ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ անցկացրեց «Մրցակցության օրենք եւ քաղաքականություն» թեմայով քննարկում: Ներկա էին 3 տասնյակից ավել գործարարներ, որոնք հանդիսանում են հայկական շուկայում արդյունավետորեն զարգացող մի շարք ոլորտների առաջատարներ:

Նշենք, որ մեր երկրում օտարերկրյա կապիտալով բիզնես գործունեություն իրականացնող գործարարները ներկայացնում են հիմնականում կոնյակի, գինու, շինանյութի, տնտեսական ապրանքների, մանրածախ առեւտրի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակը գործարար-ՏՄՊՊՀ արդյունավետ համագործակցության ընդլայնումն է, ինչպես նաեւ քննարկման միջոցով մրցակցային դաշտին առնչվող խնդիրների վերհանումն ու կանխարգելումը: ՀՀ ՏՄՊՊՀ-ն նաեւ ուսումնասիրություններ է իրականացրել եւ պարզել, որ տասնյակ շուկաներում հայտնվել են նոր բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողներ:
Ի դեպ, ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը ուսումնասիրելու նպատակով Հանձնաժողովը ընտրանքային կարգով վերլուծություն է իրականացրել մի շարք առաջնային սպառման շուկաներում: Ըստ այդմ, մրցակցային միջավայրը տարեցտարի էապես բարելավվել է, ինչի վկայությունը տասնյակ ոլորտներում նոր տնտեսվարողների թվի աճն է:
Հանձնաժողովի կողմից դիտարկվել են մսամթերքի, մանկական սննդի, կարագի, մարգարինի, ձեթի, բրնձի, շոկոլադի, սուրճի եւ մի շարք այլ շուկաներ: Պարզվել է, որ նշված շուկաներում արձանագրվել է կենտրոնացվածության մակարդակի նվազում, այսինքն՝ ի հայտ են եկել նոր տնտեսվարողներ, ինչով պայմանավորված՝ տասնյակ ոլորտներում խորացել է մրցակցությունը: Օրինակ՝ եթե 2011 թվականին կարագ ներմուծող 3 խոշոր տնտեսվարողները զբաղեցնում էին շուկայի ընդհանուր կառուցվածքի 91 տոկոսը, այսօր արդեն այդ ընկերությունների ընդհանուր մասնաբաժինը նվազել է մինչեւ 75 տոկոս: Կարագ ներմուծող ընկերությունների թիվը հասել է շուրջ 30-ի: Նույն պատկերն է նաեւ ՏՄՊՊՀ-ի կողմից դիտարկված բոլոր շուկաներում՝ լուծվող սուրճի, շոկոլադի, բրնձի, մանկական սննդի եւ այլն:
Գործարար համայնքի հետ քննարկմանը Հանձնաժողովը հայտարարեց, որ այս տարի hամաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն` Հայաստանի մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է: Այս տարի մեր երկրում մրցակցային միջավայրի բարելավվման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց: Մասնավորապես, մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով գրանցվել է վերջին 10 տարիների ամենաէական առաջընթացը: Աշխարհի 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ մեր դիրքերը բարելավվել են միանգամից 28 կետով:
Ի դեպ, Հայաստանը այս ցուցանիշով զգալիորեն գերազանցում է ԱՊՀ անդամ բոլոր պետություններին, ինչպես նաեւ տարածաշրջանի եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների: Օրինակ՝ Ադրբեջանը զբաղեցնում է 74-րդ, Վրաստանը՝ 76-րդ, Լիտվան՝ 77-րդ, Ուկրաինան՝ 99-րդ, Ռուսաստանի Դաշնությունը՝ 59-րդ հորիզոնականը եւ այլն: Գործարար համայնքի հետ քննարկմանը ՏՄՊՊՀ-ի կողմից հայտարարվեց նաեւ, որ 11 կետով առաջընթաց է արձանագրվել հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշի գծով. Հայաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը: Մինչդեռ, ՌԴ-ը գտնվում է 82-րդ, Սլովակիան՝ 86-րդ, Ռումինիան՝ 101-րդ, Վրաստանը՝ 114-րդ, Մոլդովան՝ 134-րդ, Ուկրաինան՝ 136-րդ, Ղազաղստանը՝ 83-րդ հորիզոնականներում:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ գործարարների համար հավասար մրցակցային պայմանների ապահովումը իրենց գործունեության առաջնահերթությունն է: «Մեզ համար շատ ուրախալի է մեր երկրում տարեցտարի նոր հիմնադրվող օտարերկրյա բիզնեսների թվի աճը: Ընդ որում, ինչպես փաստում են մեր ուսումնասիրությունները, ներդրողներին հետաքրքրում են ամենատարբեր ոլորտներ, մանրածախ առեւտրից սկսած մինչեւ հյուրանոցային բիզնես, որն, ի դեպ, վերջին տարիներին բավականին հաջողությամբ զարգանում է: Մեզ համար կարեւոր է, որպեսզի Հայաստանի հետ տարեկան ավելի քան 1.5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունեցող ԵՄ անդամ երկրների ներդրողները եւ արտահանող գործարարները վստահ լինեն, որ ՀՀ մրցակցային մարմինը պատրաստ է յուրաքանչյուր գործարարի աջակցել՝ առանց խոչընդոտների եւ հավասար պայմաններով բիզնես գործունեություն իրականացնելու հարցում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս