերի գծով համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար սահմանված անհրաժեշտ վճարների հիման վրա հաշվարկվում է նոր բյուջե, որը կառավարման մարմնի հաստատելուց հետո համարվում է ընդունված, ինչի վերաբերյալ շենքի կառավարման մարմինը երկօրյա ժամկետում ծանուցում է շենքի սեփականատերերին:




Լրահոս